Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսվե՞ց տնտեսական հեղափոխությունը, ե՞րբ սկսվեց, ո՞նց սկսվեց». ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան

Մայիս 23,2019 20:30

ՀՅԴ-ն ՀՀ իշխանություններին լրջանալու կոչ է անում, քանի որ հիմնավորված մտահոգություններ ունեն, որ որդեգրված քաղաքականությունը մեզ կարող է լավ տեղ չհասցնել: Այսօր Ազատության հրապարակում հրավիրված՝ «Լրջացեք, հանուն երկրի» խորագրով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:  Բանախոսը գտնում է, որ ՀՀ քաղաքացիների մի մասն էլ իրենց հետ համամիտ է, բայց հռետորական հարց է հնչեցնում. «Թե՞ սիրո և համերաշխության Հայաստանում մենք չենք կարող արտահայտվել, քանի որ կարող է ժողովրդի թշնամի դիտվենք: Մեր խոսքն այսօր շատերի ականջների համար կարող է տհաճ հնչել: Բայց ավելի լավ է իրար հետ անկեղծ լինենք, ասենք թեկուզև դառը ճշմարտությունը, քան մի կողմ քաշվենք՝ խուսափելով պատասխանատվությունից»:

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 ձեռքբերումներին: Մեկ տարվա ընթացքում, նա 100 ձեռքբերումը վատ ցուցանիշ չի համարում`«3-4 օրը մեկ՝ մի ձեռքբերում»: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի նշած ձեռքբերումների մեծամասնությունն ինքը բնավ էլ ձեռքբերում չի համարում: «Որպես ձեռքբերում է ներկայացված, օրինակ, նախարարությունների թվի կրճատումը: Այդ ի՞նչ էին ուզում ձեռք բերել, որ կրճատմամբ ձեռք բերեցին: Ի՞նչ է, մշակույթի վիճակը բարելավվե՞ց, գյուղացիներն ավելի լա՞վ սկսեցին ապրել, Սփյուռքի հետ կապն ամրապնդվե՞ց: Կասեք՝ մի քանի օր առաջ են օրենքը փոխել, ինչպե՞ս պետք է այդ կարճ ժամանակահատվածում արդյունք ապահովեին, ու շատ ճիշտ կասեք, բայց եթե մի քանի օր առաջ են օրենքը փոխել, դրա արդյունքը չենք տեսել, ինչպե՞ս են այդ փոփոխությունը որպես ձեռքբերում ներկայացնում»,- ասաց նա հավելելով, որ նոր կառավարության ձեռքբերումներին մանրամասն չի անդրադառնա, բայց մի բան իր համար հստակ է` այդ 100 կետերի մեջ կան ձեռքբերումներ. «Այդ ձեռքբերումների մի մասն էլ նախորդ կառավարության  ծրագրերի շարունակությունն է: Օրինակ՝ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ծրագիրը, որը դեռ նախորդ կառավարությունում դաշնակցական նախարարն էր նախաձեռնել: Բայց չեմ կարող չզարմանալ, երբ Հայաստանից հեռացածների ու Հայաստան վերադարձածների դինամիկան համեմատում են 12 տարվա կտրվածքով: Այդ երբվանի՞ց ենք անցել 12 միավորանոց հաշվարկի համակարգի:  Ու դեռ շատ կլինեն նման չակերտավոր ձեռքբերումներ, քանի դեռ իրական ձեռքբերումներ չկան: Իսկ իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել ու չի անցել երկրի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը»:

Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը`հարցնում է բանախոսը` հավելելով, որ ինքն արդյունք չի ուզում, չի իջել ամբոխավարության այն աստիճանի, որ մի քանի ամսում արդյունք ակնկալի: «Բայց գոնե կարող եմ, չէ՞, հարցնել՝ սկսվե՞ց այդ հեղափոխությունը, թե՞ հետաձգվում է մինչև դատաիրավական համակարգի բարեփոխումների ավարտը: Ըստ կառավարության հավաստիացումների` պետք է, որ սկսված լիներ: Իսկ ինչո՞ւմ է այդ հեղափոխությունը: Պնդումների մե՞ջ, թե Հայաստանում էլ կոռուպցիա չկա: Բա, եթե չկա, ինչո՞ւ ձերբակալվեց առողջապահության փոխնախարարը, ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել պետական վերահսկողական ծառայության պետի դեմ: Իսկ Բագրատաշենում երեկ ի՞նչ էր կատարվում: Մարդիկ պարզ մեղադրում էին, որ կոռուպցիայի զոհ են դարձել:

Ասում են` օլիգարխներ էլ չկան: Իսկ տնտեսության կառուցվածքը փոխվե՞լ է: Այդ ո՞ր կենսական կարևորություն ունեցող ճյուղում գերիշխող դիրք ունեցող ընկերության դիրքերը սասանվեցին: Օլիգարխին խոշոր սեփականատեր կոչելով՝ իմաստը չի փոխվում: Այո, եթե կան կոռուպցիա ու օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանա: Բայց միայն օլիգարխիայի ու կոռուպցիայի վերացումը չի երաշխավորում տնտեսական աճը: Ակտիվ տնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել»,- ասաց Արթուր Խաչատրյանը` նկատելով, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները վաղուց արդեն հասկացել և գնում են պետության դերակատարման ու պատասխանատվության ավելացման, տնտեսությանը պետական մասնակցության աստիճանի բարձրացման և համախառն եկամուտների բաշխման ու վերաբաշխման ծավալների հետևողական աճի ճանապարհով:

«Այդ պետություններում բարձր եկամուտ ունեցողները հանրային խնդիրների լուծման համար վճարում են համեմատաբար ավելի բարձր հարկեր, իսկ պետությունը կանգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կողքին: Պետական տարբեր աջակցություններով են անապահով ընտանիքները դուրս գալիս աղքատության ճիրաններից, այլ ոչ թե ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց մեղադրելու, մերժելու և հասարակությունից մեկուսացնելու ճանապարհով: Ասում են՝  «աղքատությունը գլխիդ մեջ է»: Ուրեմն, եթե մարդ անցյալ տարի աղքատ էր, մեղավորն իշխանություններն էին, եթե հիմա է աղքատ՝ ինքն է մեղավոր: Արդյո՞ք սա արդար մոտեցում է»,- հարցրեց բանախոսը:

Կառավարության քայլերում նա տեսնում է սոցիալական արդարության հաստատմանը հակասող քաղաքականություն և փոփոխություններ, որոնք մեծ հետևողականությամբ առաջ են մղում այսօրվա իշխանությունները: Դա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատավորումն ու եկամտահարկի համահարթեցումն է: Նա հիշեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը պետք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող ու երեք լեզվով խոսողների երկիր. «Իսկ բանվորնե՞րը, արհեստավորնե՞րը, գյուղացինե՞րը: Նրանք երկիր չպե՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նվազ պատվաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը»:

«Աղքատության և սոցիալական անհավասարության այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակություն: Սոցիալական պետության կառուցման հեշտ ճանապարհ չկա: Համաշխարհային պատմությունը վկայում է, որ այս գիտակցումը մերժող շատ իշխանություններ ձախողվել են իրենց երկրներում: Իշխանության կողմից միայն արբիտրի դեր ստանձնելով, շուկայական մրցակցությանը ապավինելով, անօրինական երևույթները բացառելով՝ անհնար է ապահովել սոցիալական արդարություն, հանրային լայն բարեկեցություն: Քանի դեռ մեր իշխանություններն այս պարզ ճշմարտությունը չեն գիտակցել, նրանք ստիպված են լինելու վարչապետի ու նրա ընտանիքի հագուկապը ներկայացնել որպես ձեռքբերում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031