Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդական» գործիքը կարող է մաշվել

Մայիս 24,2019 10:00

«Վեթթինգը» սկսվել է, ժողովուրդ ջան: Ով ինչ «մատերիալ» ունի այս կամ դատավորի վրա, թող հրապարակի: Ով ինչ մուռ ունի՝ դատարանի այս կամ այն որոշումից դժգոհ լինելով, եկել է մուռ հանելու ժամանակը: Բայց ինչո՞ւ միայն դատավորների: Կաշառակեր քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, մաքսավորներ եւ այլն չե՞ն եղել:

Սակայն, եթե անգամ ենթադրենք, որ խոսքը միայն դատավորների մասին է, ապա պետք է հաշվի առնել, որ «վեթթինգը» կապ չունի մատնագրեր գրելու հետ: Դա հատուկ, մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «ատեստավորում է»՝ պարզ եւ նախօրոք հրապարակված չափանիշներով, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մեխանիզմներով: «Ժողովրդական վեթթինգ» գոյություն չունի:

Իսկ կա՞ն արդյոք անաչառ, հստակ կողմնորոշում չունեցող իրավաբաններ, որոնք կարող են մաս կազմել այդ հանձնաժողովի: Խիստ կասկածում եմ: Տվեք որեւէ անուն, եւ ես երկու րոպեում կգտնեմ նյութեր, որոնք ապացուցում են նրա կողմնորոշումը: Ուրիշ հարց, որ իշխանամետ կողմնորոշում ունեցողներին կարող են ներկայացնել իբրեւ անաչառ, եւ այդ դեպքում դատավորներին դատելու են կուսակցական «տրոյկա»-ները:

Ի դեպ, ճիշտ նույն ձեւով չկա չկողմնորոշված լրագրող: Ես, օրինակ, կողմնորոշված եմ Ռոբերտ Քոչարյանի դեմ (ցանկացած նորմալ լրագրող, կարծում եմ, նույն զգացմունքները պետք է ունենա ազատ խոսքը չհանդուրժող ղեկավարի դեմ), բայց փորձում եմ լուսաբանումներում պահպանել հավասարակշռությունը: Ես չեմ կարող, հետեւաբար, անաչառ լինել Քոչարյանին ազատություն շնորհած դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ: Բայց ես չեմ որոշում ոչ մեկի ճակատագիրը, իմ գրածները կարող են ընդհանրապես բանի տեղ չդնել: Մինչդեռ «վեթթինգի» հանձնաժողովը որոշելու է դատավորների ճակատագիրը, եւ դրա նկատմամբ պահանջները պետք է շատ խիստ լինեն:

Դատավորների ճակատագիրը չի կարող որոշել «ժողովուրդը»: Դատավճիռը ճիշտ է, թե սխալ՝ նույնպես ժողովրդական հանրաքվեի հարց չէ: Ով պետք է լինի տվյալ բուհի ռեկտորը՝ դարձյալ չպիտի որոշի «ժողովուրդը», տվյալ դեպքում՝ ուսանողները, կամ ավելի ճիշտ՝ առավել բարձր գոռացող ուսանողները:

Եվ ընդհանրապես՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար պետք չէ անընդհատ օգտագործել «ժողովրդական» գործիքը՝ այն կարող է մաշվել, սպառվել, բթանալ: Այդ գործիքը պետք է պահել հատուկ դեպքերի համար: Ժողովուրդն իր գործն արել է՝ հեղափոխություն է իրականացրել, արդար ընտրություններով ընտրել է խորհրդարան, որը ձեւավորել է կառավարությունը: Հիմա այդ երկուսը՝ խորհրդարանն ու կառավարությունը թող բարի լինեն իրենց տրված լիազորությունների սահմաններում կատարեն ընտրողների միանշանակ արտահայտած կամքը: Եվ դրա համար պետք չէ ո՛չ ուղարկել մարդկանց ինչ-որ ակցիաներ անելու, ո՛չ էլ դրդել նրանց մատնագրեր գրելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Թե ուզում ես դուրս գաս իմ թեւի տակից, բարի եղիր ինձ քո հողից մի լավ կտոր թողնես, ես էլ քո թողած հողի ժողովրդին մեր անձնագրերը կբաժանեմ ու էդ ժողովուրդը իմ բազմազգ ժողովրդի մի մասը կդառնա, հետո եթե էլի թպրտաս, աջից ձախից էլ կճնշեմ ու մնացած շրջաններն էլ աջից ձախից կփրկեմ ու թեւիս տակ կառնեմ: Պեռվիյ պաշոլ: Յե՛սծ պատասխանեցին գեներալ մինյոնները: Հիմա ժողովրդավարության ու հակաժողովրդավարության կռիվ է գնում, կամ մենք կօգնենք Հյուսիսի ժողովրդին գալ իշխանության սեփական երկրում, կամ էլ կլինի այն, ինչը գրեցի վերեւում: Դրա համար պետք է բոլոր ժողովրդավարական հետխորհրդային երկրներով միավորվենք ու հզոր ուժ կազմենք, որ կարողանանք փրկել մնացած հետխորհրդային ժողովուրդներին, այդ թվում նաեւ մեր բարեկամ Հյուսիսի ժողովրդին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031