Երեւանում օրերս օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունը կանգնեցրել էր մի ավտոմեքենա, որի ուղեւորներից էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանները հայտարարում էին, որ պետք է զննություն իրականացնեն, սակայն, ինչպես Բալասանյանն էր վստահեցրել՝ զննություն այդպես էլ չկատարվեց:
Ոստիկանությունն այդ օրը տվյալ ավտոմեքենայում ապօրինի զենք-զինամթերք գտնվելու մասին օպերատիվ տվյալներ ստանալու մասին հայտարարություն արեց:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադառնալով այս խնդրին՝ ասաց. «Վիտալի Բալասանյանի հետ մենք ի սկզբանե որեւէ խնդիր չենք ունեցել, եւ այդ իրականացվող միջոցառումը չենք դիտարկել, որ այնտեղ գտնվում էր Վիտալի Բալասանյանը։ Ուղղակի Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել»:
Aravot.am-ի հարցին՝ ի վերջո ինչո՞ւ չիրականացրեցին նախապես հայտարարված զննությունը, Օսիպյանը պատասխանեց. «Այն, ինչ ոստիկանությանը հետաքրքրում էր, ոստիկանությունը տեղում ուսումնասիրել է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այդ դեպքում ոստիկաններն ո՞ւմ մոտ էին զենք փնտրում, Օսիպյանը չպատասխանեց, հիմնավորելով՝ օպերատիվ տվյալ է, իրավունք ունի չհայտնել այդ մասին։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ