«Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը պատրաստ են եւ կկարողանան կատարել իրենց առջեւ դրված բոլոր առաջադրանքները»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե՝ օրերս Ադրբեջանում ակտիվացել են «Շուշին գրավելու» մասին խոսակցությունները, եւ նույնիսկ ֆլեշմոբեր են անում:
Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ «Ֆլեշմոբերի եւ այլնի մասով իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարին կդիմավորի Երեւանում եւ կամ այլ տեղ: Իրականում նա (նկատի ունի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին) վերջերս առաջնագիծ գալով՝ փախուստի էր դիմել մեր զինվորների վերահսկելուց հետո: Այցելել էր սահման, որից հետո փախուստի է դիմել, որովհետեւ հայտնվել է մեր զինվորների վերահսկողության տակ: Այս առումով, կարծում եմ, այդ ֆելշմոբերը ազդեցություն չեն ունենա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ