Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Զոհրաբյան, դուք մուշտակ ունե՞ք». ԱԺ-ում զավեշտալի քննարկում է՝ ճանճ ու սարդ տրորելու, հարսանիքին աղունիկ թռցնելով նվաստացնելու մասին

Մայիս 23,2019 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության այլ պատգամավորների հետ համահեղինակությամբ նոր նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը, որով  առաջարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել, տուգանքները մեծացնել: Նա ասաց, որ խոսքը չի վերաբերում այն դեպքին, երբ մարդն ուզում է մի ամլիկ գառ մատաղ անի: Պետք է կենդանու նկատմամբ ծաղրուծանակը, խոշտանգումը արվի հրապարակային, խմբակային, մի քանի անձանց հետ, անչափահասի ներկայությամբ եւ այլն:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ կենդանի ասելով՝ դուք ի՞նչ եք հասկանում, երբ կենդանի բառի սահմանումը չկա. «Կենդանական աշխարհի մասին» օրենքում նախ պետք է փոփոխություն արվի. «Ասենք, հարուցեցինք քրգործ, ունենք հոդված՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, քննիչը, դատավորը հարցնելու են՝ ո՞րն է կենդանին»:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Հիմա եթե ճանճ տրորելով՝ մենք ոտնահարելու ենք հասարակության բարոյական արժեքները եւ հասարակության էմոցիաները դրանից տուժելու են, եկեք ճանճին էլ համրենք կենդանի: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որոնք են կենդանիները: Մենք մեր նախագծում չենք նշել, որ ճանճին կարելի է, սարդին չի կարելի»:

Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Ցավն այն է, որ որեւէ նախադեպային կարգավորում չկա հասկացության վերաբերյալ: Միանշանակ, օրենքի կիրառման հետ կապված խնդիր ենք ունենալու, չկանգնենք մի իրավիճակի առաջ, որ քրեականացվում է ու չի կիրառվում, անպատժելիության մթնոլորտ է առաջացնում»: Կառավարության ներկայացուցիչը հանկարծ Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ մուշտակ կրո՞ւմ եք, բնական մորթուց մուշտակ ունե՞ք: Նա պատասխանեց. «Ե՞ս: Այո, ունեմ»: Ուստի կառավարության անդամը երկխոսությունը շարունակեց՝ ի՞նչ ճանապարհով է մուշտակը սարքվում, դա եւս խոշտանգում է կենդանու նկատմամբ: Նաիրա Զոհրաբյանը միանգամից համաձայնեց. «Թող ինձ դատեն»:

Աննա Վարդապետյանը շարունակեց հարցադրումները. «Դուք ասում եք՝ գառնուկին կարելի է մորթել, իսկ այդ դեպքում, հազար ներողություն, եթե ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորում եմ, բայց եթե կատվին մորթեն, գառնուկի եւ կատվի գինը տարբե՞ր է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք բոլորս հասկանում ենք, մենք տեսնում ենք, որ դաժանաբար խոշտանգում են շներին, կատուներին, թռչուններին: Ես չեմ տեսել, որ մեկը դաժանաբար խոշտանգի գառնուկին, կապի մեքենայից, քարշ տա»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պետք չի շարժվել խելագարության կանխավարկածով, ասենք՝ հարսանիքի համար աղունիկ թռցնելը համարեն, որ աղունիկին նվաստացրեց:

Բանը հասավ նրան, որ պատգամավորներից ամեն մեկը սկսեց իր օրինակը բերել՝ բա որ կովը ճամփեն փոխի, գյուղացին մահակով ծեծի, որ կովը գա իր հետ, դա խոշտանգո՞ւմ է, թե՞ խոշտանգում չէ:

Ի վերջո` կառավարությունն առաջարկեց նախագծում բոլոր բացթողումները լրացնել, համապարփակ մի նախագիծ մշակել, նոր դնել շրջանառության մեջ:

Նաիրա Զոհրաբյանը դժվարությամբ համաձայնեց՝ «Բա ես հիմա իմ տան կատվին, շանը, թութակին ի՞նչ պիտի պատասխանեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031