Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ կերպ Շուշի եկողների գլխին զենիթահրթիռային ու հրետանային կարկուտներ են տեղալու»

Մայիս 24,2019 15:00

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

– Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանք հնչեցրեց, այսպես ասած, նախկինների հասցեին, որ խժդժություններ հրահրելով` Արցախի հարցում փորձում են զիջումների գնալ`պատասխանատվությունը դնելով իր իշխանության վրա: «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- մասնավորաբար ասել էր վարչապետը: Ինչպե՞ս եք սա գնահատում, նախկին նախագահներից, ըստ Ձեզ, կոնկրետ ո՞ւմ է ուղղված մեղադրանքը: Սրանք քաղաքակա՞ն հայտարարություններ են, թե՞ պատկան մարմիններն անուշադրության չպետք է մատնեն այս հայտարարությունը:

– Եթե Փաշինյանն իրականում նման վտանգ է տեսնում, կամ տեսել, ապա դրա մասին ոչ թե պետք է հայտարարի, այլ անհապաղ գործողություններ ձեռնարկի ու փաստարկված, հիմնավորված, ապացուցված բացահայտումներ անի: Այլապես, մենք գործ կունենանք հերթական քաղաքական հայտարարության հետ, որի նպատակը էմոցիոնալ ֆոն ստեղծելն է: Ես բացառում եմ, որ մեր երկրում՝ Հայաստանում լինի, թե առավել եւս Արցախում, կա որեւէ մեկը, ում հասցեին կարելի է նման մեղադրանք հնչեցնել: Որքան էլ մեր քաղաքական հայացքները չհամընկնեն Փաշինյանի կառավարության գործունեության հետ՝ Արցախի հարցում մենք մի ճանապարհ ունենք բոլորս միասին: Սխալ եմ համարում, նմանատիպ հայտարարություններ անելը: Դրանք խաթարում են հանդուրժողականության մթնոլորտը, դա օդում կախված բազմաթիվ հարցեր է առաջացնում, որը ձեռնտու է միայն թշնամուն: Ադրբեջանական մամուլն արդեն ծաղրում է մեզ, մեր միասնականության կոչերը, Արցախի հարցում մեր հավաքական մոտեցումները: Կոռուպցիայի դեմ պատերազմ է հայտարարել, շատ լավ է արել, բայց այդ հարցում մաքիավելիականությունն անթույլատրելի է: Արցախի հարցի շահարկումը՝ քաղաքական ընդդիմախոսներին անհիմն մեղադրելու նպատակով, համարում եմ նույնքան վտանգավոր, որքան որ այսպես կոչված «դավադիր պատերազմ» հրահրելու թվացյալ հավանականությունն է:

– Նույն ելույթում վարչապետն ասաց նաեւ, որ հասունացել է անհրաժեշտությունը` 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու: Վարչապետը հիշեցնում էր այն խոսակցությունները, որ պատերազմական գործողությունները «պայմանավորվածության» արդյունք էին, որ զինվորներին նահանջի հրահանգ է տրվել, որ զենք, զինամթերք եւ մի շարք այլ բաներ առաջնագծում չեն եղել: Սա, արդեն կոնկրետ վերաբերվում է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը: Մտահոգվելու կարիք ունի՞ նախկին իշխանությունը:

– Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ «պայմանավորվածության» մասին խոսողը պետք է կարողանա հիմնավոր կերպով ասել թե ո՞վ, ու՞մ հետ, եւ ի՞նչ է պայմանավորվել: Դա անհեթեթություն է, հիվանդ երեւակայության արդյունք: 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից ամմիջապես հետո, 5-րդ գումարման Ազգային ժողովը հրավիրել էր պաշտպանության նախարարին` դռնփակ ռեժիմով քննարկելու ստեղծված իրավիճակը եւ առկա պրոբլեմները: Այդ ժամանակ ես պատգամավոր էի, եւ պետք է ասեմ, որ երկար քննարկումներում մանրամասն անդրադարձ է կատարվել բոլոր հարցերին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ այսօրվա խորհրդարանը եւս անդրադառնա այդ հարցին, դա պատգամավորների իրավունքն է: Ամբողջ հարցը նրանում է, թե որքանո՞վ է հնարավոր լինելու ճշգրիտ ու մասնագիտական հետեւություններ անել: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հստակեցվեն հարցադրումները, որոնց շուրջ պետք է տեղի ունենան քննարկումները: Օրինակ, ինչպես նշեցիք ձեր հարցում, մինչեւ այսօր պտտվում է այն սխալ վարկածը, որ իբրեւ զինամթերք չի եղել: Պետք է հստակեցնել, թե ո՞ր դիրքերում են տեղի ունեցել մարտական գործողությունները, որքա՞ն է տեւել մարտը, ի՞նչ պայմաններում է ավարտվել զինամթերքը եւ ինչո՞ւ չեն կարողացել ապահովել թիկունքից զինամթերքի տեղափոխումը դիրքեր եւ այլն: Այս հարցերը մանրամասն ուսումնասիրվել են նախկինում: Ապրիլյան մարտական գործողություններից հետո մեծ ծավալի աշխատանք է կատարվել առաջնագծում: Կարծում եմ, որ պաշտպանության նախարարությունը սպառիչ կերպով կանդրադառնա պատգամավորական հանձնաժողովի բոլոր հարցադրումներին: Չկա մի հարց, որի վերաբերյալ ՊՆ-ում չլինեն հստակ մեկնաբանություններ:

– Հայաստանյան թեժ ներքաղաքական իրադարձությունների` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, նրա եւ մյուսների գործի կասեցում եւ ՍԴ ուղղարկել, դատարանների ելքեր ու մուտքեր փակել, դատավորների վեթթինգի մասին պնդումներ եւ այլնի ֆոնին, Ադրբեջանում հերթական լայնածաված զորավարժություններն են: Համացանցում մտահոգիչ գրառումներ են հայտնվել այդ զորավարժություններից`«մեր հաջորդ կանգառը Շուշին է, գալիս ենք» եւ համանման այլ մակագրություններով: Սա՞ ինչպես եք գնահատում. քարոզչական բնո՞ւյթ ունեն այդ զորավարժությունները, թե՞…ի՞նչ սպասել:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը բացառապես դատարանների իրավասության տիրույթում է, եւ օրենսդրության շրջանակում պետք է ստացվեն բոլոր հարցերի պատասխանները: Այլ շահարկումներն ու դատավարությանը միջամտելը համարում եմ քաղաքական միջամտություն, հետեւաբար նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում՝ ինչն անթույլատրելի է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի զորավարժություններին, իհարկե, դրանք բավականին ծավալուն են եւ չեն կարող դուրս լինել մեր բանակի ուշադրությունից: Վերջերս Արցախում էի, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ՊԲ-ն իր ուղղակի վերահսկողության տակ է պահում հակառակորդի ցանկացած շարժ: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների Շուշի գալուն, կամ չգալուն, ապա դրա վերաբերյալ տարբեր առիթներով ասել ենք. գուցե տարիներ հետո որոշ ադրբեջանցիներ, տուրիստի կարգավիճակով, մի քանի օրով, հնարավորություն ունենան գալ հայկական Շուշին տեսնելու: Այլ կերպ Շուշի եկողների գլխին զենիթահրթիռային ու հրետանային կարկուտներ են տեղալու:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

23.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031