ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ յոթանասունմեկերորդ
ՌԱԴԻԿՈՒԼԻՏ
Եվ Կորյունը ժպտալով ասաց՝ «մարդ էլ կա՝ էրկու հատ ազգանուն ունի», եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «էդ ո՞վ էրկու հատ ազգանուն ունի», եւ Կորյունը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր Հայկունը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի ազգանունը Հայկունի ա, մյուսը՝ Հարությունյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Կորյունին հարցրեց՝ «Հայկունին ո՞նց ա ազգանուն», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ոնց որ Ռշտունին ա ազգանուն, ըտենց էլ՝ Հայկունին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ռշտունին ու Հայկունին համ ազգանուն են, համ էլ՝ տոհմանուն» եւ մի քիչ էլ մտածեց, թարս նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «գրող մարդ ես, էդ բաները դու մեզնից լավ պիտի իմանաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «էս ճիշտ ե՞ն ասում, ադա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «գրող մարդ ես, տղա ջան. դու պիտի ասես՝ ճիշտ ե՞ն ասում, թե՝ չէ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «վայ թե ճիշտ են ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Հայկունին Վշտունու պես զադ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Վշտունին էլ ա, փաստորեն, ազգանուն», եւ Կորյունը արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Վշտունին ոչ թե ազգանուն ա, այլ՝ գրական անուն, ավելի ճիշտ՝ գրական կեղծանուն» եւ մի քիչ մտածեց, թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «գրող մարդ ես. էդ բաները դու մեզնից լավ պիտի իմանաս», եւ Հայկունին հիացած նայեց Կորյունին ու ժպտալով ասաց՝ «Կորյունն իսկական քայլող հանրագիտարան ա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ինքնագոհ արտասանեց՝ «Ողջույն, երկիր հարազատ, /Ողջույն, երկիր հայրենի,/ Վշտունու պես դու ազատ,/ Զարյանի պես Նաիրի», եւ Հայկունին հիացմունքոմվ նայեց Կորյունին, հետո նայեց Ջավախյանին ու ասաց՝ «որ ասում եմ՝ քայլող հանրագիտարան ա, չես հավատում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «քայլող հանրագիտարան ա, ճիշտ ա, բայց վերջերս մի քիչ դժվար ա քայլում . վայ թե ռադիկուլիտ ունի», եւ Հայկունը ժպտալով Կորյունին հարցրեց՝ «ռադիկուլիտ ունե՞ս», եւ Կորյունը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Հայկունը զարմացած նայեց Ջավադյանին ու հարցրեց՝ «բա ասում ես՝ ռադիկուլիտ ունի», եւ Կորյունը ժպտալով Հայկունուն ասաց՝ «էդ իրա սրտի ցանկությունն ա ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ասել, որ ռադիկուլիտ ունեմ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Կորյունին ու ասաց՝ «անձամբ դու ես ասել», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «երեւի ասել եմ, որ քեզ լավ զգաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Կորյունին հարցրեց՝ «որ ռադիկուլիտ չունես, բա ինչի՞ ես մի գլուխ մեջքդ բռնած ման գալի», եւ Հայկունը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «մեջլը բռնած ման ա գալի, որ քեզ լավ զգաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն զարմացած հարցրեց՝ «իրա մեջքը բռնելուց ինչի՞ պիտի ես ինձ լավ զգամ», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «էդ արդեն մենք պիտի քեզ հարցնենք»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: