ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, իր պնդմամբ՝ տեղեկացված չէ, թե ինչ կարգավիճակ ունի իր եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետը: Օսիպյանը վստահեցրեց՝ եղբոր ընտանիքի հետ շփվում է, իսկ կոնկրետ եղբորորդու հետ՝ ոչ:
«Պատժել եմ իրեն՝ չշփվելով: Իրեն ասել եմ՝ մինչեւ դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու: Առաջին օրվանից անցել է 5 տարի, առաջին օրվանից ինձ վստահեցնում է որ ինքը չէ, ունի բավարար ապացույցներ, ինքը եղել է կռվի մասնակից, բայց ինքը չի եղել դանակահարողը»:
2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մասնակցել էր այն ժամանակվա փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, որին մեղադրանք էր առաջադրվել, սակայն նա հեռացել էր Հայաստանից: Սեդրակը մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը փակվել էր, այժմ այն վերաբացվել է՝ այլ հոդվածով:
«Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե քո որդին չէ (նկատի ունի դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանին՝ Սամվել Հովհաննիսյանի եղբորը Ն.Բ), ապա ինչո՞ւ ես 2-3 ժամ անց քո որդուն տանում Հայաստանից: Եթե դուք մեղադրում եք ոստիկանապետ Օսիպյանին, ապա ինչո՞ւ եք դեպքից անմիջապես հետո գալիս Օսիպյանի բնակարան: Ո՞վ է ձեզ հրավիրել: Ինչո՞ւ եք դուք տալիս ձեր տղայի հեռախոսահամարը, որ Օսիպյանը կապ հաստատի նրա հետ: Այդքանից հետո Օսիպյա՞նն է մեղավոր: Որպես ոստիկանապետ, որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ ես չեմ խառնվում այս գործին: Ես վստահ եմ, որ ինքը կապացուցի իր անմեղությունը: Ինքը ունի համապատասխան ձայնագրություն»:
Կարդացեք նաև
Իսկ դեպքից հետո իր եղբորորդու՝ ՀՀ-ից փախուստի մասին դիտարկմանն ի պատասխան Օսիպյանն ասաց. «Համենայնդեպս խափանման միջոցը փոխելուց հետո Սեդրակը մնաց Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ, որքանով տեղեկացված եմ, ՀՀ-ում է, միգուցե դիմեք իրեն այս հարցով»:
Լրագրողի հարցին՝ Սամվել Հովհաննիսյանը հայտարարում է՝ ունի ձայնագրություն Օսիպյանի մասնակցությամբ, ոստիկանապետը պատասխանեց.«Տեղյակ եմ, կարող եմ ձեզ տրամադրել նույն ձայնագրությունը: Այդ ձայնագրության մեջ ես ընդամենն իր ընկերոջը հորդորում եմ ճիշտը պատմել, որ ինքը մասնակից է եղել այդ դեպքին: Իր ընկերն է ձայնագրել: Եթե ինքը ունենար որեւէ ավել բան իմ դեմ, 5 տարվա ընթացքում արդեն տրամադրած կլիներ: Իսկ Սեդրակ Օսիպյանն ունի ձայնագրություն, որ դեպքից անմիջապես հետո Սամվել Հովհաննիսյանը գտնվել է այնտեղ»:
Օսիպյանը վստահեցնում է՝ այսօր Հայաստանում իրավիճակ է փոխվել, եւ նախաքննական մարմինները կարող են օբյեկտիվ որոշումներ կայացնել:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դեպքից 5 տարի հետո դանակահարվածի հարազատները ցուցմունքները փոխել են, Օսիպյանը պատասխանեց.«Դեպքից հետո այնտեղ եղել է կին, որը բղավել է, որ Սեդրակ Օսիպյանն է, որ ամեն ինչ ուղղվի նրա դեն: Ավելին` չեմ կարող ասել: Վստահ եմ, որ ՀՀ-ում այնպիսի վիճակ է, որ նախաքննական մարմինները կարող են օբյեկտիվ որոշումներ կայացնել: Իսկ այն, որ իմ եղբորորդին չէ մեղավորը, վստահեցնում եմ»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ