«Հայ-ռուսական հարաբերություններում ես որեւիցե խնդիր չեմ տեսնում»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա վստահեցրեց՝ իր մակարդակով ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատում են. «Ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ: 3 անգամ հանդիպել ենք, շուտով հունիսի 18-ին կհանդիպեմ Ռուսաստանում: Երեւի կլինի Պատրուշեւի (ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Բ.) այցը Հայաստան, դա բանակցությունների փուլում է: Այս առումով որեւիցե խնդիր չկա: Կարծում եմ՝ ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է՝ իրականության հետ որեւէ կապ չունեցող»:
Լրագրողի դիտարկմանը՝ նախկինում խնդիրներ եղել են, քանի որ Գրիգորյանը նախկինում հակապուտինյան ցույցեր է արել, պաստառներ պահել, Արմեն Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Դուք սուտ եք ասում»: Լրագրողը հակադարձեց. «Ես սուտ չեմ ասում»: Գրիգորյանը պարզաբանեց. «Այս հարցը շահարկվում է, բազմիցս այդ հարցերին պատասխան եղել է եւ հստակ պատասխաններ: Դուք շարունակում եք դա շահարկել: Եթե դուք կբերեք ու ցույց կտաք պաստառներ, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը»:
Արցախի իր գործընկերոջ՝ Վիտալի Բալասանյանի հետ կապված միջադեպի մասին էլ Գրիգորյանն ասաց, որ այդ հարցին ավելի հստակ կպատասխանի ոստիկանապետը. «Ես առիթ չեմ ունեցել դեռ այդ թեմայով խոսելու ոստիկանության հետ: Դրա մասին ավելի մանրամասն կկարողանամ խոսել նրանց հետ խոսելուց հետո»:
Կարդացեք նաև
Օրերս Երեւանում ոստիկանությունը կանգնեցրել էր մի ավտոմեքենա, որում նաեւ Վիտալի Բալասանյանն էր, կանգնեցնելու նպատակը՝ զննությունն էր, օպերատիվ տվյալներ կային, որ ավտոմեքենայում զենք-զինամթերք կա:
Ավտոմեքենան սակայն, այդպես էլ չի զննվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ