ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ ուժերի մասին էր խոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ կան պատերազմ հրահրելով հողեր հանձնել ցանկացող անհատներ եւ մութ, դավադիր ուժեր:
–Տիկին Տիգրանյան, խորհրդարանի ընդդիմությունը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հորդորը ճիշտ չէր, ավելին՝ օրենքի խախտմամբ է այն իրականացվել: Ըստ Ձեզ՝ պե՞տք էր նման քայլի դիմել, որպեսզի դատաիրավական համակարգը «կարգի հրավիրվի»:
–Ես համարում եմ դա Նիկոլ Փաշինյանի լիազորություններից բխող քաղաքական քայլ, քաղաքական խոսք, որին հետեւեցին նաեւ հանրության համապատասխան գործողությունները: Ցավոտ ու մտահոգիչ չպետք է համարել այդ երեւույթը, որովհետեւ ինքը սիմվոլիկ ակցիա էր ըստ երեւույթին ու ինքը որոշակի ժամանակով էր հայտարարված: Ուղղակի ժողովուրդը իր արդարադատությանը փորձում էր տեր կանգնել:
–Բայց դա ճնշում որակվեց դատական իշխանության վրա:
Կարդացեք նաև
–Դա ճնշում չէր. ճնշումը լինում է կոնկրետ գործով կոնկրետ դատարանի նկատմամբ եւ կոնկրետ դատավորի նկատմամբ իր վարույթում գտնվող կոնկրետ գործի վերաբերյալ: Այս դեպքում կոնկրետ դատավորի վրա ուղղված գործողություն չէր, որովհետեւ հանրապետության բոլոր դատարանների մուտքերի մոտ էին մարդիկ հավաքվել, կոնկրետ գործով չէր, որ ասեինք՝ կոնկրետ այս գործով հանրությունը ճնշում գործադրեց, ու կոնկրետ պահանջ չկար՝ դատարաններին ուղղված, կար ընդամենը անկախ դատարան ստեղծելու հանրային պահանջ:
Եթե այդպես դիտարկենք, ապա պետք է ասենք, որ այս 4 օրվա ընթացքում Ռ.Քոչարյանի կողմնակիցները ուղղակի ճնշում էին դատարանին: Սա, ըստ էության, պիկետ էր, քան ուղղված էր ինչ-որ մի բանի: Օրինակ՝ ես Վերաքննիչ դատարանի դիմաց չգիտեի՝ ով է նիստ անում, ում վարույթում է գործ ընթանում: Մենք պատգամավորներով բոլոր դատարանների մոտ էինք նրա համար, որ թյուրընկալում տեղի չունենա դատավորների ու հավաքված մարդկանց միջեւ, ու զերծ պահենք ավելորդ կրքերից ու բախումներից: Սա հերթական ապացույցն էր, որ հանրությունը ցանկանում է ունենալ անկախ դատական համակարգ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում