ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառուցապատողից եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել նաեւ մարզերի բնակիչներին, բայց՝ երկրորդային շուկայի պարագայում:
«Եկամտահարկի մասին օրենքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունն իր լավ կողմերով հանդերձ՝ շատ դժգոհություններ ունի այն քաղաքացիներից, որոնք չեն բնակվում Երեւանում: Մարզերում բնակարանաշինություն, ըստ էության, չկա, եւ մարզերում չեն կարողանում այս օրենքի առավելություններից օգտվել»,-համոզմունք հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա բնորոշմամբ. «Ստացվում է, որ ՀՀ ողջ ժողովուրդը աշխատում եւ վճարում է հարկեր, բայց միայն մեկ տարածքի բնակիչներ են կարողանում օգտվել օրենքից: Այդ պատճառով առաջարկում ենք օրենքը կիրառել նաեւ մարզերում՝ երկրորդային շուկայի պարագայում»: Կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանը նշեց. «Ընդունում ենք, որ մարզերում պասիվ վիճակ է, բայց կարծում ենք, որ այս օրինագիծը մարզերում չի խթանելու բնակարանաշինությունը: Չմոռանանք, որ մարզերի բնակիչները նորակառույցների բացակայության պայմաններում անգամ կարող են անհատական բնակելի տներ կառուցել կամ դրանք ձեռք բերել կառուցապատողից՝ օգտվելով առավելություններից: Բացի այդ, գտնում ենք, որ երկրորդային շուկայից եկամտահարկով բնակարան ձեռքբերելը կեղծ գործարքների պատճառ կդառնա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/848641225499320/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ