Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյանը վերահաստատում է «Իմ քայլի» փակ նիստում ասած իր խոսքերը եւ ընդունում՝ ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին անդրադարձ եղել է

Մայիս 23,2019 00:15

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ չէ, որ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը հրապարակվի եւ ինքը պատրաստ է վերահաստատել իր խոսքերը, որն ասել էր նիստում:

Հիշեցնենք, որ նա ասել էր. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»: Մենք երեկ իր խոսքը հրապարակել էինք՝ առանց անունը նշելու:

Մարիա Կարապետյանի խոսքով՝ «Ես կարող եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ խմբակցության նիստի ժամանակ, հետեւյալն է՝ իմ նախընտրական ծրագրում գրված է եղել անցումային արդարադատության մասին, կառավարության ծրագիրը հաստատելիս մենք բաժանել ենք մեր դերերը եւ անցումային արդարադատությունը մնացել է ԱԺ-ի տիրույթում, դատաիրավական այն բարեփոխումները, որոնք առհավետ պետք է գործեն, այսինքն, ընդունվեն օրենքներ, որոնք գործելու են ընդմիշտ, մնում են կառավարության տիրույթում: Այսինքն, մեր կառավարությունը պետք է անի այն բարեփոխումները, որոնք միտված են կայունությանը, միտված են տնտեսական ներդրումների համար նաեւ կայուն դատական համակարգի ստեղծմանը»:

Հարցին՝ Արտակ Զեյնալյանն ինչ-որ առումով չի՞ կատարել իր պարտականությունները, դրա՞ համար էիք դուք շատ-շատ ջղայնացած նրա վրա՝ Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարի տիրույթը այն դատաիրավական բարեփոխումներն են, որոնք ընդմիշտ պետք է գործեն: Ես կարծիք կարող եմ ունենալ դրանց կապակցությամբ: Անցումային արդարադատությունը ամբողջությամբ ԱԺ-ի պատասխանատվություն է եւ եթե թերացում եղել է, ես իմ գործընկերների հետ կիսում եմ այդ թերացումը անցումային արդարադատության մասով»:

Մարիա Կարապետյանը գոհ է, որ լրագրողները այդ փակ նիստի ժամանակ դռների հետեւում իրենց ձայնը լսելով՝ տեսել են եւ հանրությանը կփոխանցեն, թե որքան բուռն են ընթանում իրենց քննարկումները:

Մենք Մարիա Կարապետյանին հարցրեցինք՝ երեկ քննարկվե՞լ է ԲԴԽ-ն եւ ՍԴ-ն ցրելու մասին՝ նա պատասխանեց. «Անդրադարձ փոքրիկ եղել է, բայց ավելի շատ մասնագիտական քննարկում պետք է լինի: Ինչ-որ բան հիշում եմ, բայց ես մեր նիստերին գուցե նույն սղագրությամբ չեմ վերաբերվում, ինչպես լրագրողները: Ինձ ավելի շատ հետաքրքրում են քաղաքական որոշումները, որոնք մենք ընդունում ենք նիստի ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031