Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին Aravot.am-ը հարցրեց՝ մամուլում հրապարակում եղավ, որ դուք քաղաքում շրջում եք 2-3 թիկնապահների ուղեկցությամբ, ճի՞շտ է այդ տեղեկատվությունը, ձեզ ուղեկցո՞ւմ են նման թիկնեղ երիտասարդներ:
Նա պատասխանեց. «Հիվանդ երեւակայություն ունեցող մարդիկ են նման նյութեր տարածում: Ես քաղաքում շրջում եմ հաճախ մենակ, հաճախ՝ ընկերներիս հետ միասին, ուղղակի ծիծաղելի է նման մեկնաբանությունը»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, այդ թիկնեղ մարդիկ ձեր ընկերնե՞րն են, ոչ թե թիկնազորի անդամները՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ես ունեմ ե՛ւ թիկնեղ ընկերներ, ե՛ւ ցմփոր ընկերներ, ե՛ւ նիհար ընկերներ, ե՛ւ սպորտային կառուցվածքով, ե՛ ոչ սպորտային կառուցվածքով ընկերներ»:
Մեր դիտարկմանը, որ ենթադրություն կար, որ Հայկ Սարգսյանը գուցե հիմա էլ ասի, որ իր հարուստ ընկերոջ թիկնազորի անդամներն են իրեն ուղեկցում: Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին տեսել եւ նկարել էին Երեւանի փողոցներում 150 հազար դոլար արժողությամբ Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս, նա էլ ասել էր, որ ընկերոջ մեքենան է, իրենը չէ:
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ մեկնաբանությունները ծիծաղելի են. «Ես միշտ շրջել եմ միայնակ, հաճախ ընկերներիս հետ եմ շրջում երեկոյան, ինչպես բոլոր քաղաքացիները»:
Մեր հարցին՝ վախենալու բան չունե՞ք, թիկնազորի անդամներ չունե՞ք՝ նա պատասխանեց. «Ումի՞ց վախենամ: Ես այդքան հարուստ չեմ, որ վախենամ, անգամ ամենահարուստ մարդը ՀՀ-ում որեւէ վախենալու բան չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ