Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը` ինտելեկտի, գեղեցիկ կանանց ու բացառիկ նվերի մասին (Ֆոտոշարք)

Մայիս 23,2019 23:00

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հաջողության պատմությունը

«Երաժշտության մեջ ավելի ուժեղ եմ»

Aravot.am-ի հետ զրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մանկությունից ինչ-ինչ դրվագներ հիշեց, որոնցից ամենատպավորիչը Ռոստրոպովիչի եւ Սպիվակովի հետ հանդիպումն էր: Վերջինիս հետ հանդիպել է, երբ 6 տարեկան էր, ասում է` դա իսկական շոկ էր երեխայի համար, որը երազում էր երաժիշտ դառնալ: Երաժիշտների միջավայրում մեծացած Սերգեյ Սմբատյանի հաջորդ շոկը այլ պատճառով էր. «Ապշել էի, երբ 4-5 տարեկանում իմացա, որ մարդ կարող է չլինել երաժիշտ: Դա հորս ընկերն էր, որ եկել էր ԱՄՆ-ից… Ես այնպիսի հայացքով էի նայում, որ մարդը զարմացել էր»:

Իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, որոնք են այն առկայծումները, որոնց վրա հղում անելով` երջանիկ է:

«Ես ինձ համարում եմ հաջողակ ու երջանիկ, որովհետեւ հասկացել եմ, որ երբ երաժշտության մեջ եմ` պարապում եմ, փորձ եմ անում, պրոցեսի մեջ եմ, ժամանակն ինձ վրա չունի ոչ մի ծանրաբեռնվածության ուժ: Երաժշտության մեջ ավելի ուժեղ եմ դառնում:

Տիգրան Մանսուրյանի հետ:

Հիմա մեր նվագախումբը նախարարության հետ «ԴասA» նախագիծն է իրականացնում ավագ դպրոցներում: Ես միշտ մտածել եմ, որ լավագույն խորհուրդները ոչ թե բանավոր են տրվում, այլ գործով, մարդկանց գնահատելով, արժեւորելով: Երբ մարդ զգում է իր մեջ այն կոդավորված ուղերձները, հասկանում է, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրի, դա արդեն երջանկություն է:

Օրինակ, ես արթնանում եմ ամեն առավոտ եւ գիտեմ, որ զբաղվելու եմ երաժշտությամբ: Դա ինձ անհավանական ուժ է տալիս, ինձ երջանիկ եմ զգում: Ի դեպ, ես հաջողությունը չափում եմ մասնագիտական առումով ինքնաբավարարված լինելով: Այնքան շատ եմ սիրում երաժշտական աշխարհը, ընկերներ, նվագախումբ, պարտիտուր, որ  երբեք չեմ պատկերացրել, թե կարող է լինել ազատ  ժամանակ: Կարծում եմ` լիարժեք երջանիկ լինելու համար ճիշտ մասնագիտություն ընտրելը այնպիսի քիմիա է գիտակցության եւ ենթագիտակցության մեջ, որ եթե աշխատում է, հրաշալի է»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

 «Հումորը մոտիվացիոն գործիք է»

Հարցին` շատ է շփվում միջազգային մասշտաբով երաժշտության կորիֆեյների  հետ, ի՞նչ կպատմի նրանց մարդկային որակների ու հումոր մասին, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց. «Ես նկատել եմ, որ բոլոր մեծ երաժիշտները հումորով են: Ընդհանրապես հումորը գործիք է, որն ինչ-որ առումով ինքնապաշտպանական խնդիր է լուծում: Մեծ երաժիշտները սուր հումոր ունեն, օրինակ, Գերգիեւը, Վենգերովը, Գիդոն Կրեմերը, Ակարդոն…Իրենք նաեւ շատ պարզ են,  անկեղծ ու հասարակ…Հիշում եմ` տարիներ առաջ մաեստրո Գերգիեւը պետք է համերգ տար ու փորձ էր անում նվագախմբի հետ: Փորձն ավարտվեց, բայց մի քիչ էլ փորձելու տեղ կար:  Նա խնդրեց մի 10 րոպե էլ փորձել, թեեւ ընդհանրապես աշխարհում ընդունված չէ նման  բան: Ընդ որում, նվագախումբն ինքը ցանկացավ, որ եթե մաեստրոն ուզում է` էլի փորձեն:

Սերգեյ Սմբատյանի ընտանիքը

Սերգեյ Սմբատյանի ընտանիքը

Դրանից հետո նրա հիացմունքն այնքան ուժեղ էր նվագախմբով…Եվրոպայի, Ամերիկայի նվագախմբերի դեպքում բացառված է, չի կարող լինել նման բան…Ես մինչեւ հիմա իր հիացմունքը, 100 անգամ շնորհակալություն հայտնելը չեմ մոռանում…Փաստ է, որ մեծ երաժիշտները շատ հասարակ են ու նաեւ շատ զգայուն` իրենց ցուցաբերված վերաբերմունքի նկատմամբ:  Ինչ վերաբերում է հումորին, այն մոտիվացիոն գործիք է երաժիշտների համար, որ նվագախմբին կարողանան  համոզել, դրդել նվագել այն սկզբունքով, ինչպես իրենք են ցանկանում»:

Սերգեյ Սմբատյանը`  իր պատրաստած ձվածեղի, տատիկի ու «վազող» կյանքի մասին

Հարցրինք` խոհանոցում   երբեւէ ինչ-որ բան պատրաստե՞լ է: «Այո, շատ լավ ձվածեղ եմ պատրաստում` մաեստրոյի մակարդակի: Հոգով եմ պատրաստում: Այ լոլիկով ու այլ բաներով դեռ չեմ փորձել, դա մի քիչ բարդ կլինի ինձ համար, դրա փոխարեն կարող եմ մի սիմֆոնիա ղեկավարել»,-ժպտալով պատասխանեց մաեստրոն:

Այն հարցին` ինչը կարող է ոգեւորել եւ հիասթափեցնել, հետեւյալ կերպ արձագանքեց. «Կարող եմ հիասթափվել, եթե ինչ-որ մարդու կամ երեւույթ ընկալած լինեմ ոչ այնպես, ինչպես պետք էր: Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ` չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հիասթափվել, որովհետեւ նախ ժամանակ չունեմ, հետո հիասթափվելն այն սինդրոմն է, որ չեմ կարծում, թե մարդը իրեն պետք է շատ թույլ տա: Տարբեր հասարակություններում ապրող մարդիկ տարբեր խնդիրներ ունեն, պետք է փորձել սահմանափակել հիասթափության զգացումը»: Հավելեց, որ ոգեւորվել կարող է դրական շփումներից, ամեն  լավ բանից, լավ երաժշտությունից:

Տատյանա Հայրապետյանի եւ Էդվարդ Միրզոյանի հետ:

Մեր զրույցի ժամանակ Սերգեյ Սմբատյանն իր տատիկին` Տատյանա Բագրատովնա Հայրապետյանին էլ անդրադարձավ, որը եղել է իր առաջին ուսուցիչը եւ Պ. Չայկովսկու անվան երաժշտական  դպրոցի երկարամյա տնօրենը. «Ես տատիկիս հետ եմ որոշել երաժիշտ դառնալ, որովհետեւ ապրում էի նրա հետ, երբ ընտանիքս Մոսկվայում էր: Ընդհանրապես, այն բոլոր արժեքները, որ իմ մեջ կրում եմ, որոնց մեջ ամենակարեւորը երաժշտության հանդեպ սերն է, տատիկիս շնորհիվ է»:

Արքայազն Չարլզի եւ Հովհաննես Չեքիջյանի հետ

Մեր հարցին` կցանկանա՞,  որ որդին էլ գնա հոր ճանապարհով, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց. «Զգում եմ, որ իմ տղան նման նախադրյալներ ունի, սիրում է երաժշտությունը,  համերգները մինչեւ վերջ լսում է: Արվեստում, երաժշտության մեջ, մի միստիկ բան կա` կարող եք ամբողջ կյանքում սովորել, բայց վերջում ոչինչ չստացվի: Այսինքն` ոչ մի հաշվարկ չկա: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ սովորել եմ Ցյուրիխում, որոնք ջութակ էին նվագում, ու առաջին երկու ժամը լսելուց հետո մտածում էի, թե իմ ինչին էր սա պետք, Նրանց կողքին ընկերներիցս 2-ը երաժշտությամբ չեն զբաղվում, թեեւ տաղանդավոր են: Ասածս այն է, որ միայն տաղանդը քիչ է, անհրաժեշտ է հաջողություն, միջավայր, ժամանակ, նպատակասլացություն եւ ցանկություն` գնալու այդ ուղղությամբ: Օրինակ ես, 4 տարեկանում ուզում էի դառնալ ջութակահար, որովհետեւ տեսնում էի տատիկիս աշակերտներին…Հիմա մի քիչ արժեհամակարգը փոխվել է, սկսել ենք ավելի արագ ապրել, համարյա վազքով, մինչդեռ ամեն ինչ պետք է բնական ստացվի»:

Քշիշտոֆ Պենդերեցկու հետ

Նվերներին էլ անդրադարձ եղավ: Մեր զրուցակիցն ասաց, որ չի սիրում անհիմն, անիմաստ նվերներ եւ դրանք համարում է ծաղրանկարային արժեքի, կենցաղային նվերներից հաճույք չի ստանում, բայց վերջերս բացառիկ մասնագիտական նվեր է ստացել` Սկրյաբինի Երրորդ Սիմֆոնիայի պարտիտուրը:

«Ինտելեկտուալ մարդը սահման չի անցնում»

Ոգեւորության մասին մեր զրույցին վերադառնալով` հիշեց ավագ դպրոցների հետ հանդիպմանը իր եւ մի աշակերտուհու զրույցը: Երբ երեխան ասել էր, որ սիրում է դասական երաժշտություն, ու ինքը հարցրել էր, թե կոնկրետ ի՞նչ, աղջկա պատասխանն ուղղակի ապշեցրել էր: «Հարցրի` ինչ է լսում: Ասաց` Պրոկոֆեւ Скифская сюи́та: Դա սիմֆոնիկ աշխարհի ամենադժվար գործերից է: Այդ պահին բացառիկ էներգետիկ ազդակ ստացա…Ավագ դպրոցի  աշակերտուհին ասում է, որ ամեն օր Պրոկոֆեւ է լսում: Կարծիք կա, որ դասական երաժիշտներն անհաջողակ են, գումար չունեն ու հասարակություն մեղավոր է դրանում: Մենք երեխաներին ցույց էինք տալիս, որ ընդհակառակը` դասական երաժիշտը հաջողակ է, ունի էլիտար ունկնդիրներ: Ես ներկայացնում էի, որ, օրինակ, Զալցբուրգի փառատոնը շատ ավելի կայացած ու հարուստ է, քան բոլոր փոփ փառատոները միասին, երեխաների համար դա շոկային տեղեկատվություն էր:  Մեր ցանկությունն է, որ դասական երաժշտությունը երեխաների կյանքում կերպ դառնա: Եվ եթե իրենք տեսնեն, որ լիարժեք ապրելու համար պետք է տարեկան 2 անգամ համերգի գան, ուրեմն շատ կայուն  հասարակություն կդառնանք, որովհետեւ այն մարդը, որ տարեկան գոնե 2 օր  լսի Շոստակովիչ, Խաչատրյան, Պրոկոֆեւ, ուրիշ արժեհամակարգ կունենա:

Մաքսիմ Վենգերովի հետ

Ինտելեկտուալ մարդը արժեք է, նա կյանքում վնաս չի պատճառում ուրիշին, դրա մեջ է ինտելեկտի հզոր ուժը: Կրթված, տեղեկատվությամբ ծանրաբեռնված մարդը երբեք սահմանը չի փորձում անցնել: Ապացուցված է, որ մարդու  ուղեղի վրա ամենաարագ ազդող գործիքը երաժշտությունն է, մենք կարող ենք հաջողություններ ունենալ, եթե մեր երեխաներին տանք այլընտրանք, որ զգան դրա պահանջը»:

Ջոն Մալկովիչի հետ

Ընկերության մասին խոսելիս, դիրիժորը նշում է, որ լինել ընկեր` նշանակում է սիրել. «Ընկերությունն ուղղակի բանավոր արժեք չէ, պետք է զգալ, որ ուժեղ եք ընկերների շնորհիվ»: Գեղեցիկ կանայք, իր համոզմամբ, խելացի կանայք են: Ասում է` ինտելեկտի գործակցով է պայմանավորված  կնոջ գեղեցկությունը, մարդու արտաքինը եւ ներքինը փոխկապակցված են: Նաեւ փաստում է, որ փոքրիկ Նապոլեոն լինելու ու բարդույթներ հաղթահարելու լավագույն միջոցը ինտելեկտն է, եւ իր խոսքով, պատահական չէ, որ այսօր աշխարհը խոսում է Մոցարտի էֆեկտի մասին, երբ մարդու ուղեղը մի քանի անգամ ավելի արագ է աշխատում նրա երաժշտության ներքո: Ասում է, որ ամենակայացած ֆորումներում, ինչպես Դավոսինն է, մարդիկ խոսում են նաեւ տաղանդի ուժի մասին ու կապիտալիզացիա բառը  բառապաշարից վերանում է, քանի ամենամեծ կապիտալը տաղանդների թիմն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031