ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պետական վերահսկողական ծառայության՝ ոստիկանությունում հայտնաբերած խախտումներն անհիմն է համարում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Օսիպյանը:
Ըստ ՊՎԾ-ի, ոստիկանությունում հաշվառման պետհամարանիշերի գնման գործընթացներում խախտումներ են հայտնաբերվել:
«ՊՎԾ-ի ներկայացրած պարզաբանումը պոպուլիստական է»,-ասաց ոստիկանապետը:
Օսիպյանի խոսքով՝ «Ես կոռեկտ չեմ համարում նրանց արած այդ արտահայտությունն այս փուլում: Ստուգումները դեռ չավարտած՝ փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց: Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը կարող էր կարծիք ներկայացնել: Ըստ օրենքի՝ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է ներկայացներ վարչապետին, թե ինչ է հայտնաբերել, նաեւ ոստիկանության կարծիքը պետք է ներկայացներ: Դրանից հետո վարչապետը կորոշեր՝ որ իրավակառույցը զբաղվի այդ հարցով, կա՞ խախտում, թե՞ չէ: Դա վարչապետի որոշումը պետք է լիներ: ՊՎԾ-ն շտապեց եւ չհիմնավորված հայտարարություն արեց»:
Կարդացեք նաև
Ըստ Օսիպյանի, ոստիկանությունը թափանցիկ է. «Ես ձեզ ասում եմ՝ չկա եւ չի կարող լինել նման բան: Անհիմն եմ համարում նմանատիպ խոսակցությունները: Խոսքը վերաբերում է պետհամարանիշներին. ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ցանկացել է պետության սեփականություն համարվող առարկան պաշտպանելու համար հավելյալ լոգոներ դնել այնտեղ, որ կեղծիքներ չլինեն: Մրցույթը շահել է ռուսական կազմակերպություն, որի բողոքի վրա էլ ՊՎԾ-ն մտել է ոստիկանություն:
10 տարի շարունակ այդ մրցույթը մի կազմակերպություն է շահել: Ես աջակցել եմ այդ ռուսական կազմակերպությանը, որպեսզի մասնակցի մրցույթին»:
Արդյոք ոստիկանապետն իրավունք ունե՞ր աջակցելու որեւէ կազմակերպության՝ մասնակցելու պետգնումներին, Օսիպյանը պատասխանեց. «Աջակցությունս եղել է հետեւյալ կերպ՝ այդ կազմակերպությունից ցանկացել են հանդիպել ոստիկանապետի հետ, ես հանդիպել եմ՝ չիմանալով թե ով է: Ինքն ասաց, որ տարիներ շարունակ դռները փակ են եղել դեպի ոստիկանություն, ես էլ ասացի՝ կարող եք մասնակցել մրցույթին, ո՞վ է ձեզ խանգարելու»:
Օսիպյանը տարօրինակ է համարում, որ մրցույթը շահած այդ կազմակերպության բողոքի հիման վրա է ՊՎԾ-ն սկսել ոստիկանությունում ստուգումները. «Գործընթացը կավարտվի՝ իրավական գնահատական կտանք: Ամեն ինչ չեմ կարող ասել, բայց միայն անցած տարի իմ պաշտոնավարման ընթացքում գնումներով տնտեսել ենք 500 մլն դրամ: Այս տարվա հունվարից տնտեսել ենք շուրջ 450 մլն: Հուլիսին մենք կունենանք տնտեսած մոտ 1 միլիարդ դրամ: Ոստիկանությունը թափանցիկ է աշխատում, այսքան պարզ երբեւիցե չի եղել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ