Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից

Մայիս 24,2019 12:30

Վերջերս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի հասարակություններում կայունությունը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը փխրուն են եւ ցանկացած պահի կարող են փշրվել: Մեր հիշողությունը կարճ է, մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից եւ այսօր էլ մեր հայկական երկու երկիրն ու նրանց պետականությունը մեր եսասիրության, անտարբերության, անհեռատեսության ու անհամերաշխության արդյունքում նորից կանգնած են լուրջ սպառնալիքների առջեւ: Փոխանակ հետեւություններ անելու, այժմ էլ նորից ենք կրկնում անցյալի շատ սխալներ: Մենք այդպես էլ չենք կարողանում դառնալ քաղաքական ազգ:

Նորից շարունակում ենք անհատական, կուսակցական, տեղային եւ տարածաշրջանային շահը բարձր դասել հանրային ու պետական շահից, շարունակում ենք լուրջ չվերաբերվել քաղաքական գործընթացներին, պետությանն ու պետական ինստիտուտներին: Կարծես թե մեր ժամանակների համար է 1921թ. դեկտեմբերի 9-ին Կ.Պոլսից Հովհաննես Թումանյանի գրած նամակը Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանին. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով……Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: …Չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»: Իսկ շատ ավելի վաղ՝ դեռեւս 5-րդ դարում Մովսես Խորենացին իր աշխատության «Ողբ» բաժնում, որն իրենից ներկայացնում է «Հայոց պատմություն» քերթության ավարտաբանությունը, արտացոլված են երկրի ու ժողովրդի տարբեր խավերում ու շերտերում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամային իրավիճակը եւ նկարագրում է մի պառակտված, կեղծավոր, փառասեր, շահամոլ ու նյութապաշտ հասարակություն։ Խորենացու եւ Թումանյանի նկարագրությունը կարծես մեր օրերի դաժան իրականությունը լինեն եւ ցավոք, հասարակության զգալի մասի արժեհամակարգում այժմ էլ շարունակում են գոյատեւման իրավունք ունենալ եւ հաճախ նույնիսկ խրախուսվել այնպիսի արատավոր որակներ, ինչպիսիք են լկտիությունը, նախանձը, չարությունը, անօրինությունը, ամբարտավանությունը, օտարամոլությունը, նյութապաշտությունը, քծնանքը, առնետավազքը, ագահությունը, հաշվենկատությունը, երախտամոռությունը, խաբելը, քցելը, փառասիությունը, ստրկամտությունը, դավանափոխությունը, ձեւամոլությունը եւ այլն: Ինչպես տեսնում ենք, պատմությունը կրկնվում է եւ Խորենացու ու Թումանյանի մտահոգությունները այժմ էլ արդիական են եւ լուրջ վտանգ են ներկայացնում մեր հասարակության, երկրի ու պետականության համար:

Այն, ինչ կատարվում է, միանգամայն օրինաչափ է եւ սպասելի: Դա պարզապես նախորդ հզոր, մեծ ռեսուրսներ տնօրինող համակարգի վերակենդանացման փորձերն են: Ըստ էության մենք վայելում ենք մեր վերցրած 5000 դրամ ընտրակաշառքների պտուղները եւ պետք չէ ստեղծված իրավիճակի համար ուրիշին մեղադրել: Այդ մենք ենք ծնել ու սնել այն համակարգը, որի ճիրաններում հայտնվել ենք բոլորս: Այս իրավիճակը չէր ստեղծվի, եթե մենք չհապաղեինք եւ այս մեկ տարվա ընթացքում հետեւողականորեն ամրապնդեինք հեղափոխության նվաճումները: Շատ վտանգավոր են Հայաստանից ու Արցախից հնչող փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները, որոնք կարող են խաթարել հասարակության համերաշխությունը, սեպ խրել մեր ժողովրդի երկու տարբեր հատվածների միջեւ եւ ջուր լցնել մեր հակառակորդների ջրաղացին: Սա առավել վտանգավոր է հիմա, երբ գտնվում ենք ներքաղաքական, բարոյահոգեբանական եւ աշխարհաքաղաքական բավականին բարդ իրավիճակում եւ կանգնած ենք արցախյան խնդրի կարգավորման դժվարին մարտահրավերների առջեւ: Հայ ժողովուրդը շատ անգամներ է պետություն կերտել եւ կորցրել, ինչը պետք է միշտ հիշել եւ անհրաժեշտ եզրակացություններ անել: Մենք համերաշխության եւ հանդուրժողականության պակաս ունենք: Մեր Հայրենիքը կարիք ունի ուժեղ, առողջ, միասնական ու համերաշխ ազգի: Պատմությունը վկայում է, որ մենք, որպես կանոն, պետականությունը կորցրել ենք ժողովրդի, իշխանների ու նախարարների անհամերաշխության արդյունքում: Իսկ երբ համախմբվել ենք, անպայման ունեցել ենք հաղթանակներ, միայն թե համախմբվում ենք օրհասական պահերին: Պատահական չէ, որ դեռեւս մ.թ. շուրջ 500 տարի առաջ Պարսկաստանի արքա Դարեհ առաջինն ասել է. «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին կարելի է միայն բաժանել»:

Ցավոք, հեղափոխությունները, պատերազմներն ու ներքաղաքական անկայուն դրսեւորումները իրենց հետ բերում են նյութական, բարոյական ու մարդկային կորուստներ: Ամերիկացի 20-րդ դարի գրող Ռոբերտ Հայնլայնը գտնում էր, որ. «Հեղափոխության նախապատրաստումն ու իրականացումը մանկական խաղալիք է այն բանի համեմատությամբ, ինչը ձեզ սպասվում է նրա հաղթանակից հետո»: Իսկ Ֆիդել Կաստրոն այն կարծիքին էր, որ. «Հեղափոխությունը պայքար է ոչ թե կյանքի համար, այլ անցյալի եւ ապագայի մահվան միջեւ», ինչը ենթադրում է, որ մեզ սպասվում են բազում դժվարություններ եւ փորձություններ: Պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի ստեղծված ճգնաժամից դուրս գանք նվազագույն կորուստներով եւ չխաթարենք երկրում համերաշխության մթնոլորտը: Իսկ դա հնարավոր է գործընթացները օրինականության, բարոյականության եւ բացառապես պետության շահերի դաշտ տեղափոխելու դեպքում միայն եւ կարծում եմ՝ մեր ժողովրդի իմաստությունն ու խոհեմությունը, այնուամենայնիվ, կբավարարեն եւ մենք իրավիճակից դուրս կգանք արժանապատվությամբ: Մենք պարզապես իրավունք չունենք մեր թուլացած եւ պատերազմող երկիրը եւս մեկ անգամ ենթարկել ցնցումների: Ինչպես մեկ տարի առաջ, այժմ էլ պետք է ցույց տանք աշխարհին, որ կազմակերպված ու քաղաքակիրթ ազգ ենք եւ կարող ենք առաջնորդվել մեր հայրենիքի ու պետության շահերով:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ

«Առավոտ» օրաթերթ, 

23.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031