Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը Քոչարյանի գործով քննադատել է Սահմանադրական դատարանին

Մայիս 23,2019 19:07

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 5 դատավորները հայտարարություն են տարածել, որում մեղադրում են Սահմանադրական դատարանին գործառութային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ։

«ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:

Հիմնական օրենքը ՍԴ-ին վերապահել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու, իսկ վճռաբեկ դատարանին՝ հիմնարար խախտումները վերացնելու, ինչպես նաև օրենքների և նորմատիվ այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունները ապահովելու եղանակով արդարադատություն իրականացնելու առաքելությունը: Սահմանադրական և վճռաբեկ դատաստանների կողմից օրենքների մեկնաբանության գործառութային սահմանները կանխորոշող ելակետային չափանիշը հենց այդ առաքելությունն է:

Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ: Մինչդեռ ՍԴ-ի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք:

Միաժամանակ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ինչպես նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է առաջին ատյանի դատարան, միջնորդում ենք քննարկել ինչպես սույն հայտարարությունըմ այնպես էլ դռնփակ դատական նիստում քննված Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքէջում տեղադրելու հարցը՝ հրապարակային դարձնելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները»։

Հայտարարության տակ ստորագրել են 5 դատավորներ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Սամվել Օհանյանը, Ելիզավետա Դանիելյանը, Համլետ Ասատրյանը և Արթուր Պողոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031