Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ախալցխայի հայեր. «Վրացիների հետ քուր ու ախպոր պես ենք»

Մայիս 24,2019 14:00

«Վրացիների հետ ինչ-խոր քուր ախպեր լինենք, մեզի շատ լավ կուզգանք, միասին կաշխատինք, մտերմություն, ընկերություն կենինք, խորթություն չկա»,- այսպես արձագանքեց մեր հայրենակիցներից մի կին, երբ հարցրինք` ինչպե՞ս են իրենց զգում հայերն Ախալցխայում: Ախալցխահայ տիկնոջը հանդիպեցինք Ախալցխայի հյուրանոցներից մեկում, որտեղ մի քանի օր ապրելու էինք: Նա ազգությամբ վրացի հյուրանոցի տերերի համար հայկական լավաշ էր բերել: Թե հայերի հետ մտերմությունն էր պատճառը թե` իրենց հյուրանոցն ընտրած զբոսաշրջիկներին ամեն գնով գոհացնելու ցանկությունը, հյուրանոցի տերերը, որոնք վրացի երիտասարդ ամուսիններ էին, ամեն գնով փորձում էին հարմարավետություն ստեղծել, որպեսզի հաջորդ անգամ էլ անպայման ընտրես իրենց «օջախը»:

Հյուրանոցը բառի բուն իմաստով օջախ էր: Վրացի ամուսիններն իրենց սեփական տան մի հատվածն էին դարձրել հյուրանոց: Այս եւ Աթոնելի փողոցում հյուրանոցներ ունեցող մարդկանց բիզնեսը, որոնց թվում կային եւ ազգությամբ հայեր, ծաղկել է, հատկապես` անմիջապես հարեւանությամբ գտնվող Ռաբաթ ամրոցը վերանորոգելուց հետո: Ամրոցը Ախալցխայի ամենագրավիչ տուրիստական վայրերից մեկն է համարվում եւ այն հիմնովին վերանորոգելու համար Վրաստանի կառավարությունը 34 միլիոն լարի է ծախսել: Ռաբաթ ամրոցը տեսնելու համար տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Ախալցխա: Զբոսաշրջիկների մեծ մասը հենց այս փողոցում էլ հյուրանոց են վարձում, քանի որ քաղաքի մյուս հյուրանոցների համեմատությամբ, գինը «լավ տեղի» պատճառով չի բարձրանում: Ներառյալ նախաճաշը, Ռաբաթի հարեւանությամբ հյուրանոցում մեկ գիշերը կազմում է 6-8 հազար դրամ: Դրսում սնվելն էլ զբոսաշրջիկների վրա թանկ չի նստում եւ հենց այդ պատճառով էլ ուտելու օբյեկտներն այստեղ գիշեր-ցերեկ լեփ լեցուն են լինում:

«Հայերն այստեղ մեծ հարգանք ունեն, շնորհքով են, վրացիք հայերից շատ բան են սովորել, մի գործ բռնելուց առաջ անպայման մեզ հետ խորհուրդ կենեն»,-ասաց մեր զրուցակիցը` մատնացույց անելով տարբեր բիզնեսներում հայերի ներգրավված լինելը: Հայերն այստեղ ռեստորաններ ունեն, տաքսու ծառայություններ են մատուցում, աշխատում են սննդի օբյեկտներում, խանութներ են աշխատեցնում: Չնայած որ առեւտրի ոլորտը նոր տերեր էլ ունի: Ախալցխայի մի քանի խանութներ ազգությամբ չինացիներ էին աշխատեցնում: Նրանք Ախալցխա են ներկրում միջին որակի եւ գնի կենցաղային ապրանքներ, հագուստ: Չինացիների խանութներում, նույնպես հանդիպեցինք ազգությամբ հայ աշխատակիցների:

Չնայած հաշտ-համերաշխ ապրուստին, մեր հայրենակիցները պատմեցին, որ վերջին մի քանի տարում Ախալցխան հայաթափվել է: Եվ երբեմնի` բնակչության 65-70 տոկոս կազմող հայերից հիմա քսան տոկոսն էլ չի մնացել: Պատճառներից մեկը նշեցին բարձրադիր վայրում տեղակայված «Մարդայի» եկեղեցու շուրջ ստեղծված տարաձայնությունները, որոնք անգամ ազգամիջյան բախումների են հանգեցրել: Եկեղեցին տեղակայված է Մարդայի փողոցում եւ մարդիկ հոգեւոր այս կառույցը հենց փողոցի անունով էլ կոչում են: Եկեղեցին մինչեւ այսօր էլ կռվախնձոր է հայերի ու վրացիների միջեւ, թեեւ այս պահին կրքերը հանդարտված են: Հայերն ասում են՝ եկեղեցին մերն է, վրացիները` պնդում, որ իրենց է պատկանում, քանի որ եկեղեցու վրա վրացերեն արձանագրություններ եւ վրացական խաչ են գտել:

«Մարդայի» եկեղեցին չի գործում, բայց դուռը բաց է, մարդիկ այցելում են, աղոթք անում: Եկեղեցու ներսը անթիվ անհամար սրբապատկերներ են` թե առաքելական եկեղեցու սրբերի, թե` ուղղափառ:
Հայերն Ախալցխայում բնակվել են հիմնադրումից ի վեր։ Ախալցխայի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայրական տունը, նշանավոր երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանը:

Ախալցխայում են ծնվել նաեւ դերասաններ Կարպ Խաչվանքյանը, Շահում Ղազարյանը, ռենտգենաբան Բարդուղիմեոս Ֆանարջյանը, նկարիչներ Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը եւ այլ հայտնի մեր հայրենակիցներ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031