NRI Welfare Society of India-ն օրերս Լոնդոնի Համայնքների պալատում կազմակերպել էր միջազգային համագումար՝ նվիրված Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակին: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Mahatma Gandhi-2019» միջազգային մրցույթի շնորհանդեսը:
Այս տարի մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվեց մեր հայրենակիցը՝ Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը: Նա ստացավ Մահաթմա Գանդիի անվան միջազգային մրցանակ՝ Հայոց ցեղասպանության հիշատակը պահելու, համընդհանուր խաղաղության համար իր ներդրման եւ ցուցաբերած ծառայությունների համար: Գանդին սովորեցրել է պայքարել խաղաղության եւ արդարության համար, պայքար՝ առանց բռնության ու բիրտ մեթոդների, Արթուր Խաչատրյանը Գանդիի հենց այս փիլիսոփայության կրողն է:
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանին պարգեւը հանձնեց Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Փրիթ Ջիլը եւ NRI Welfare Society of India-ի պատվավոր նախագահ Գաուար Նավաբը, ինչպես նաեւ Հնդկաստանի առողջապահության նախարարության նախկին խորհրդատուն՝ բժիշկ Վիջայկումար Շահը, որը վարակիչ հիվանդությունների հայտնի փորձագետ է:
Նշենք, որ այս մրցանակը մինչ օրս աշխարհում տրվել է 25 հոգու, բոլորը հայտնի բժիշկներ են, գիտնականներ, քաղաքական գործիչներ, իրենց ոլորտում մեծ հեղինակություն ունեցող մարդիկ:
Արարողությունից հետո Արթուր Խաչատրյանը հրավիրվեց Լոնդոնի հարավում գտնվող Կրոյդոն քաղաք՝ մասնակցելու նոր քաղաքապետի երդմնակալության արարողությանը:
NRI Welfare Society of India-ի նախագահ Դիպակ Սինխը ցանկություն հայտնեց այցելել Հայաստան եւ հորդորեց Արթուր Խաչատրյանին աջակցել Հայաստանում Մահաթմա Գանդիի հուշարձանի բացման նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Արթուր Խաչատրյանը Ստեփանակերտում էր արժանացել մրցանակի՝ Արցախի խաղաղության համար ներդրած իր ավանդի եւ հայրենասիրական գործունեության համար: