Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդունել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված որոշում

Մայիս 23,2019 16:08

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև հավելում՝ պաշտոնական պարտականությունների կատարման համար, որի արդյունքում զինծառայողների դրամական ապահովության չափերը կբարձրանան միջինը 10 տոկոսով: «Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագրային շարքայինը», – ասել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքն այն մասին է, որ մենք հունիսի 1-ից պետք է բարձրացնենք զինվորականների աշխատավարձը և հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողները և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է: Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում տոկոսային հարաբերությամբ, քան բարձրագույն սպայական կազմի և Զինված ուժերի ղեկավարության: Սա շատ կարևոր արձանագրում է»:

 

Կստեղծվի թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն

 Թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոնի ստեղծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կենտրոնը կստեղծվի ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի շրջանակում: Այդ նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևանի Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Հիմնավորման համաձայն՝ թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով անհրաժեշտ է նման կենտրոնի ստեղծումը, որը կկարողանա մատուցել մի շարք ոլորտային ծառայությունները` որակյալ նմուշների պատրաստում՝ համաձայն պատվիրատուների տեխնիկական պահանջների և ժամկետների, կոշիկի մոդելավորում և չափսերի բազմացում, մոդելների ձևում ընկերությունների (պատվիրատուների) հումքով, հագուստի նախագծում, կոնստրուկտավորում, մոդելավորում, “Modaris” համակարգչային նախագծում և չափսերի բազմացում և այլն: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտում բարձրորակ ծառայությունների մատուցման մշակույթի զարգացմանը, նոր շուկաների բացահայտմանը, արտահանման զարգացմանը, ոլորտում որակավորված մասնագետների պատրաստմանը, միջազգային նորաձևությանը համահունչ արտադրատեսակների ստեղծմանը և տեխնոլոգիական առաջընթացին:

 

Լոռու մարզում կկառուցվի հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան

 Կառավարությունը հավանություն է տվել «Նյու Իդա» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր՝ կատարելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ՝ 5 տարվա ընթացքում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է և 18 ամսվա ընթացքում պետք է կատարի բոլոր նախատեսված ներդրումները:

Գործադիրի որոշմամբ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արտադրանքն արտահանելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել 363,110,020 ՀՀ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար: Կստեղծվի 13 նոր աշխատատեղ՝ 350,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 756 մլն ՀՀ դրամ, որից 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 696 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 363,110,020 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 34,372,065 ՀՀ դրամ:

 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին վերաբերող հարցերը. «Ինչպես և պայմանավորվել էինք, նախորդ շաբաթ քննարկում կազմակերպեցինք՝ հասկանալու համար այն դինամիկան և իրերի վիճակը, որ ունենք այս կարգի արտոնությունների տրման բնագավառում, որովհետև հիշում եք՝ 1-1.5 ամիս առաջ կառավարության նիստում մենք այդ հարցը քննարկել էինք, թե ինչքանով ենք մենք տեղեկացված, մոնիթորինգի արդյունքներով ինչքանով են արտոնությունները ծառայում նպատակին: Եվ պարոն Խաչատրյանը մեզ ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ այստեղ էական խնդիրներ մենք չունենք, և արտոնություններով տեղի ունեցած ներկրումները հիմնականում, այսինքն՝ ոչ թե հիմնականում, այլ 90 և ավելի տոկոսով ծառայում են իրենց նպատակներին: Այնտեղ կա 1-2 ծրագիր, որոնց հետ կապված մենք հարցեր ունենք և այդ հարցերով շարունակում ենք զբաղվել»:

Վարչապետն անդրադարձել է նաև մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ արտոնություններ ստացած ընկերությունները գործունեություն չեն իրականացնում: «Բայց ամեն դեպքում ես հույս ունեմ նաև, որ մամուլի այդ հրապարակումները որոշակի ուղղորդում են, որ կոնկրետ այդ տեղերը ստուգել, հասկանալ, թե ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը»:

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանին և հայտնել, որ այն արդեն սկսել է գործունեություն իրականացնել:

«Այստեղ, իհարկե, ամենամեծ ռիսկը շուկան է, և հույս ունենք, որ մեր ներդրողներն իսկապես այն պլանները, որ ունեն շուկաների հետ կապված, կիրագործեն: Ինչքան հիշում եմ, իրենք այսօր արդեն որոշակի չափաքանակի առաքման վերաբերյալ պայմանավորվածություններ ունեն, ինչը որոշակի ժամանակ է տալիս նրանց նոր շուկաներ փնտրելու, գտնելու: Եվ հույս ունենք, որ այդ արտադրանքը նաև հայաստանյան շուկայում հաջողություն կունենա: Ըստ էության, սա առաջին փորձն է, համենայն դեպս, հետսովետական շրջանում, ինչքան հիշում եմ, այդպիսի փորձ Հայաստանում չի եղել՝ կենցաղային տեխնիկա հավաքելու: Եվ հույս ունենք,որ այս պրոցեսը, որը հիմա տեղի է ունենում ներկրված տեխնոլոգիաներով, ժամանակի ընթացքում արդեն այստեղ հայկական տեխնոլոգիական լուծումներ էլ կլինեն, որպեսզի մենք լիարժեք այդ արտադրանքը կարողանանք համարել հայկական»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ նոր ավելացած 51 հազար աշխատատեղերին կավելանան ևս 51-ը, և դրանք կլինեն ոչ միայն ստվերից դուրս եկածները. «Պարոն Խաչատրյանի վարկածով այդ 51 հազարի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Դա, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ վստահելի գնահատական է, մյուս մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են: Երկուսն էլ լավ է՝ և՛ ստվերից դուրս եկածն է շատ պոզիտիվ, և՛ նոր ստեղծվածն է շատ պոզիտիվ, այնպես որ մեր կանխավարկածն այն չէ, որ հիմա ստվերում աշխատատեղ չկա: Հույս ունենք՝ այդ պրոցեսները զուգահեռ նաև տեղի կունենան»:

Կառավարությունը բավարարել է նաև «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացված հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ (ՀՀ Կոտայքի մարզ)։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 300 մլն ՀՀ դրամ, որն իրացվելու է ՀՀ տարածքում: Ներկայումս ստեղծված է 121 աշխատատեղ, կստեղծվի ևս 50-70 նոր աշխատատեղ՝ 150 000-200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արդեն իսկ իրականացվել է մոտ 2,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում 2019-2023թթ. ընթացքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 3 579 000 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 280 988 000 ՀՀ դրամ:

Գործադիրի որոշումներով «Պարկ Գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատման արտոնություններից: 2017 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ՝ կատարելով 7,5 մլրդ դրամի չափով ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ` 200 հազ․ դրամ միջին աշխատավարձով: Մասնավորապես, հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է 0,98 մլրդ դրամ։

 

Կբարելավվի ՀՀ ճանապարհային ցանցը. առաջնահերթությունը կտրվի հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներին

ՀՀ 2019թ առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ու, համապատասխանաբար, ծախսերն ավելացվել են 7 մլրդ 400 մլն դրամով: Նկատի ունենալով ՀՀ ճանապարհային ցանցի ներկա իրավիճակը և ելնելով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհների առաջնահերթությունից՝ կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ավելացված հարկային եկամուտներից վերոնշյալ գումարն ամբողջությամբ ուղղել «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրին, որից 2,554,987.3 հազար դրամը` «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», իսկ 4,845,012.7 հազար դրամը` «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառումների իրականացման համար: Միաժամանակ, հաշվի առնելով ժամանակի սղությունը, առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել 2,554,987.3 հազար դրամի սահմաններում հիմնանորոգվող օբյեկտների ցանկը` ներառյալ հեղինակային, տեխնիկական հսկողության աշխատանքների համար սահմանվող միջոցները: Որոշմամբ առաջարկվում է նաև հանրապետության մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածներում իրականացնել նաև 78,59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ` 4,845,012.7 հազար դրամ արժեքով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ գումարները հատկացվում են 2019թ. բյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքում գեներացված միջոցներից: «7 մլրդ 400 մլն հատկացնում ենք ճանապարհաշինությանը: Շատ կարևոր է, որ մինչև այժմ արդեն պետական բյուջեի գծով հատկացված միջոցների շրջանակներում վերանորոգման աշխատանքներն կատարվեն ճիշտ ժամանակին, ճիշտ ծավալներով և ճիշտ որակով»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարվա համար նախատեսված 320 կմ ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա: «Այսինքն՝ այդ գումարները հիմա արդեն հատկացնում ենք, այստեղ խնդիրը մնում է, որ այդ աշխատանքները կատարվեն ժամանակին: Մենք վստահ լինենք, որ այս տարի հասցնելու ենք այդ բոլոր աշխատանքները անել: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը ոչ միայն ճանապարհների նորոգումն է, այն կարևոր գործիքներից է, որը պետք է իր հերթին խթանի տնտեսական աճը, որ մենք ունենք: Դարձյալ ուզում եմ հիշեցնել, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ ունենք, ինչը շատ լավ ցուցանիշ է: Շատ լավ ցուցանիշ է նրանով, որ դա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ կոնկրետ համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշն է, և սա այն պայմաններում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք հանքարդյունաբերության ոլորտի շատ լուրջ կրճատում ունենք, գիտեք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հիմա շատ կարևոր է, որ այդ աշխատանքներն արվեն ժամանակին և որակով, որպեսզի այս տնտեսական դինամիկան մենք կարողանանք պահպանել և պրոբլեմներ չառաջանան»-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել նաև սողանքային գոտիների հարցին: Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել է ներկայացնել կոնկրետ առաջարկ՝ խնդրի երկարաժամկետ կտրվածքով լուծման համար:

 

Հաստատվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը

Գործադիրը հաստատել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Հիմնավորման համաձայն՝ հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն ՀՀ-ի, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին: Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը թույլ կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Այն կնպաստի կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը, ՀՀ մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տարածական տվյալների մատչելիության ապահովմանը, հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը, տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մի շարք մտահոգություններ է ներկայացրել հայեցակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է որոշումն ընդունել, ինչպես նաև աշխատանքային քննարկում կազմակերպել՝ հակասության պատճառը հասկանալու համար:

 

Օրենսդրական նախաձեռնություններ. լուծում կտրվեն սոցիալական աջակցության և կենսաթոշային ոլորտներում առկա խնդիրներին

Գործադիրը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ            եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը, նպաստ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) ավելի վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` ավելի վճարված նպաստի գումարներից հաշվանցվում է կենսաթոշակի կամ այլ նպաստի գումարը (եթե նպաստառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի կամ այլ նպաստի իրավունք)։

Հավանություն է տրվել նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները: Օրինագծով առաջարկվում է, մասնավորապես, սահմանել, որ 2016 թ. հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաև այլ զորքերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը, կենսաթոշակը նշանակվում է՝ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում և այլն:

Կառավարությունը հավանություն է տվել 2018 թ. հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի 5.7-րդ հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության կանոնավոր կերպով փոխանակում: ԵԱՏՄ անունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է ապահովելու էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ստեղծման գործընթացի համակարգումը և նպաստելու դրա կիրառմանը: Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, կազմը, տվյալների և էլեկտրոնային հաղորդագրությունների կառուցվածքը և փոխանակման կանոնները: Տեղեկությունների կանոնավոր փոխանակման գործընթացը կնպաստի տեղափոխվող ապրանքների նույնականացմանը, մաքսային հսկողության գործընթացի արագացմանը և արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև օրենսդրության նորմերի խախտումների կանխմանը:

 

Հայաստանի և Չինաստանի միջև կստորագրվի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համաձայնագրով՝ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: Այն կնպաստի առևտրական, գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործմանը: Համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Համաձայնագիրը Չինաստան այցի պայմանավորվածության արդյունքն է: Հույս ունենք, որ սա իսկապես կակտիվացնի երկկողմ հարաբերությունները, և ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել ՉԺՀ: Խորհրդակցություն ենք արել այցի արդյունքներին նվիրված, հիմա պետք է կայացնենք որոշումներ, որպեսզի այցի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ կարողանանք կոնկրետ որոշումներ կայացնել: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով և ՉԺՀ-ն նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս ինտենսիվ մասնակցի այդ ծրագրին: Սրա վերաբերյալ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, հիմա ժամանակն է այդ պայմանավորվածությունների մասին որոշումներ կայացնել»

Վարչապետն անդրադարձել է նաև Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու հարցին: «Ուզում եմ ևս մի շեշտադրում անել, որի վերաբերյալ մենք աշխատանքային քննարկում ենք ունեցել, բայց կարծում եմ՝ այս տեղեկատվության հրապարակայնությունը նույնպես շատ կարևոր է: Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրեց, որ իրենք շահագրգռված են Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով: Եվ մենք պետք է մեր գործարարների, այդ թվում գինիների, ալկոհոլային խմիչքների, այլ արտադրանքի, սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների հետ աշխատանքներ տանենք: Բոլոր տեսակի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը և քաղաքական կամքը արտահայտեցին: Կարծում եմ՝ հիմա շատ կարևոր է այդ պոտենցիալ արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, նաև Չինաստանի մեր գործընկերների, որովհետև կան որոշակի ստանդարտների և այլ խնդիրներ»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:

Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, որտեղ կան անհամապատասխանություններ, որոնք զուտ տեխնիկական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի դրանք լուծելու ուղղությամբ կառավարությունը քայլեր ձեռնարկի: «Որևէ կասկած չկա, վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է և կարող են մեր գործարարները զբաղվել այդ ուղղությամբ: Միակ խնդիրը, որ կա, ինչպես բոլոր դեպքերում, կան որոշակի ստանդարտներ և մեր գործարարները, գործարանները պետք է կարողանան համապատասխանել այդ ստարտներին, որպեսզի մենք այստեղ կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Այլ որոշումներ. հաստատվել է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը

Գործադիրը հաստատել է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը: Հիմնավորման համաձայն՝ գործող ընթացակարգի մի շարք խնդիրների կարգավորման նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ինչն էլ հիմք է հանդիսացել վերոհիշյալ որոշումն օրենսգրքի պահանջներին և օգտագործվող հասկացություններին համապատասխանեցնելու համար: Անհրաժեշտություն է առաջացել սահմանել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, կանոնակարգել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները: Դասընթացի անցկացման պահանջի սահմանումը ՀՀ ընտանեկան օրենսգրքում պայմանավորված է միջազգային դրական և հաջողված փորձով: Ըստ այդմ՝ սահմանվում են որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագիրը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, որդեգրման հնարավորության վերաբերյալ դրական եզրակացություն ստացած որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև տեղեկատվական համակարգում նախապատրաստական դասընթացին մասնակցած որդեգրել ցանկացող անձանց հաշվառման գործընթացը:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ««Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» համապատասխան որոշման մեջ՝ պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման, անվան փոփոխության, ինչպես նաև ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ: Համաձայն շենքի տեխնիկական վիճակի մասին մասնագիտացված կազմակերպության ներկայացրած եզրակացության՝ ք. Ստեփանավան, Սայաթ-Նովա 3 հասցեում գտնվող շենքը գտնվում է անմխիթար վիճակում և վնասվածության (վթարայնության) մակարդակը դասվում է 3-րդ աստիճանի: Շենքի ամրացման, հիմնանորոգման, ինչպես նաև ընթացիկ պահպանման աշխատանքների իրականացման համար «Լիարժեք կյանք» բարեգործական ՀԿ-ն նախատեսում է իրականացնել 20 մլն դրամի ներդրում, որից 14 մլն դրամը կտրամադրի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը:

Գործադիրի որոշումներով սեպտեմբերի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանևան և ՀՀ Շիրակի մարզի Գետափ համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Կառավարության նիստում անդրադարձ է եղել մարզադաշտի կառուցման խնդրին: Վարչապետն ընդգծել է, որ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա, որպեսզի երկրում տեղի ունենան միջազգային խաղեր, սակայն այն պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանն այսօր խնդիր ունի, ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև այն չի համապատասխանում պայմաններին: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ակտիվացնել այդ թեմայով քննարկումները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031