Լրահոս
Օրվա լրահոսը

Շներին մեքենայից կապել, կենդանի-կենդանի քարշ են տվել, կատվի ձախ աչքը հանել, 4 թաթից կրակել. Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում առաջարկում է քրեորեն պատժել նրանց

Մայիս 23,2019 16:19

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության այլ պատգամավորների հետ համահեղինակությամբ նոր նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը:

Նախագծով առաջարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Ըստ հիմնավորման, ՀՀ-ում կենդանիների խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը բազմաթիվ են: Նման երեւույթները, արարքները, հատկապես ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը կամ տարածելը մեծ թվով մարդկանց պատճառում է խոր հոգեբանական վնաս՝ առաջացնելով հասարակության զայրույթը: 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտ ամիսներին ՀԿ-ների կողմից ներկայացված վիճակագրության համաձայն, շներին մեքենայից կապելու եւ կենդանի-կենդանի քարշ տալու 2 դեպք է գրանցվել նույն տարածքում տարբեր կատուների ձախ աչքը հանելու 4 դեպք, ոչ սպանելու նպատակով՝ օրինակ 4 թաթերին կրակելու 12 դեպք, սպանելու նպատակով կրակելու եւ կիսասատկած փողոցում թողնելու 28 դեպք, մեկ ամսական ձագուկ կրակելու եւ աղբամանի մոտ գցած թողնելու 5 դեպք, շնամարտի արդյունքում պարտված շանը կրակելու 4 դեպք:

Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումներով նշված դաժան արարքների վերաբերյալ նախատեսվում է տուգանք, որը բավարար չէ, որպեսզի կանխվեն նման դեպքերը:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսեւորումներով եւ հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը՝ պետք է պատժվի տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Եթե կենդանուն տանջում են, խեղում են ակնհայտ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ, այդ թվում՝ համացանցի միջոցով՝ տուգանքը պետք է ավելի բարձր լինի՝ 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկը կամ ազատազրկվի՝ 1-3 տարի ժամկետով:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունն, ընդհանուր առմամբ, կողմ է նախագծին. «Իրենք առաջարկել էին խստացնել թե՛ տուգանքի չափը, թե՛ պատժաչափը՝ մինչեւ 3 տարի ազատազրկում: Դա ընդունելի է մեզ համար, այնուհետեւ երկրորդ գրությունն ենք ստանում՝ քանի որ մենք իսկապես նպատակադրված ենք, որ այս հանցագործության քրեականացում ունենանք, սակայն գտնում ենք, որ ներկայացված նախագծով իրավիճակային կարգավորում է տրվում, հիմա նախագիծ է մշակվում, որով համալիր լուծում է տրվելու, ուստի այս նախագծերը կարող են հանդիսանալ այդ փաթեթի անբաժանելի մասը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պնդում են իրենց տեսակետը, որ հրատապ է անհրաժեշտ այս օրենքը ընդունել, որովհետեւ ոստիկանության իր հարցմամբ տրամադրված վիճակագրությունը բավականին մտահոգիչ է. «Ես չեմ կարող պատկերացնել անչափահաս կամ հասուն մարդ, որը կարող է վերցնել կատվին, մի քանի տեղից խոշտանգել եւ գցել փողոցում, ինչպես տեսանք Վաղարշյան փողոցում…Կամ շանը թիրախ դարձնել՝ դնել մի քանի դատարկ շիշ, կողքին շանը դնել ու կրակել: Չի՛ տեղավորվում, առողջ մարդու սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

Նա ասաց, որ պատրաստ են հիմա հետաձգել նախագիծը մինչեւ 2 ամիս, բայց դա չպետք է լինի ցավոտ հարցը ականջի հետեւ գցել: Եթե կառավարության աշխատանքն արդյունավետ չեղավ, նորից իրենց նախագիծը դնելու են շրջանառության մեջ:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ բոլորը կենդանիների նկատմամբ այդ վերաբերմունքը կիսում են, բայց իրավական նորմերը պետք է ընդունվեն ներդաշնակ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց զգուշացրել են՝ եթե կառավարության ետ չհամաձայնեցնի այդ հարցը եւ նախագիծը հիմա դնի շրջանառության մեջ, մերժելու են, դրա համար ստիպված են այն հետաձգել: Բայց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագիծը կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել, ուստի մեծամասնությունը կողմ կքվեարկի, չեն մերժի:

Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այդ դեպքում չի հետաձգի: Շուտով հանձնաժողովում կանցնեն հարցի բովանդակային քննարկմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031