ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը, որով առաջարկում է, որ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ պատգամավորի գրավոր հարցմանը պետք է պատասխանել հնգօրյա ժամկետում: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը կարող են պատգամավորին տալ դիմումը ստանալուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:
Գործող կարգավորումներով պատգամավորների գրավոր հարցմանը կարող են պատասխանել երեքշաբաթյա ժամկետում:
Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ Բագրատյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ասաց. «Պարոն Զեյնալյանի մոտեցումն ինձ զարմացրել է, որովհետեւ պարոն Զեյնալյանին մենք գիտեինք՝ որպես լավ, ակտիվ պատգամավոր, բայց զարմացած էի, որ կառավարության անդամների մոտ շատ ավելի բյուրոկրատ էր, քան կառավարության մյուս անդամները: Ես կցանկանայի, որ պարոն Զեյնալյանը էդ փափուկ աթոռից իջներ, պատգամավորների կողքը նստեր, հակառակ կարծիք չունենար»: Նա հորդորեց պատգամավորներին կառավարության մոտեցումն այս հարցում հիմք չընդունել:
Կարդացեք նաև
Պատգամավորներից մեկն ասաց, որ մեր աթոռն էլ վատը չի, փափուկ է, Բագրատյանը չհամաձայնեց. «Կառավարության ներկայացուցիչների աթոռներն ավելի՛ փափուկ են, համենայնդեպս, պարոն Զեյնալյանի դեպքում ես էդ փափկությունը զգացել եմ»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ դուք նստել եք էդ աթոռին, հա՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ