Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուխովի ժամանակն անցել է, դա այլեւս ակտուալ չէ: ժամանակն է գործել խելքով եւ գործով». Իշխան Սաղաթելյան

Մայիս 23,2019 21:03

«ՀՅԴ-ն մաս կազմեց այդ կառավարությանը՝ չնայած բոլոր վերապահումներին, որպեսզի հաջողի համաժողովրդական շարժումը, որպեսզի երկիրն առանց ցնցումների տեղափոխի բնականոն հուն»,- այսօր, Ազատության հրապարակում հրավիրած «Լրջացեք, հանուն երկրի» խորագրով հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը`հիշելով, որ մեկ տարի առաջ Հայաստանում ձեւավորվեց նոր իշխանություն`ժողովրդի պահանջով, քանի որ մեր քաղաքացիները դժգոհեցին և մերժեցին մեր երկրում եղած աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձը, անօրինականությունը և հասարակության բևեռացումը: Սակայն, ըստ նրա, այսօր արդեն պարզ է, որ ՀՀ քաղաքացիների սպասելիքները չեն արդարանում, քանի որ իշխանությունները չհասկացան և չգնահատեցին դա, հասարակությանը բաժանեցին սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների`խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ ընտրություններ նշանակեցին, իշխանություն ձևավորեցին:

Այդ ամենից մեկ տարի անց ՀՅԴ-ական գործիչն արձանագրում է. «ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»: Եվ, բանախոսի պնդմամբ, միասնական ազգային օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու, համերաշխություն ձևավորելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը և կարողականությունը կազմակերպելու և առաջ տանելու փոխարեն, իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, շնչել, արտաշնչել և ապրել անցյալով. «Որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է և անպատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը դժվար է, պատասխանատու և հանձնառու»:

«Դուխովի ժամանակ անցել է, դա այլեւս ակտուալ չէ: Ժամանակն է գործել խելքով եւ գործով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ն ընթացքը տագնապեցնող է գնահատել եւ վստահ են, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի հնարավոր չէ հասնել: ՀՅԴ-ում կարեւորում են արդարադատության համակարգի բարեփոխումը, բայց կողմ չեն դրա «սպառնալիքներով եւ ամբոխավարությամբ» իրականացնել ընտրված տարբերակին: Կողմ են, որ դա լինի Սահմանադրությամբ եւ օրենքներին համապատասխան:

Իշխան Սաղաթելյանն ասաց նաեւ, որ անցած ամիսների ընթացքում իշխանությունն անտեսել է ՀՅԴ-ի առաջարկները`«թուղթ ու գրիչով» աշխատելու, բայց իրենք դրա համար ոչ աշխատավարձ են ուզել, ոչ էլ պաշտոն: Եվ դա արել են ոչ հանուն իշխանությունների, այլ երկիրը բնականոն հուն տեղափոխելու:

Բանախոսն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի`Հայաստանում առկա օտարերկրյա գործակալների, Արցախը հանձնողների եւ դավադիր դավաճանների գոյության մասին հայտարարություններին. «Եթե վարչապետն ունի նման տեղեկություններ, ապա պարտավոր է անուններ հնչեցնել»: Հակառակ պարագայում, ըստ նրա, սեփական հասարակությանն ու ժողովրդին երեւակայական թշնամիներով ապակողմնորոշելն է:

«Հատուկ ուզում եմ հայտարարել, որ այս հանրահավաքը ո’չ ընդդեմ  է, ո’չ էլ` հանուն որևէ անհատի։ Սա հանրահավաք է ընդդեմ ազգային պառակտումի, ընդդեմ պետական ինստիտուտների կազմաքանդման, ընդդեմ ժողովրդավարության անվան տակ քաղաքական մենիշխանություն հաստատելու փորձի: Սա հանրահավաք է՝ հանուն մեր պետականության, հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության և ամբողջ հայության, սա՛ է Դաշնակցության օրակարգը։ Այդ օրակարգի կրողն է Հայաստանի առողջ, գիտակից, մտածող, արժանապատիվ քաղաքացին, որի հետ մենք ճանապարհ ունենք անցնելու։

Առարկայական այս արձանագրումների հիման վրա, ահագնացող խնդիրների լիարժեք ընկալումով և դրանց անդառնալի հետևանքների խորը գիտակցումով ՀՅԴ մեծ ընտանիքի անունից օրվա իշխանություններից պահանջում ենք՝ դուրս եկե՛ք ձեր պոպուլիստական և քաղաքական թաքստոցից, եղե՛ք ազնիվ ձեզ իշխանության բերած ժողովրդի հետ և հրաժարվեք արհեստական օրակարգերից, ընդմիշտ հասկացեք և, ի վերջո, գիտակցեք` զիջումների ճանապարհը կործանարար է Հայաստանի և Արցախի համար, հարգե’ք մեր երկրի Սահմանադրությունը, իրապես ստանձնեք մայր օրենքով իշխանությունների համար ամրագրված ողջ պատասխանատվությունը, համախմբե’ք հայ ժողովրդին և լծվեք երկրի կառուցման գործին, դադարե’ք սեփական ժողովրդի մեջ թշնամիներ փնտրել, հասկացեք, որ ձեր տեսակետները չկիսողները կամ ձեզ քննադատողները ևս ժողովուրդ են եւ անպայման ձեր հակառակորդները չեն, հրաժարվե’ք շոուներից, պոպուլիզմից և ամբոխավարությունից, ուժի և սպառնալիքի միջոցով ժողովրդի անունից մենիշխանություն հաստատելու ձգտումից»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամը`դեղին քարտ ցույց տալով իշխանությանը եւ լրջանալու կոչ անելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031