Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք ստացել են իշխանություն ու չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, ու անում են խելքներին ինչ փչի». Արմեն Ռուստամյան

Մայիս 23,2019 21:44

«Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաված մարտահրավերներին եւ ժողովրդի սպասումներին, այլեւ գնալով առաջացնում է նոր վտանգներ, կուտակում նոր  խնդիրներ: Սա մի սպառնալիք է, որն այս ինքնագոհ եւ ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացե՛ք, դուրս եկեք ձեր այս ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից»,- Ազատության հրապարակում հրավիրված «Լրջացեք, հանուն երկրի» խորագրով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Որ պետք է սթափվել, ըստ նրա ցույց են տալիս մեկամյա իշխանավարման հետեւանքները. «Այլեւս ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաեւ մենք, վաղուց արդեն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը: Ինչպես եւ հաճախ է պատահել մարդկության պատմության ընթացքում, դա տեղի է ունենում այն պատճառով, որ շարժման առաջնորդը ժամանակի ընթացքում շարժումը սկսում է փոխարինել իրենով եւ հետզհետե ձեռք է բերում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք: Արդյունքում, առաջ-առաջ գոռալով, հետ-հետ ենք գնում, քանզի կրկին վերադառնում ենք միահեծան ու միանձնյա կառավարմանը, բայց այս անգամ իբրեւ թե ժողովրդի կամքով ու պահանջով: Արդեն ժողովրդի անունով պարբերաբար կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած  պետական մարմնի լիազորություն: Սա մի ընթացք է, որը գուժում  է, ոչ ավելի, ոչ պակաս  սահմանադրական պետության վերջի մասին: Հենց այս դեպքերի համար է ժողովրդական խոսքն ասում. «Մրից ելանք, մրջուրն ընկանք»:

Ըստ բանախոսի, նաեւ ամեն առիթով սեր ու համերաշխություն գոռալիս միայն ատելությունն ու թշնամանքն է ավելացել:

«Այս իշխանությունները չեն էլ նկատում, որ, անընդհատ նախկինների հետ համեմատվելով, կամաց-կամաց սկսում են նախկիններին նմանվել: Հասկացե’ք, որ, ցեխաջրով լվացվելով, չեն մաքրվում, ցեխոտվում են: Հասկացե’ք նաեւ, որ այո՛, բացառված է, չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանվում: Չվերադառնալ անցյալին` նշանակում է չվերադառնալ անցյալի հոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թե ջնջել այն ամենը, ինչ եղել է անցյալում: Անցյալում շատ դրական բաներ էլ են եղել: Անցյալում հաղթանակներ ու մեծագույն ձեռքբերումներ են եղել: Պատմությունը ձեզնից չի սկսվելու, ուշքի եկեք: Ձեռք բերվածի արժեքը չգիտակցելով՝ եղածն էլ կկորցնենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հավելելով, որ եթե չի գիտակցվում, որ մեր հավաքական ուժի միակ հուսալի աղբյուրը մեր ունեցած ավելի քան տասը միլիոն հայությունն ու 42 հազար քառ.կմ դարձած Հայաստանն ու Արցախն են, ուրեմն կորուստներն անխուսափելի են լինելու, իսկ մեր ապագան՝ վտանգված. «Եթե Ազատամարտի հաղթական այս ձեռքբերումը մեզնից անգամ մեկի մտքով անցնում է ստորադասել որեւէ այլ` թեկուզեւ կարեւոր բանից, ուրեմն մեր սերունդն ազգովի սթափվելու խնդիր ունի: Ավելին` եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ վարկած կամ թեկուզ հիմնավոր կասկած է, այլ ոչ թե կոնկրետ բացահայտում, ապա դա ոչ միայն վտանգավոր է, այլեւ մեծագույն նվեր Ադրբեջանին: Հիշե՛ք, որ Ադրբեջանը հենց այդ տրամաբանությամբ էլ  արդարացնում էր 2016 թվականի` իր ապրիլյան ագրեսիան»:

ՀՅԴ-ն սթափության կոչի հանրահավաք է հրավիրել, բայց Արմեն Ռուստամյանը չի տեսնում երաշխիք, որ իշխանություններն անհրաժեշտ լրջություն կդրսեւորեն. «Որովհետեւ ձեւավորվում է մի կայուն տպավորություն, որ ոմանք ստացել են իշխանություն ու չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, ու անում են խելքներին ինչ փչի»:

Անհրաժեշտ երաշխիքը նա ուզում է Հայաստանի քաղաքացուց, բայց ոչ թե որեւէ մեկին կուռք դարձրած` կուրորեն հետեւողը, այլ ինքնուրույն, ազատ մտածող ու գործող հայ մարդուց: Եթե իշխանությունը չլրջանա, ՀՅԴ-ի դեղին քարտերը մի օր կարմիր կդառնա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031