«Մեկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ պայքարելու իր իրավունքների, արժանապատվության, արդար, ապահով ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք։ Նրա հետ էինք, որովհետև համոզված էինք, որ արդար է փոփոխության պահանջը: Մենք ինքներս էինք քննադատում երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխությունների խնդիր դնում»,- Ազատության հրապարակում, այսօր ՀՅԴ-ի հրավիրած «Լրջացեք, հանուն երկրի» խորագրով հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը`հավելելով, որ գործող իշխանություններն ունեին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի և մեզանից յուրաքանչյուրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապես հեղափոխական փոփոխություններ։
ՀՅԴ-ական գործիչն անդրադարձավ երկրում առկա և օրեցօր անտանելի դարձող` ատելության և թշնամանքի մթնոլորտին։ Ըստ նրա, սոցիալական պետությունը, սերն ու համերաշխությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունները բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել. «Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետվեց սևերի և սպիտակների կարճամիտ պիտակավորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսությանը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ սա ուղղորդվող վարքագիծ է, որը շարունակեց ունենալ իր մերժելի և դատապարտելի դրսևորումները՝ փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, իբրև սողուններ ու բորենիներ անվանարկվող հակահեղափոխականներ։ Եվ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դավադիրներ փնտրելու ագրեսիվ մոլուցքն ընդհուպ հասավ Արցախ։
Սիրելի’ երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է հասկանալ, գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսներից մեկն էլ տվյալ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն է, մի՞թե դժվար է հասկանալ, որ բաժանարարներով ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխությունը, դուք թուլացնում ու խոցելի եք դարձնում նրա ոգին, մարտունակությունը։ Ժողովուրդը ձեզանից այլ սպասում և ակնկալիք ուներ՝ մենք ունեինք ռեալ և անթիվ խնդիրներ և ձեզանից տեսանելի, շոշափելի լուծումներ էինք ակնկալում»,- ասաց նա`արձանագրելով, որ հայեցակարգային լուծումներ չկան որևէ ոլորտում, չկա նաեւ այն թիմը, որն ունակ է խնդիրներ ձևակերպել ու լուծել դրանք. «Ձեր թիմը պատրաստ չէ անգամ լսել որևէ քննադատություն, առաջարկ, երկրին անհրաժեշտ ծրագրեր։ Ձեր հակազդեցությունն այնքան բիրտ է ու փողոցային, արդյո՞ք այսպիսին էր ժողովրդավարության ձեր աղճատված պատկերացումը»։
Լիլիթ Գալստյանը պատահական չի համարում․«պատերին ծեփելու, թևեր կտրելու, ծնոտ ջարդելու, ասֆալտին փռելու» և այլ նման հայտարարությունները: Ըստ բանախոսի, դրանք դառնում են վարքագիծ ու նորմ. «Սա ցածր իրավագիտակցություն ունեցող ժողովրդից ամբոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճանապարհն է, իսկ դուք պարտավոր էիք քաղաքացի ձևավորել»։
Կարդացեք նաև
Ինչեւէ, այս ամենն, ըստ նրա, չեն կարող հանրությանը շեղել իրական խնդիրները տեսնելուց։
Լիլիթ Գալստյանի համար ակնհայտ է նաեւ կազմակերպված արշավը ազգային, ավանդական, հոգևոր արժեքների վրա։ Նրա պնդմամբ, արկածախնդիր ու չկշռադատված քաղաքականությամբ ահա մեկ տարի է` կաթվածահար է ողջ մշակութային դաշտը, մեր ազգային ինքնությանը սպասարկող հիմնական կառույցներից մեկը։
«Մի՞թե չեք տեսնում, որ չսպասարկվող ակնկալիքները հիասթափության դռներն են բացում։ Դաշնակցության քաղաքական ինքնությունը հստակ է` ՄԵՐԸ ԵՐԿԻՐՆ Է ու ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մենք բարդույթներ չունենք, մենք պարտավոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է ցնցումների, արկածախնդրության, կորուստների ճանապարհով։ Ձեզ ոչ ոք չի տվել այդ իրավունքը: Լրջացե’ք»,- եզրափակեց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ