Change.org հարթակում միջնորդագիր է բացվել, որում ֆուտբոլասերները կոչ են արվում ՈՒԵՖԱ-ին Բաքվում նախատեսվող Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղափոխել Լոնդոն:
Միջնորդագրի տեքստում նշվում է, որ ի թիվս բազմաթիվ և աննախադեպ լոգիստիկ հարցերի, որոնք խոչընդոտում են Չելսիի և Արսենալի մեծ թվով երկրպագուների այցը Եվրոպայի լիգայի եզրափակչին, ՈՒԵՖԱ-ի այդ որոշումը՝ խաղն անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ստիպել է Արսենալի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դուրս մնալ թիմի հիմնական կազմից, քանի որ վտանգ կար, որ հայ ադրբեջանական երկարատև հակամարտության պատճառով նրան Բաքվում կարող են վնաս հասցնել:
«ՈՒԵՖԱ-ն այդ որոշմամբ անամոթաբար առաջնահերթություն է տալիս շահին՝ դրան ստորադասելով գեղեցիկ խաղի մաքրությունը և ֆուտբոլիստների անվտանգությունը: Եվ չնայած հասկանալի պատճառներով այս միջնորդագիրն իրականանալի չէ, այն կոչ է անում ՈՒԵՖԱ-ին գիտակցել իրենց որոշման նողկալի հետևանքները և որոշում կայացնել՝ եզրափակիչը Բաքվից տեղափոխելու Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ»,- ասվում է միջնորդագրի տեքստում:
Նյութը հրապարակելու պահին միջնորդագրին ուներ մոտ 12 հազար ստորագրություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ