Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղափոխությունն իր ամենադժվար օրերն է ապրում, եւ իշխանություններին միայն սոցկայքերում աջակցելը քիչ է. «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2019 13:20

Թեեւ մեկ տարի առաջ համաժողովր­դական շարժման հզորությունից սարսափած քաղաքական ու­ժերն ու քրեաօլիգարխիկ համակարգը մեկը մյուսի ետեւից իրենց հավատարմությունն էին հայտնում հեղափոխության գաղափար­ներին ու նոր իշխանություններին, այնուհանդերձ դեռ այն ժամա­նակ ակնհայտ էր, որ բոլոր այդ ուժերը ներքուստ դեմ են հեղափո­խությանը, եւ հարմար պահի (հենց որ էյֆորիան անցնի, եւ իշխա­նությունները փոքր-ինչ թուլանան), միանգամից անցնելու են հակահարձակման: Պարզ ասած՝ ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ոչ մի իրական դաշնակից չունի, նրա միակ դաշնակիցը ժողովրդի մեծամասնու­թյունն Է: Պարզապես մեկ տարի առաջ դա լավ չէր երեւում, իսկ հի­մա ավելի ակնհայտ է:

Դրան գումարվել են նաեւ հետեւյալ գործոնները: Առաջին՝ Ռու­սաստանում այդպես էլ չհամակերպվեցին այն մտքի հետ, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում կարող է հեղափոխություն տեղի ունենալ, որի արդյունքում այդ երկիրը կսկսի շարժվել սեփական ներքաղաքական օրակարգով: Ու քանի որ Հայաստանում ավանդաբար մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր երկրի ապագան տեսնում են միայն Ռուսաստանի «ֆորպոստի» կարգավիճակում, նրանք որսացին Ռուսաստանից եկող ազդակները եւ կտրուկ ակտիվացրին իրենց գործունեությունը: Հասկանայի է՝ դա ներկայացնելով որպես մտահոգություն պետության անվտանգությամբ (թեեւ բուն նպատակն այդ հարցերը շահարկելով ռեւանշի հասնելն է):

Երկրորդ՝ Արեւմուտքն էլ իր հերթին տասնամյակներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձում էր ազդել մեր հանրային գի­տակցության վրա եւ հասարակության մեջ այնպիսի արժեհամակարգ ձեւավորել, որն ի վերջո կհանզեցներ ժողովրդավարական անշրջելի բարեփոխումների: Արդյունքում՝ իսկապես ձեւավորվեց քաղաքացիական հասարակություն, որն էապես նպաստեց հեղափոխության հաղթանակին: Բայց հեղափոխությունը, պարզվեց, «գունավոր» չէր եւ բացառապես ներքաղաքական օրակարգ ուներ. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, մեծ հաշվով, չփոխվեց: Սա էլ իր հերթին նպաստեց, որ Արեւմուտքն ու արեւմտյան արժեհամակարգի անվերապահ նվիրյալները «սառեն» հեղա­փոխությունից (սովորաբար չափազանց ակտիվ այդ երիտասարդները չմասնակցեցին դատարանների շրջափակման ակցի­աներին ու մի կերպ թաքցված հրճվանքով ազդարարում էին, թե ակցիաներին շատ քիչ մարդ է մասնակցել):

Մի խոսքով՝ իշխանություններն ու հեղափոխության կողմնակիցները պետք է հանեն վարդագույն ակնոցներն ու սթափ գնահատեն իրավիճակը: Հեղափոխությունն իր ամենադժվար օրերն է ապրում, եւ իշխանություններին միայն սոցկայքերում աջակցելը քիչ է: Անհրաժեշտ է իրական աջակցություն, եւ այդ աջակցությունը կարող է ցույց տալ միայն ժողովուրդը: Որովհետեւ հեղափոխու­թյան միակ շահառուն ժողովուրդն է: Այլ շահառուներ չկան, ու հենց դա է, որ բարդացնում է իրավիճակը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031