Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտրությամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնորդելու ճանապարհին։
Մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ամուր բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կայուն զարգացում է ապրել: Ուրախությամբ պետք է նշեմ առևտրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությունը: Վերջերս մեր երկրները նախաձեռնեցին նաև փոխգործակցություն ռազմատեխնիկական բնագավառում, ինչը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացումն ամուր հիմք կծառայի՝ բացահայտելու նոր փոխշահավետ հեռանկարներ և համագործակցության խոստումնալից ուղիներ։
Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաստանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ