Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ ո՞վ է որոշել՝ զոհված զինծառայողին տրամադրվող օգնությունից մե՞ծ գումար է գնում, թե՞ այնքան էլ մեծ գումար չի գնում». Տիգրան Ուրիխանյան

Մայիս 23,2019 17:27

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարել: Կազմակերպությունները հաշվետվությունները ներկայացնելիս Azdarar.am-ին վճարում են կատարում եւ հրապարակում իրենց հաշվետվությունները, տեղեկատվությունները: Դա վերաբերում է նաեւ հիմնադրամի կարգավիճակ ունեցող, բարեգործական կազմակերպություններին: Հիմա Ուրիխանյանն առաջարկում է, որ «Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամը», որը հասարակությանը հայտնի է որպես «1000 դրամների» հիմնադրամ, չվճարի ազդարարին: Այդ հիմնադրամի միջոցներով օգնություն է տրամադրվում զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավորված զինվորներին: Նա ասաց, որ այդ հիմնադրամում բոլորը աշխատում են անվճար՝ տնօրենից սկսած, մինչեւ հոգաբարձուների խորհուրդը, բայց մի հաշվետվություն ներկայացնելու համար պետք է վճարես մի քանի հարյուր հազար դրամ, կամ մի քանի տասնյակ հազար. «Կառավարության եզրակացության մեջ գրված է՝ այնքան էլ մեծ գումարներ չեն, չհասկացա, էդ ո՞վ է որոշել՝ զոհված զինծառայողին տրամադրվող օգնությունից մե՞ծ գումար է գնում, թե՞ այնքան էլ մեծ գումար չի գնում պետական հրապարակային ծանուցման միջոցով տեղեկատվություն հրապարակելու համար»:

Հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանն ասաց, որ Ուրիխանյանն այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում է, այսինքն, նա շահագրգիռ անձ է: Ուրիխանյանն էլ պատասխանեց. «Խնդրում եմ, այդ սխալը թույլ չտաք, ես պետական կառույցի ներկայացուցիչ եմ եւ պաշտպանում են զոհված եւ վիրավոր զինծառայողների շահը, ի՞նչ շահագրգռության մասին է խոսքը: Ձեր ասածն ընդունում եմ որպես չափազանց անհարիր եւ ոչ կոռեկտ արտահայտություն»:

Բաղդասարյանն էլ արձագանքեց. «Դուք, հավանաբար այսօրվա քննարկման արդյունքում որոշակի նյարդային լարվածություն ունենալով՝ ուզում եք իմ հարցին այլ ենթատեքստ տա՞լ: Եթե հանդիսանում եք տվյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նշանակում է շահագրգիռ եք»: Ուրիխանյանը դժգոհեց, թե՝ ես հայ ազգի շահերն եմ պաշտպանում:

Պատգամավորները հարցրեցին, թե ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը, Ուրիխանյանն ասաց, որ վերջին հաշվետվության գումարը 80 հազարից ավելի դրամ է կազմել, բայց դա չի կարեւորը, բարոյական մասն է էական. «Կարող է 8 դրամ կազմի, բայց չպիտի՛ գնա զոհված զինծառայողի ընտանիքի հաշվին, կամ տուժած զինծառայողի հաշվին ոչ մի գումար, չկա՛ դրա անհրաժեշտությունը: Պետական ինտերնետային կայք է, թող անվճար տրամադրի»:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ երեխաների իրավունքների, ուռուցքաբանության եւ այլ կարգի հիմնադրամներ էլ կան, որոնք նույնպես վճարում են այդ գումարը, նշանակում է նրանց բոլորի համար պետք է դա դառնա անվճար. «Կամ այդ գումարը պետք է բոլորը տան, կա՛մ ոչ ոք պետք է չտա»: Ուրիխանյանն էլ հորդորեց, որ թող Բաղդասարյանն էլ առաջարկություն բերի երեխաների եւ մյուս խնդիրներով զբաղվող հիմնադրամների համար անվճար դարձնելու:

Առաջարկվեց Ուրիխանյանին հետաձգել նախագիծը, որոշ շրջանակ սահմանել, նոր դնել շրջանառության մեջ:

Ուրիխանյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ ձեզ միշտ աջակցել թե՛ քաղաքական, թե՛ այլ հարցերում, բայց ինչ վերաբերում է զոհված, տուժած զինծառայողների ընտանիքներին՝ ոչ: Բոլորդ վստահաբար կարդացել եք Մարիո Պյուզոյի հանճարեղ ստեղծագործությունը՝ «Կնքահայրը», ասում է՝ երբ խոսվում է ընտանիքի պատվի մասին, պատվի մասին խոսակցությունները տեղին չեն»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց. «Ով տեղյակ չի, ասեմ, որ խոսքը վերաբերում է քրեական հեղինակության կողմից հնչեցված արտահայտության մասին, որը վերաբերում է ոչ թե ավանդական ընտանիքին, այլ՝ հանցագործ միավորմանը, հանցավոր կազմավորմանը, որը բավական երկար ժամանակ խաթարում էր Իտալիայում եւ ԱՄՆ մի շարք նահանգներում ժողովրդավարությանն ուղղված բոլոր ջանքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031