Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարմա՛ր է, պարո՛ն նախարար, ոնց որ մեկը 3 աղջիկ ունենա ամուսնացնելու, գնաս մեկին ուզես, ասես՝ չէ, 2022 թվին կգաք միանգամից 3-ին էլ կտամ». Գեւորգ Պետրոսյան

Մայիս 23,2019 16:37

Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության այլ պատգամավորների հետ համահեղինակությամբ նոր նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը:

Նախագծով առաջարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Կառավարությունը դեմ չի, որ նման նախագիծ ընդունվի, բայց հորդորել է սպասել մի քիչ, նախագիծը հետաձգել, որովհետեւ իրենք այդ հարցով փաթեթ են մշակում, համալիր լուծում կտան:

Այս առնչությամբ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, կառավարության այս գործելաոճի մասին խոսելով՝ ասաց. «Արդեն որերորդ տարին է, ի դեպ, այդ պրակտիկան եղել է նաեւ նախկին կառավարության ժամանակ, ներկայացնում ենք կոնկրետ հարց, կառավարությունն ասում է՝ լավ բան եք ասում, բայց քանի որ մենք նախատեսել ենք շուտով ընդունել ամբողջական նոր օրենսգիրք, մենք այդ հարցին ձեռի հետ անդրադառնալու ենք:

Ոնց որ գնաս բժշկի, գանգատվես երիկամից, բժիշկն ասի՝ մեկ է, հետո գալիս ես համալիր ստուգման, գնա, հետո կգաս: Մեր օրենսգրքերը դարձել են բաբելոնյան աշտարակաշինությունը, ասում են՝ 6 ամիս հետո, գնաց, անցավ՝ 1 տարի հետո: Քանի տարի է՝ Քրեական օրենսգիրք են ընդունում: Սա ի՞նչ է նշանակում, եթե կա խնդիրը, ի՞նչ է նշանակում ասել՝ գնա, հետո նոր օրենսգրքով կընդունենք: Ոչ, խնդիրը պետք է լուծում ստանա: Դա կենդանիների պահելու հետ կապված խնդիր չի, որ պահելու պայմանները սահմանվեն, նոր քրեական պատասխանատվություն:

Էդ նույն բանն է, ոնց որ մեկին սեռական ոտնձգության ենթարկի տղամարդը, ասեն՝ չէ, հլը եկեք մի հատ Ընտանեկան օրենսգիրքն ընդունենք, կնոջը պահելու պայմանները կոնկրետացնենք, նոր քրեորեն պատժենք: Սա պատճառաբանություն չի, պարո՛ն նախարար, անհարմա՛ր է:

Ոնց որ մեկը 3 աղջիկ ունենա ամուսնացնելու, գնաս մեկին ուզես, ասես՝ չէ, 2022 թվին կգաք միանգամից երեքին էլ կտամ, չի՛ կարելի սենց»:

Հանձնաժողովի անդամները չէին կարողանում զսպել ծիծաղը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031