«Իշխանությունում ով էլ լինի, ինչ գույն էլ լինի, մենք նեցուկ ենք կանգնելու»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության անդամ Ալեքսան Կարադանայանը:
Մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) 28-րդ պատգամավորական ժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Վարչության անդամ Ալեքսան Կարադանայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ պատգամավորական ժողովին մասնակցում են աշխարհի 20 երկրներից պատգամավորներ, և մայիսի 26-ին ընտրվելու է առաջիկա երեք տարվա ղեկավար մարմինն ու ծրագրերը:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք ընդհանրապես ՀՀ բոլոր իշխանությունների հետ էլ համագործակցել ենք, քանի որ սփյուռքը պիտի աշխատի սփյուռքի, մշակույթի նախարարությունների, տարբեր նախարարությունների հետ, ենթադրաբար սփյուռքի կառույցները կամ կուսակցությունները պետք է աշխատեն իշխանությունների հետ: Իշխանությունում ով էլ լինի, ինչ գույն էլ լինի, մենք նեցուկ ենք կանգնելու: Թավշյա հեղափոխությունը, որ եղավ, ինչո՞ւ չէ մեր կուսակցական շրջանակներն էլ բոլորը՝ մեծամասամբ նեցուկ կանգնեցին: Ընկեր Ասատուրը երրորդ օրը կհայտնի մեր մտահոգությունների, ծրագրերի մասին: Բայց ինչպես հայ ժողովրդի մաս կազմած կուսակցություն սփյուռքում, 100 տարի արդեն, անշուշտ կուզենք, որ ՀՀ-ն ավելի բարգավաճի, ավելի լավ տնտեսական իրավիճակ ունենա և տնտեսական զարգացում ապրի»:
Կարդացեք նաև
Ալեքսան Կարադանայանն ասաց, որ իրենց շարքերում կան գործարարներ, որոնք պատրաստ են ներդրումներ անել, եթե ամեն ինչ լավ ընթանա:
Մեր հարցին՝ ընդունելի համարո՞ւմ են վերջին շրջանում դատական համակարգում փոփոխությունների համար ընտրված ճանապարհը, Ալեքսան Կարադանայանը պատասխանեց. «Մենք մայիսի 26-ին հանդես կգանք հայտարարությամբ: Երբ վարչությունն ընտրվի՝ նոր վարչությունը հայտարարությամբ հանդես կգա: Ամեն օր հետևում ենք, դեռ չենք ուզում մեկնաբանություն տալ, թե Հայաստանի դատավճիռն ինչ պիտի լինի: Սխալ կլինի հիմա կուսակցության անունից հայտարարությամբ հանդես գամ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ի օգոստոսին հանդիպում է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին