Մայիսի 24-ին կմեկնարկի Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես Aravot-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանը, միջոցառումը նշանակալի է, այն փաստացի շարունակությունն է նախկինում կրկին Հայաստանում կայացած առաջին եւ երկրորդ գիտաժողովների:
«Գիտաժողովին մասնակցելու են հյուրեր արտասահմանյան երկրներից, այդ թվում` ազգությամբ թալիշ գիտնականներ եւ հասարակական գործիչներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից: Ունենք նաեւ հայաստանցի մասնակիցներ: Գիտաժողովի հիմնական խնդիրը Հայաստանում զարգացող թալիշագիտության ձեռքբերումները նաեւ միջազգային հանրությանը ներկայացնելն է:
Ըստ էության մենք անցկացնում ենք ակադեմիական հերթական միջոցառումը, որը նաեւ ինչ-որ առումով մշակութային եւ հումանիտար օգնություն է մեր տարածաշրջանում բնակվող թալիշ ժողովրդին, որովհետեւ, ցավոք սրտի, ադրբեջանաբնակ թալիշները զրկված են ոչ միայն իրենց մշակույթը, լեզուն եւ պատմությունն ուսումնասիրելուց, այլեւ այդ ոլորտում որեւէ հանրային միջոցառում կազմակերպելու տարրական իրավունքներից:
Հետևաբար` այս իմաստով Հայաստանը եւ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը բացառիկ դերակատարություն ունեն թալիշների լեզուն, մշակույթը եւ պատմությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, Ադրբեջանական Հանրապետության տարածքում բնակվող տեղաբնիկ այս ժողովրդի հետ հոգեւոր կապը պահպանելու առումով, ինչը նաեւ նպաստում է մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը»,- ասաց իրանագետը:
Կարդացեք նաև
«Մենք ունենք բացառապես գիտական եւ ակադեմիական միջոցառում, որը նաեւ իր մեջ պարունակում է հումանիտար բաղադրիչ կամ այլ խոսքերով` ժողովրդական դիվանագիտության որոշակի տարրեր, ինչը միտված է ամրապնդելու հայերի եւ Ադրբեջանում բնակվող ու Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ճնշումների ենթարկվող տեղաբնիկ ժողովուրդների միջեւ կապը»:
Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք Մատենադարանում պահպանվող թալիշներին վերաբերող պատմական աղբյուրների մասին:
«Հայկական սկզբնաղբյուրները կարեւոր տեղեկություններ են պարունակում թալիշ ժողովրդի պատմության վերաբերյալ: Մենք թալիշ էթնիկական անվան առաջին վկայությունն ունենք 5-րդ դարում թարգմանված «Ալեքսանդրի պատմություն» երկում: Այս իմաստով, հայկական պատմական սկզբնաղբյուրները կարող են կարեւոր նշանակություն ունենալ թալիշ ժողովրդի եւ թալիշաբնակ տարածքների պատմությանը վերաբերող կնճռոտ հարցերի վրա լույս սփռելու առումով: Այնպես որ, 5-րդ դարից սկսած` հայերս իրականացրել ենք նման մշակութային առաքելություն:
Ամենացայտունը Մեսրոպ Մաշտոցի օրինակն էր, որը գրային համակարգեր ստեղծելով հայերենի համար, միեւնույն ժամանակ գրային համակարգեր էր մշակել մեր հարեւան Հարավային Կովկասի տարածաշրջանում բնակվող ժողովուրդների` վրացիների եւ Աղվանից ցեղերի համար: Եվ այս առումով, ամենեւին տարօրինակ չէ, որ Հայաստանում ակադեմիական շրջանակներում շարունակվում է այդ ավանդույթը»,-հայտնեց գիտնականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ