Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ Օհանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը. «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2019 13:53

Երեւան քաղաքի ընդհանուր իրա­վասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերա­բերյալ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը շարունակում է քննարկման թեմա մնալ: «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը:

– Պարոն Օհանյան, կմանրամասնե՞ք, ինչո՞ւ Սահմանադրական դատարանը իրա­վասու չէ քննել դատարանի դիմումը:

– Ես ինչպես հասկացա՝ դատարանը երկու հիմքով է դիմել Սահմանադրական դատա­րան՝ մեկը անձեռնմխելիության, մյուսը՝ օրեն­քի կիրառության: Անձեռնմխելիության մասով, օրենքն ինչ է ասում, ասում է՝ վարույթն իրակա­նացնող մարմինը (քննիչը կլինի, դատախա­զը, թե դատարանը) իրավունք ունի գործի վա­րույթը կասեցնել անձեռնմխելիության հիմ­քով, եթե այդ անձի անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է գործընթաց: Այսինքն՝ եթե մեղադրյալը պատգամավոր է, ապա քննիչը կասեցնում է գործի քննությունը, դատախազի հետ դիմում է Ազգային ժողով՝ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդու­թյամբ, որպեսզի իրենք կարողանան այդ ան­ձի նկատմամբ քրեական հետապնդում իրա­կանացնել եւ խափանման միջոց ընտրել:

Կամ, օրինակ, եթե դատավոր է մեղադրյալը, էլի պիտի կասեցնի գործի վարույթը, դիմի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ստանա համաձայնություն եւ այլն: Հիմա այս դեպքում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ հատուկ իրավասու մարմին գոյություն չունի, որ նախկին նախագահին զրկի իր այս­պես  կոչված  անձեռնմխելիությունից: Այ­սինքն՝ սա ընդհանուր իրավասության դատա­րանի գնահատման հարց է, որը պետք է անի դատարանը դատաքննության վերջում դա­տավճիռ կայացնելիս՝ գնահատելով բոլոր ապացույցները, փաստարկները եւ այլն, նաեւ՝ անդրադառնալով անձեռնմխելիությանը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) կիրառելիությանը, եթե այդպես է ձեւակերպված որոշման մեջ, նույնպես կիրա­ռելիությունը Սահմանադրական դատարանի գործը չէ: Սահմանադրական դատարանը իրավասու է իրավական նորմի, օրենքի հակասահմանադրականությունը որոշել, բայց հակասահմանադրականության հիմք, ըստ իս, չկա, չեմ ասում հիմնավոր կասկած, որը պահանջում է օրենքը եւ հենց Սահմանադրու­թյունը: Այսինքն՝ դատարանը, համոզված եմ, չէր կարող հիմնավորել, որ կոնկրետ այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, չի համապատասխանում Սահմանադրության էսինչ հոդվածին կամ էս– էս հոդվածի ընդհա­նուր հոդվածներին, առավել եւս՝ այս հոդվածը երեւի միակ հոդվածն է Քրեական օրենսգր­քում, որ հենց ինքը սահմանադրական նորմ է, այսինքն` ինքը սահմանադրական կարգի տապալման հիմքում դնում է Սահմանադրության 1– 5-րդ հոդվածները եւ 6-դ հոդվածի 1֊ ին մասը (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է՝ Սահմանադրական կարգը տապալելը՝ Սահ­մանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի աոաջին մասով նախատես­ված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ): Հիմա սրա ինչը կարող է լինել հակասահմա­նադրական, բնականաբար, չկա նման բան:

Ինչ վերաբերում է, որ պետք է որոշվի սահմանադրականության հարցը, որովհետեւ ընդունվել է 2009 թվականին, ապա դա էլի դատարանի գնահատման հարց է, էլի դատարա­նը պետք է որոշի՝ այս հոդվածով առաջադր­ված մեղադրանքը հիմնավո՞ր է, թե՝ ոչ, եթե ոչ, ապա Քրեական օրենսգրքի որ հոդվածով պետք է մեղադրանք առաջադրվի, եթե գտնի, որ այս հոդվածը կիրառելի չէ, որովհետեւ արարքի կատարման պահին գոյություն չի ու­նեցել, ապա պետք է կիրառի արարքի կա­տարման պահին գոյություն ունեցող համա­պատասխան հոդվածը, որովհետեւ այնպես չէ, որ այդ արարքը քրեորեն հետապնդելի չի եղել 2008 թվականին, այն ժամանակ եղել է 300 հոդվածը, եւ այդ հոդվածը նույնպես նա­խատեսել է սահմանադրական կարգի տա­պալմանը ուղղված գործողությունների կա­տարում: Ես միշտ ասել եմ, որ այս արարքը ավելի շատ համապատասխանում էր բռնու­թյամբ իշխանությունը պահելու հանցակազ­մին եւ միգուցե եւ սահմանադրական կարգի տապալմանը, բայց իհարկե չմոռանանք, որ վերջին հաշվով պետք է որոշի դատարանը, հետո հաստատի Վճռաբեկ դատարանը, որից հետո նոր միայն մեղադրյալը կամ մե­ղադրյալները իրավունք ունեն, սպառելով դատական բոլոր ատյանները, դիմել Սահմանադրական դատարան՝ իրենց նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականությունը որոշելու համար:

ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031