Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Էրեխեքն ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց»

Մայիս 23,2019 12:51

«Պարոն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութում կարծեմ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս, ասում՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց էդ ճանապարհը»,- այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես դիմեց կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, երբ քննարկում էին ճանապարհաշինության ոլորտի խնդիրներն  ու գումար հատկացնելու մասին հարցերը: «Ի՞նչ եղավ էդ ճանապարհը: Էրեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-հարցրեց Փաշինյանը:

Պապիկյանն ասաց, որ երեխաների բողոքն ու խնդրանքը հաշվի առնելով, այդ հատվածում ասֆալտ կանեն, նախագիծն ուղարկել են, բայց գուցե կարիք լինի մեկ անձից գնման միջոցով անեն, որպեսզի արագ ստացվի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ռեպլիկ արեց. «Հեսա հանրապետության բոլոր էրեխեքը կիմանան ճիշտ ձեւը»: Այս կատակը հարուցեց վարչապետի բուռն ծիծաղը: Նա ասաց. «Համաձայն եմ Ավինյանի հետ, բայց գուցե պետք չի ենթարկվել էրեխեքի ճնշմանը, այլ նորմալ ընթացակարգերով անենք»:

Փաշինյանը հիշեցրեց, որ նոր տեխնոլոգիաներով պետք է ասֆալտապատումն անեն: Պապիկյանն ասաց, որ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն. «Նոր տեխնոլոգիաների այստեղի ստուգման արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, հիմա իրենք փորձում են նույնը Մոսկվայում իրականացնել; Այստեղից գրունտային նյութը տարել են Մոսկվա ստուգելու համար»:

Ավինյանն ասաց, որ բազմաթիվ խնդիրներ կան այս ոլորտում, օրինակ՝ ինչպես փոխվարչապետն ասաց ունենք նախագծող բազմաթիվ ընկերություններ, որոնք լիցենզիա են ստացել, սակայն ունակ չեն նախագծեր պատրաստելու, խնդիրներ կան կապալառու ընկերություններ, որոնք շահում են, բայց ի վիճակի չեն աշխատանքը նորմալ կատարել:

Ավինյանը հիշեցրեց՝ այն ընկերությունները, որոնք պետական գնումներով մրցույթները շահել, բայց չեն կարողանում աշխատանքը ժամանակին կատարել, չեն փոխհատուցվելու:

«Պարոն Ավինյան, դե որ այդքան ասացիք, եկեք մի քիչ էլ ավելին ասենք»,-արձագանքեց վարչապետը: Նա բացեց փակագծերը. «Այս ընթացքում բախվում ենք խնդիրների հետո, որոնք մեծ հաշվով չեն երեւում: Պարզվում է՝ Հայաստանի հանրապետությունում կա որակյալ նախագծող ընկերությունների խնդիր, որոնք իրենց նախագծերը բերում են սովորական, ոնց միշտ բերել են տասնյակ տարիներին, բայց երբ ուզում ես լուրջ վերաբերվել այդ նախագծին, պարզվում է այդ նախագիծն ընդհանրապես պիտանի չէ որեւէ բանի: Պարզվում է՝ մեզ մոտ կան որակյալ ասֆալտապատող, ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերություններ, պարզվում է մեր երկրում կան մրցույթներում հաղթելու մասնագիտացված ընկերություններ, բայց որոնք ի վիճակի չեն իրենց առաջադրանքները կատարել: Ենթադրում եմ, ինչ-որ սխեմաներ գործել են, այդ տրամաբանությունը գործել է, բայց մենք հիմա անընդհատ այդ խնդրին բախվում ենք»:

Կառավարության անդամներից մեկն էլ հուշեց վարչապետին լաբորատորիաների մասին: «Լավ հիշեցրեցիք, մի տեղ մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոսով համապատասխանում է չափանիշին, մյուս լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոսով չի համապատասխանում: Մենք այս կարգի կարողությունների լրջագույն խնդիր ունենք»,-ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ այսօր կառավարությունը մոտ 35 մլն դոլար հատկացնում են ճանապարհաշինությանը. «Եվ ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք ընկնում՝ մենք կարողանալո՞ւ ենք այդ գումարը ծախսել եւ ունենալ ճանապարհ: Եվ ամեն անգամ մենք մեզ դուխ ենք տալիս, որ մի բան կանենք, սեւ ցուցակի ընկերությունների թիվն ավելանում է, սպիտակ ցուցակի ընկերությունների թիվն այնքան էլ չի ավելանում»:

Ավինյանը հավաստիացրեց, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի քայլեր անում են՝ դասընթացներ, լիցենզիաների տրամադրման վերանայում եւ այլն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031