Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցների դեմ նախկին մարզպետի բողոքն արդեն դատարանում է

Մայիս 24,2019 13:30

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արտակ Շադյանը:

31 էջանոց բողոքում մարզպետի ներկայացուցիչը հիշեցնում է գործի դատավարական պատմությունը, մասնավորապես, այն մասին, թե ինչու են պատասխանող ճանաչվել «Առավոտը», «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, «Սյունյաց աշխարհը»: Պատասխանող է նաեւ բնապահպան, կարճ ժամանակով պետպաշտոնի անցած, ապա կրկին պաշտոնաթող եղած Արթուր Գրիգորյանը:

2017թ. հուլիսի 31-ին aravot.am կայքում հրապարակվել է Արթուր Գրիգորյանի «Հաղորդում հանցագործության մասին»-ը, որը հետագայում տարածվել է մի քանի լրատվամիջոցներով:

Հաղորդումն ուղղվել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բնապահպան Արթուր Գրիգորյանը հայտնել էր, որ 2016թ. նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհայտ անձի կողմից բացված «Փակագծերից դուրս» էջում անիմացիոն հոլովակի միջոցով փորձ է արվել վարկաբեկել «Էկոլուր» եւ «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության անդամներին, բնապահպաններ Ինգա Զարիֆյանին, Արթուր Գրիգորյանին, որը ըստ հաղորդման հեղինակի, հնարավոր է՝ ֆինանսավորված լիներ մարզպետի կողմից, նրան «փոխկապակցված սուբյեկտների» կողմից:

Արթուր Գրիգորյանը գլխավոր դատախազին այդ ժամանակ նաեւ հայտնել էր, թե ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությանն է հասցեագրել հաղորդումը, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է: Ի դեպ, այդ ժամանակ տվյալ որոշումը չի բողոքարկվել:

Հետեւել է «Սյունյաց աշխարհի» հրապարակումը՝ «Գլխավոր դատախազից խնդրում են պարզել՝ արդյոք բնապահպանների արշավը կազմակերպել է Սյունիքի մարզպետը» հրապարակումը, «Անկախ լրագրողներն» էլ իրենց կայքում՝ epress.am-ում նույնանուն նյութ են հրապարակել՝ «Սյունյաց աշխարհի» հրապարակումը՝ «Գլխավոր դատախազից խնդրում են պարզել՝ արդյոք բնապահպանների արշավը կազմակերպել է Սյունիքի մարզպետը»:

ՀՀ գլխավոր դատախազին հրապարակային ներկայացված հաղորդումն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում:

Ի դեպ, այդ հաղորդման մեջ նշված էր, որ նախկին մարզպետն ասել է, որ փոխանցած ֆինանսական միջոցները «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» կողմից ուղղվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամին, որի տնօրենն էր նախկին մարզպետը, սակայն «գումարը տեղ չի հասել», յուրացվել է:

Վահե Հակոբյանը դիմել էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման եւ հերքմանը պարտավորեցնելու մասին պահանջով: Այս տարվա ապրիլի 18-ին դատարանը մերժել է հայցվորի պահանջը:

Հայցվոր կողմը, որը ներկայումս բողոքաբերն է, կարծում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նյութական եւ դատավարական նորմերի խախտմամբ է կայացրել վճիռը:

Բողոքաբերը նշում է, որ դատարանը պետք է պարզեր մինչ վճիռը կայացնելը, թե՝ «Արդյոք հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտչական են եղել, թե ոչ, արդյոք առկա են հիմքեր նշված արտահայտությունները զրպարտություն չհամարելու, զրպարտողին՝ վնաս պատճառողին պատասխանատվությունից ազատելու համար»:

Մինչդեռ, ըստ նրա, չեն ներկայացվել փաստացի տվյալներ, հստակ տեղեկություններ՝ նախկին մարզպետի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ: Դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Պատասխանողն իր կողմից ներկայացված հոդվածը վերնագրել է՝ հաղորդում հանցագործության մասին»:

Բողոքաբեր կողմի ասելով՝ բնապահպան Ա.Գրիգորյանը ներկայացրել է անհիմն ու սուտ տեղեկություններ, աղավաղել է Վ.Հակոբյանի խոսքը՝ կապված ֆինանսական միջոցներ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին տրամադրելու վերաբերյալ:

Հաղորդման մեջ նշված է. «Գտնում եմ, որ հոկտեմբերին մարզպետ նշանակված Հակոբյանը, ով մինչ մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն եւ նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին հանրային միջոցները տրամադրել է մասնավոր հանքարդյունաբերության ընկերության կից հիմնադրամին»:

Փաստաբան ներկայացուցիչը առարկել է. «Ակնհայտ է, որ սույն միտքը ներկայացված է որպես ստույգ փաստ այն մասին, որ Վահե Հակոբյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները», քանի որ մարզպետը տարեվերջյան հաշվետվություն չի ներկայացրել, հետեւաբար, մեկ այլ միտք էլ սուտ է. «Հաշվի առնելով տարեվերջյան հաշվետվության ընթացքում մարզպետ Հակոբյանը մատնանշել է իր կնոջ կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության գործունեության մասին»:

Բողոքաբեր կողմի դիտարկմամբ, Ա.Գրիգորյանը կարծիք կամ գնահատողական դատողություն չի անում, փաստական հիմքից դուրս դատողություն:

«Քննարկվող հրապարակումում ներկայացված են փաստական տվյալներ, որոնք իրականությանը համապատասխանելու դեպքում կառաջացնեին քրեական պատասխանատվություն», հետեւաբար, նախկին մարզպետի ներկայացուցիչը խնդրում է բեկանել եւ փոփոխել վճիռը՝ բավարարել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման մասով:

Ըստ բողոքաբերի. «Ա. Գրիգորյանը նշված սուտ փաստացի տվյալը հրապարակելով՝ հանրության մոտ կարծիք է ձեւավորել, որ Վ.Հակոբյանը գործում է ի շահ անօրինական խմբի եւ կոռուպցիոն բնույթի այլ նպատակների, ասելով. «Կան հիմնավոր կասկածներ պնդելու, որ մարզպետ Հակոբյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, կատարել է մարզպետի լիազորությունների հետ անհամատեղելի արարք՝ իր հետ փոխկապակցված անձանց միջոցով հաշվեհարդար տեսնելով հասարակական-բնապահպանական գործունեությամբ զբաղված անհատների եւ կազմակերպությունների հետ։ Նշված արարքը էական վնաս է պատճառել հասարակական կազմակերպություններին եւ պետությանը։ Նախ, քաղաքացիական հասարակության գործունեությանը վարչական մարմնի միջամտության պատճառով անհնարին է դառնում ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի հետագա հնարավարությունը, եւ Հայաստանը զրկվում է այդ նախաձեռնությանը անդամակցելու պայմանով միջազգային ֆինանսական աջակցությունից։ Երկրորդ, մարզպետի հետ փոխկապակցկած այլ սուբյեկտների ձեռքով նպատակամղված վարկաբեկվում են մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններն ու հանրային գործունեությամբ զբաղվող անձինք՝ էական վնաս պատճառելով վերջիններիս հեղինակությանը»։

Նշեմ, որ ընդհանուր իրավասության դատարանում հայցվորը ասել էր. «Բարձրաստիճան պաշտոնյան, ով իր բարեխիղճ եւ պատասխանատու գործունեությամբ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, պետության բարօրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչու պետք է հաշվեհարդար լինի հասարակական-բնապահպանական գործունեությամբ զբաղված անհատների եւ կազմակերպությունների հետ։ Միաժամանակ, պատասխանողը չի նշել Վ. Հակոբյանի կողմից պետությանը եւ հասարակական կազմակերպություններին հասցված ինչ վնասի մասին է խոսքը եւ չի ապացուցել նշված փաստացի տվյալի ճշմարտացիությունը։ Ա.Գրիգորյանը չի նշել նաեւ, թե Վ.Հակոբյանը ինչ կապ ունի ԱՃԹՆ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետագա հնարավորության հետ»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031