Հայաստանյան ներքաղաքական զարգացումները կապվել են Արցախում պատերազմի բռնկման հավանականության հետ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, որի մասին օրերս կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում», ասել է Տոնոյանը: Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին նա այսպես է արձագանքել. «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»:
Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե՝ «կան այնպիսի ուժեր եւ գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»։ Նա ասել էր, որ վերլուծելով իրավիճակը, դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:
Պատերազմի թեման, առհասարակ, կարծես, գործող իշխանության ներկայացուցիչների կողմից օրակարգի ամենաքննարկվող թեման է դարձել։ Անցյալ շաբաթ ռուսաստանյան լրատվամիջոցներին Երեւանում տված հարցազրույցում Փաշինյանը նշեց, որ նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի։ Ուշագրավ էր, որ Փաշինյանը ակնարկեց, թե չի կարծում, որ պետք է արագացնել բանակցային գործընթացըգ «Մենք այն չենք արագացնի, բայց չենք էլ դանդաղեցնի։ Խնդիրը կա եւ այդ խնդրի մասին պետք չէ մոռանալ»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ Արցախի ճանաչման հարցը շատ զգայուն հարց է եւ միշտ եղել է օրակարգում եւ այստեղ հիմնականը Հայաստանի հարաբերություններն են միջազգային հանրության հետ։ Ապա` նաեւ հավելել էր, որ լարվածությունը Ղարաբաղում կարող է Իրաքից եւ Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան. «Դուք տեսնում եք՝ ինչ լարված իրավիճակ է Իրանի շուրջ, եւ այդ լարվածությունը շարունակում է աճել։ Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլեւս տեղ չունեն Սիրիայում եւ Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Ըստ երեւույթին, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախի ուղղությամբ, Փաշինյանը պատերազմի բռնկման վտանգը ցույց է տալիս որպես ամենահավանական տարբերակ ներկա փուլում՝ հույս հայտնելով, որ դա գիտակցում են եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Իրանում։
Մինչ Հայաստանում քննարկվում է Փաշինյանի կողմից «Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողությունների» աղմկահարույց թեման՝ Ադրբեջանում, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, որսացել են «հարմար պահը»։
Բաքվից արդեն կոչ են անում օգտվել Փաշինյանի նշյալ հայտարարություններից եւ ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ: Օրինակ, Minval.az-ն իր խմբագրականում եզրակացնում է. «…Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ բանակցությունների ձգձգումը Հայաստանի օգտին չէ, բացի այդ քաղաքացիական պատերազմի վտանգը Հայաստանում մեծացնում է հայկական ուժերի պարտության հավանականությունը եւ դրա համար էլ, դրանից խուսափելու համար, նա նախապես ապագա պարտության մեղավորներ ուզում է նշանակել իր հակառակորդներին…»։ Ադրբեջանական մամուլը արդեն գրում է, որ Հայաստանը գտնվում է «քաղաքական քաոսի մեջ», ու վարչապետի վերոնշյալ հայտարարություններին դժվար թե հավատան, իսկ դա, նրանց մատուցմամբ՝ նշանակում է, որ «Ադրբեջանը պետք է պատրաստ լինի գործողությունների ցանկացած սցենարի, այդ թվում նաեւ կայծակնային սպեցօպերացիայի իրականացմանը, ազատագրելու համար Ղարաբաղի թե դաշտային, եւ թե լեռնային հատվածները…»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին ժամանելու են տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Նիկոլ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաքում, որտեղ անցնելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, ինչպես նաեւ՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովի շրջանակներում։
Հայաստանն ակնհայտորեն, չի բացառում պատերազմի բռնկման վտանգը, թեեւ միջնորդ պետությունները բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ աշխատում են:
Այնպես է ստացվել, որ հայաստանյան ներքաղաքական զարգացումները կապվել են Արցախում պատերազմի բռնկման հավանականության հետ: Դրանք միմյանցից տարանջատելու համար մեծ ջանքեր կպահանջվեն, եթե, իհարկե, Հայաստանի քաղաքական էլիտան մտադիր է դրանք տարանջատել: Ու դեռ պարզ էլ չէ՝ ո՞ւմ էր ձեռնտու նման զարգացումներն ու այդ թեմաների տիրաժավորումը, որը ողջ ուժով եւ նախանձելի հետեւողականությամբ իրականացվեց ու դեռ շարունակում է իրականացվել:
Ադրբեջանին, կարծես, այլ «նվեր» հնարավոր չէր մատուցել…
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 23.05.2019
Լրագրող, իսկ եթե չգիտեք, թե ում էր ձեռնտու պատերազմ հրահրելը, ինչու հոդվածից այնպիսի տպավորություն եմ ստանում, կարծես հենց առաջին տողերից դրանում մեղադրվում են ՀՀ իշխանությունները? Դա լրագրողի վրիպում էր, թե մտածված наводка? Տրամաբանորեն, ամենաքիչը հենց ՀՀ իշխանություններին կարելի է կասկածել պատերազմ հրահրելու ցանկության մեջ։