Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը»

Մայիս 23,2019 13:14

Այսօր կառավարության նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասաց, որ վարչապետի այցը Չինաստանում մեծ արձագանք է ստացել. հիմա չինացիների հետ քննարկում են շինանյութի, կոնկրետ բազալտի վերամշակման շուրջ հարցերը, չինացիները ցանկություն են հայտնել աշխատել Հայաստանում եւ կոնկրետ այդ ոլորտում:

Վերմիշյանը նաեւ ասաց, որ չինացիները հետաքրքրված են հայկական ֆուտբոլով:

ԱԱԾ ղեկավար եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն էլ արձագանքեց. «Մարզադաշտ կառուցելու համար տարածքը հենց տրամադրեք՝ հետաքրքրությունն ավելի կմեծանա»:

«Ե՞ս հատկացնեմ»,-կատակեց Փաշինյանը, նշելով՝ Վանեցյանի հետ այդ մասին բազմիցս խոսել է. «Մարզադաշտ կառուցելը շատ կարեւոր է, որովհետեւ մարզադաշտ ունենալը հնարավորություն կտա միջազգային խաղեր կազմակերպվեն մեր երկրում: Ուղղակի ես ասում եմ՝ այդ մարզադաշտը երբեք չպետք է կառուցվի կանաչ տարածքների հաշվին»:

Փաշինյանի խոսքով՝ Երեւանի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլ շենք կառուցելու համար, իհարկե՝ պայմանական ասած:

Վարչապետն ասաց, որ համաչափ զարգացման տրամաբանությամբ պետք է հարմար տեղ գտնել մարզադաշտի համար:

Վանեցյանն էլ նկատեց. «ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետեւ չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այսօր խնդիր ունենք մարզադաշտ կառուցելու»:

Վանեցյանի ներկայացմամբ՝ ժամանակակից մարզադաշտերը հիմա ընդգրկում են մեծ կանաչ գոտի, այսինքն՝ դրանց շուրջը հիմնվում է այգի, մարզադաշտը 5-6 հեկտար լինի, իսկ ամբողջական տարածքը՝ շրջակայքը՝ մոտ 16 հեկտար:

Վարչապետի խոսքով՝ գաղափարներ են քննարկել, ասենք ՝ մարզադաշտը կարող է լինել հյուսիս-հարավին հարակից մի տեղ:

Հրազդան մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, ըստ Վանեցյանի, հսկայական գումարներ են պետք, սակայն դեռ փաստ չէ, դրանից հետո կհամապատասխանի՞ միջազգայինին, բայց եթե վերանորոգվի, տեղական խաղերի համար այն կօգտագործվի:

Վարչապետը հորդորեց մարզադաշտի կառուցման շուրջ կոնկրետանալ, եւ եթե հարյուր միլիոն դոլարի ներդրում է պահանջվում, դրա համար արդյունքը պարզ պետք է լինի: Վանեցյանն ասաց, որ պետական միջոցներով չի լինելու ներդրումը, մասնավորն է անելու, եւ այդ ներդրմանը պետք է նայի որպես բիզնես-ծրագիր:

Վերմիշյանն էլ արձագանքեց շարունակելով չինացիների թեման. «Չինացիներն ուղղակի երազում են մասնակցել Եվրոպայի գավաթի խաղերին, բայց իրենք հնարավորություն չունեն, քանի որ Եվրոպայի անդամ չեն: Այստեղ Հայաստանն իրենց օգնություն»:

«Վանեցյանը կդասավորի»,-կատակեց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031