Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսենալն» ու «Չելսին» կարող են բոյկոտել Բաքվի եզրափակիչը՝ մնալով խաղաղության դասագրքերում. CNN

Մայիս 23,2019 12:56

Բաքվում «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի գլխավոր մրցապայքարից ինն օր առաջ «Արսենալի» նախապատրաստությունները նշանակալի կորուստ կրեցին, CNN-ի խմբագրականում գրում է Մասսիմո Մարիոնին:

«Մենք շատ հիասթափված ենք հայտարարելու, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի թիմի հետ՝ «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչին»,- ասվում էր «Արսենալի» թվիթերյան էջում:

Ցանկացած այլ օր սա կարող էր լինել սովորական թարմացում ֆուտբոլիստի մասին, որը ծանր վնասվածք է ստացել մի խաղից առաջ, որը կարող է դառնալ ամենակարևորագույններից մեկը իր ողջ կարիերայում:

Բայց այս անգամ դժբախտ պատահարի կամ անզգուշության մասին չէ խոսքը: Ավելի շուտ համաշխարհային աջակցություն վայելող ֆուտբոլային հսկան ստիպված էր հետ կանչել միջազգային սուպերաստղին եվրոպական գլխավոր լիգայի եզրափակչից միայն այն պատճառով, թե որտեղ է նա ծնվել:

Մխիթարյանի դեպքը լուրջ խոչընդոտ է ՈՒԵՖԱ-ի համար և բազմաթիվ հարցեր է առաջացնում կապված նրա՝ խաղը Բաքվում անցկացնելու որոշման հետ:

Մի կողմ դնենք, որ եվրոպական խոշորագույն եզրափակիչը Ադրբեջանի հեռավոր անկյուններում անցկացնելու հետ կապված անհարմարությունները՝ թե ֆինանսական և թե լոգիստիկ առումով, անհնարին են դարձնում երկու կողմերի երկրպագուների համար այնտեղ հասնելը:

Մի կողմ դնենք անգամ այն, որ յուրաքանչյուր ակումբի երկրպագուներին բաժին է հասել չնչին թվով՝ 6000 տոմս մի մարզադաշտում, որը տեղավորում է 69,870 երկրպագու:

Պարզապես նկատի ունեցեք, որ ՈՒԵՖԱ-ն, որը Եվրոպայի ֆուտբոլի ղեկավար մարմինն է և դրա արժեքների կրողը, եզրափակիչ խաղի համար ընտրել է մի երկիր, որտեղ որոշակի ազգություն ունեցող մարդիկ անվտանգ չեն կարող լինել, և, որպես կանոն, նրանց մուտքն այդ երկիր արգելվում է:

Հայաստանը, որտեղից ծագում է Մխիթարյանը, և Ադրբեջանը երկարատև հակամարտության մեջ են՝ սկսած 1917թ. ռուսական կայսրության փլուզումից, և մտավախություններ կան, որ «Արսենալի» կիսապաշտպանի համար անվտանգ չի լինի Բաքվում, պարզաբանում է հոդվածագիրը:

Դա հանգեցնում է նրան, որ թիմերից մեկը դառնում է տեխնիկապես ոչ լիարժեք՝ հարկադրված լինելով մարզադաշտ դուրս չբերել առանցքային ֆուտբոլիստի՝ ոչ ֆուտբոլային մի որոշման համար՝ ընդունված մի կազմակերպության կողմից, որը ենթադրվում է, պետք է խթանի սպորտը և պաշտպանի դրա արժեքները:

ՈՒԵՖԱ-ի գլխավոր սկզբունքը իր ՀԱՐԳԱՆՔ սոցիալական պատասխանատվության արշավում, որը դրականորեն նպաստում է ֆուտբոլում ներառականությանը, բազմազանությանը և հասանելիությանը, հետևյալն է. «Բոլորն իրավունք ունեն վայելել ֆուտբոլը՝ անկախ նրանից՝ ով ես դու, որտեղից ես կամ ինչպես ես խաղում»:

Հույս ունենանք՝ դա կսփոփի Մխիթարյանին և ամբողջ աշխարհում մյուս հայերին, երբ միջազգային կարգի ավագը մայիսի 29-ին՝ չորեքշաբթի, նստած կլինի հեռուստացույցի առաջ:

Ինչպե՞ս կարող է դա չհակասել սպորտի և մրցույթների բոլոր սկզբունքներին: Եվ եթե «Արսենալը» պարտվի, միշտ կտրվի հետևյալ հարցը. «Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը խաղար»:

Վտանգ կա նաև, որ ՈՒԵՖԱ-ի հետագա արշավները հավասարության և խտրականության մերժման մասին կհնչեն բավականին դատարկ, երբ նրանք շարունակեն խաղ անցկացնել մի երկրում, որտեղ բացառումը և կոնֆլիկտը այդքան ակնբախ են:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան հայտարարել է, որ հիասթափված է «Արսենալի» չհիմնավորված որոշմամբ:

«Չնայած մենք հասկանում ենք, որ կարող է լինել չգալու մասին անձնական որոշում, բայց մենք կցանկանայինք վերահաստատել, որ որպես հյուրընկալող երկիր՝ Ադրբեջանը տրամադրել է ՈՒԵՖԱ-ի պահանջած բոլոր անհրաժեշտ երաշխիքները՝ ապահովելու պարոն Մխիթարյանի անձնական անվտանգությունը»,- ասել է ասոցիացիայի խոսնակը:

«Ինչ էլ որ լինի, որևէ պատճառ չկա կասկածի տակ դնելու Ադրբեջանի կողմից տրամադրված այդ երաշխիքների լրջությունը: Վերջին տասնամյակում մեծ թվով հայ ատլետներ առանց խնդիրների մասնակցել են Ադրբեջանում տեղի ունեցած միջազգային մարզական միջոցառումների»:

ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ իրենք գործադրել են բոլոր ջանքերը Մխիթարյանի մասնակցությունն ապահովելու համար:

«Աշխատելով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ՝ ՈՒԵՖԱ-ն փնտրել և ստացել է Ադրբեջանում ֆուտբոլիստի անվտանգության հավաստիացումներ այդ երկրի բարձրագույն իշխանություններից»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի ղեկավար մարմնի հայտարարության մեջ:

«Այդ երաշխիքների արդյունքում մշակվել է ընդգրկուն անվտանգության ծրագիր, որը հանձնվել է ակումբին: Չնայած ակումբը հասկանում է, որ ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի կառավարությունը ջանքեր են գործադրել այս ուղղությամբ՝ մենք հարգում ենք ֆուտբոլիստի չմեկնելու անձնական որոշումը»:

Ըստ էության, եթե Արսենալն ու Մխիթարյանն իրենց անձնակազմի և խաղացողների անվտանգության հաշվին ճակատագիրը փորձելու խիզախություն չեն գտել, դա իրենց խնդիրն է:

Բայց եթե ՈՒԵՖԱ-ն շարունակում է ծառայել իր սեփական շահերին երկրպագուների և ֆուտբոլիստների հաշվին՝ արդյոք «Արսենալը» և «Չելսին» պե՞տք է ավելին անեն՝ խաղը ավարտին հասցնելու համար, որպեսզի պահպանվի մրցակցության ամբողջականությունը և մարդկային ազնվությունը: Գուցե անգամ պետք է բոյկոտե՞լ խաղը:

Դա «Արսենալի» կողմից կոշտ որոշում կլիներ՝ հաշվի առնելով ցանկացած բոյկոտի ֆինանսական հետևանքները, քանի որ Եվրոպայի լիգան առաջարկում է Չեմպիոնների լիգայի համար որակավորվելու վերջին հնարավորությունը:

Ամբողջ Եվրոպայում բազմաթիվ մարզադաշտեր կան, որոնք կարճ ժամանակում կարող են կազմակերպել ցանկացած խոշոր հանդիպում, օրինակ` Լոնդոնի Wembley-ն կամ New White Hart Lane-ը:

Այո՛, դա կլիներ կտրուկ և աննախադեպ քայլ, բայց ժամանակակից խաղերում երբեք դեպք չի եղել, երբ նման սահմանափակում փաթաթեն ֆուտբոլիստի վզին, և միասնականության ու բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի ինչպիսի՜ օրինակ դա կդառնար երկու լոնդոնյան մրցակիցների կողմից:

Բայց, վստահաբար, սպորտում որոշ բաներ ավելի կարևոր են, քան հաղթելը, պարտվելը, ֆինանսական պարգևատրումը կամ ֆինանսական տույժերը:

Սա մի պահ է, որը կարող են երկու հպարտ և փառավոր ակումբները դաջել պատմության մեջ՝ խաղաղության դասագրքերում, ինչը շատ ավելի լավ է, քան Եվրոպայի լիգայի փչացած գավաթը, եզրափակում է Մարինոնին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031