Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը պատմում է «ազատություն» բառից Քոչարյանի ալերգիայի եւ եղբոր համակուրսեցի Սեդրակ Քոչարյանի մասին

Մայիս 23,2019 16:00

Էդգար Առաքելյանը զարմացած է՝ 98-ին նույն մեկնակետից՝ մի վերնաշապիկով սկսել են, Քոչարյանի զավակները դարձել են դոլարային միլիոնատերեր, իսկ իրենք դրամով այդ նույնի մի հատիկն ունեն՝ տառապանքով:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը օրերս լրագրողների հետ զրույցում հարցին՝ սոցցանցերում ձեր ընտանիքին ուղղված մեղադրանքներին ինչպես եք վերաբերվում, պատասխանեց, թե մեկնաբանություններ անողների մի մասը մոլորված են, քանի որ նրանց տարիներ շարունակ ինչ-որ բաներ են հրամցրել իրենց ընտանիքի մասին. «Ինչ-որ միֆական ունեցվածքներ, նույն Մարտի մեկը… ու կա մոլորված զանգված, որն այդ ամեն ինչին հավատում է եւ դրանից էլ կա այդ նեգատիվ վերաբերմունքը: Բայց կան շատ մարդիկ, ովքեր աջակցում են»:

«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հարցին՝ դուք նրա ասած «մոլորյալների» թվո՞ւմ եք, որոնք իրենց ընտանիքի, ունեցվածքի մասին սխալ պատկերացում ունեն՝ պատասխանեց. «Ես ընդհանրապես որեւէ հարցում ինձ մոլորյալ չեմ համարում: Ինչ վերաբերում է Քոչարյանի ընտանիքի ամբողջական ունեցվածքին, ես կարծում եմ, որ որպես երկրորդ նախագահ, Քոչարյանը ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի մեր հանրությանը ներկայացնի հստակ թիվ, թե ի վերջո որքան է գումարային արտահայտությամբ իր ունեցվածքը, ո՞ր բիզնեսներն են կոնկրետ, որ իրենց են պատկանում՝ ուղղակի կամ անուղղակի, ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ ճանապարհներով են դրանք ձեռք բերվել եւ առհասարակ հանրային հաշվետվողականություն: Օրինակ, երբ խոսում ենք Արցախի կոնտեքստում, տեսնում ենք՝ Արցախից շատ ձայներ են լսվում Քոչարյանին պաշտպանող, ես ուզում եմ հասկանալ՝ մենք ունեինք արցախցի մեծահարուստ ռուսաստանաբնակ Լեւոն Հայրապետյան, որը հստակ շատ գործեր է արել, ներդրումներ է արել իր փոքր հայրենիքում եւ իսկապես նվիրյալ է եղել: Ես ուզում եմ հասկանալ՝ նույնիսկ եթե ինչպես Լեւոն Քոչարյանն է ասում՝ ինքը դոլարային միլիոնատեր է, այսինքն, ելնում եմ այն կանխավարկածից, որ առնվազն 1 միլիոն դոլար ունի, ի՞նչ է արել Քոչարյանի ընտանիքը՝ եթե ոչ Հայաստանի համար, գոնե Արցախի Հանրապետությունում: Ի՞նչ ծրագրեր է իրականացրել սոցիալական, ներդրումային եւ այլն»:

Հարցին՝ իրենց ունեցվածքի մեջ կա՞ մի բան, որ ձեզ կասկածելի է թվում, համարում եք, որ նախագահն իր աշխատավարձով չէր կարող նման ունեցվածք դիզել՝ Էդգար Առաքելյանն ուշագրավ պատասխան տվեց. «1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ ինքը որեւէ ունեցվածք չի ունեցել՝ որպես այդպիսին, ինչպես ընդունված է ասել՝ մեկ վերնաշապիկով եկել է Երեւան ընտանիքով: Հենց էդ նույն տարում՝ 98-ին, իր ավագ որդին եւ իմ ավագ եղբայրն ընդունվել են միեւնույն բուհի միեւնույն ֆակուլտետ, այսինքն՝ համակուրսեցիներ են եղել: Իմ հայրը, որպեսզի կարողանա ապահովել կրթությունը եղբորս ու նաեւ իմ, իր ընտանիքը թողել է ու մեկնել ԱՄՆ, 6 տարի մեծ զրկանքների եւ նաեւ հոգեկան եւ այլ տառապանքների գնով կարողացել է ապահովել մեր կրթությունը: Փաստն այն է, որ այսօր ես հայտարարագիր եմ ներկայացրել, որտեղ ընդամենը 1,5-ից մի քիչ ավելի մլն դրամ եմ հայտարարագրել, էդ նույն մեկնակետից սկսել ենք, մենք էլ ենք մի վերնաշապիկ ունեցել, իրենք էլ, ինչպե՞ս է ստացվել, որ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող Քոչարյանի զավակները դոլարային միլիոնատերեր են, իսկ մենք դրամական արտահայտությամբ էդ նույնի մի հատիկն ունենք, էս է հարցը»:

Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը, «Կյանք եւ ազատություն» գրքի շնորհանդեսին ասաց, թե երիտասարդներին այդ գիրքը կսովորեցնի, թե ինչպես կարելի է հասնել հաջողությունների, թե մինչեւ հաջողության հասնելը ինչ դառը ճանապարհ են անցել, անքուն գիշերներ, քրտնաջան աշխատանք, կորուստներ……Ուստի հարցրեցինք՝ փորձե՞լ եք այդ գիրքը կարդալ, գուցե այնտեղ ձեր հարցերի պատասխանները կան, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին՝ Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իմ կյանքի որեւէ փուլում ես էն աստիճան պարապ կարող եմ մնալ, որ Քոչարյանի գիրքն ընթերցելու ցանկություն առաջանա ինձ մոտ: Բայց նաեւ տիկին Բելլա Քոչարյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, եթե ուզում են իրենց գիրքը երիտասարդները կարդան, երեւի լավ կլիներ, այդ գիրքը գրվեր նախ մայրենիով, ոչ թե օտար լեզվով: Սա՝ ընդհանուր դիտողություն: Մենք գիտենք, որ թարգմանությունները չեն ապահովում եւ սրտին կպնելու համար պետք է գրել այն լեզվով, որով մարդը մտածում է, կամ մարդը տիրապետում է: Ինձ համար առնվազն աբսուրդն այն է, որ երկրի բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձը գիրք է գրում եւ այդ գրքի լեզուն այդ երկրի պետական լեզուն չէ: Իսկ բովանդակության հարցով լավ է չմեկնաբանեմ»:

Հարցին՝ դուք էլ եք կարծում, որ նրանք, ովքեր այսօր աջակցում են Քոչարյանին եւ դատարանի առաջ գնում եւ բղավում էին ազատություն Քոչարյանին, նրանց փող են տվել, չի՞ կարող Քոչարյանն ունենալ իրական աջակիցներ՝ նա պատասխանեց. «Ես որեւիցե փաստի չեմ տիրապետում, միայն ուզում եմ ասել, որ այդ բառը՝ ազատություն, ափսոս է, պետք չի այդ բառը արժեզրկել, որովհետեւ, եթե հիշում եք, Քոչարյանի մոտ ժամանակին էն աստիճան ալերգիա կար ազատություն բառից, որ նա նույնիսկ պաշտոնապես փաստաթղթով Ազատության հրապարակ կոչվող տարածքը Թատերական էր անվանում եւ ամեն կերպ խուսափում էր այդ բառն իր լեքսիկոնում երբեւիցե օգտագործելուց……Ես չգիտեմ՝ Քոչարյանը կոնկրետ քանի հոգի աջակից ունի Հայաստանում, բայց ես գիտեմ, թե քանի հոգի կա Հայաստանում, որ արդարություն է պահանջում, մասնավորապես՝ նրա անձի հետ կապված գործողությունների համար ու այդ մարդկանց թիվը շատ-շատ մեծ է»:

Էդգար Առաքելյանն ասաց, որ Մարտի 1-ի հետ կապված հիշողությունները երբեք չի մոռանա. «Ես արտակարգ դրությունը վերացնելուց հետո ակտիվորեն ներգրավված եմ եղել ընդհատակյա շատ վտանգավոր պայքարի մեջ, «Հիմա» երիտասարդական նախաձեռնությանն եմ հարել, հուշեր կան, զգացած էլ կա, ապրած էլ կա, դա իմ համար անձնական ողբերգություն է եղել, ես 10 զոհերը ու երկրի ու քաղաքի այդ օրվա վիճակը երբեք չեմ մոռանալու, դա նաեւ մեր քաղաքական ինքնության մի մասն է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Garo says:

    Բա ինչի ես 1998-ից սկսում 1991-ից սկսի:
    Դաել ասա. որ դու ու հայրիկդ հանգիստ տանը նստած էիք, իսկ Քոչարյանի ընտանիքը գրադների ռմբակածության տակեր: Քոչարյանը պաշտպանության կոմիտեն էր ղեկավարում պատերազմ էր հաղթում, եղբայրը ծանր վիրավորվեց:

    Հիմա դու սոված բոլշևիկի պես նվնվում ես, թե բա պապաս ստիպված գնաց ԱՄՆ զրկանքներ կրեց:

  2. Anonymous says:

    Դու իրական պատմություն չկարդաս, երկրի հակառակը կողմը կարդա, որ նույննա Նիկոլ պապի հեքիաթները:

  3. Garo says:

    Ու նաև քո թիմակից ՀԱԿականերից հետաքրքրվի թե ոնց եղավ որ երբ Քոչարյանը 1 վերնաշապիկով պատերազմ էր հաղթում իրանք սոված ու պատերազմող երկրում միլիոնտաեր դարձան:
    Օրինակ Խաչատուր Սուքիասյանը ով ֆինանսավորում էր ձեր ՀԱԿը: Իրանել հարցրեք թե Արցախում ինչ ներդրում ունի արած:

  4. Աշոտ says:

    Garo և Anonymous, ձեզ հակաճառելն ապարդյուն գործ է, ժամանակի պարապ վատնում։ Ես ուղղակի երկու լուր ունեմ ձեր համար, երկուսն էլ … վատ.
    Ա. Քոչարյան, Սարգսյան և այլք այլևս չե՛ն վերադառնա ու առաջվա նման էլ չի՛ լինի։ Այն ինչ արդեն կա, դա անշրջելի՛ է։ Ձեր երազած comeback-ը տեղի չի՛ ունենա։
    Բ. Ոչ միայն ձեր սիրելի Քոչարյանը, որը պարզապես “բարև Ռոբ”- համար մարդ է սպանել տալիս, հետո սպանողին պայմանական մեկուկես տարով սղղացնում-պրծցնում, հա՛, ոչ միայն ինքը, այլ շատ ուրիշների օդերն են փակվելու, այսպես ասած բռնեմ դունչդ, կտրի շունչդ։
    Ի դեպ, բավակա՛ն է, շուտասելուկի պես կրկնեք ռումբերի, կռիվների մասին։ Հերոսից մինչև հակահերոս շատ քայլ կա, և ձեր այդ հարգելի հերոսն այդ բոլոր քայլերն արել է։
    Եթե ինչ, ապա ես էլ եմ կռվել, երկու անգամ հորադիսի մարտերում վիրավորվել եմ։ Ապաքինվելուց հետո նորից շարք եմ վերադարձել։
    Ազգի տղամարդկանց հիթսուն տոկոսը կռվել է, բայց միլիոնատեր են դարձել միայն նրա՛նք, ում մերձավորները, կամ հենց իրենք պաշտոն են զբաղեցրել։ Ձեզ դա չի հուզու՞մ։
    Հա՛, ասելս է՛ն էր, որ ինչքան էլ մեդիա հարթակներում շապիկներդ ճղեք, միևնույն է՛, տղե՛րք, օգուտ չի՛ տալու։ Ձեր սելը Քոչ…ել է։
    Հարգանքով…

  5. Garo says:

    Ոչ մեկ չի ասում Քոչարյանը պիտի հետ գա, էտ մարդը ցանկությունել չուներ վաղուց թոշակի էր գնացե:
    Խոսքն էն մասինա, որ ամեն իրանից ոչինչ չներկայացնող մեկը դնում հայհոյումա պատերազմի հերոսներին:
    Հա իմ համար ամենակարևոր մարդիկ հենց իրանք են, եթե իրանք չլինեին երկիր չէր լինի, որ մի հատել կոռուպցիայից ու դատարանների անկախությունից խոսան մարդիկ:

    Արցախյան պատերազմին մի 10-15հազար մարդա մասնակցե 1տոկոսնել չէ ինչ 50տոկոսի մասինա խոսքը:
    Կապիտալիզմի ժամանակ մեկը հարուստա լինում մյուսը աղքատ: Հիմա լիքը չկռված մարդիկել միլիոնտաեր են դարձել, ասենք նույն Դոդը, Լֆիկը, Գռզոն:
    Բայց չգիտես ինչի շատերին հենց հատկապես պատերազմ հաղթած տղերքի փողերնա հետաքրքրում:

  6. Աշոտ says:

    Garo
    Բայց տպավորությունը հենց դա է, որ ցանկանում ես/եք, որ ամեն գնով Փաշինյանը/հեղափոխությունը չհաջողվի։
    Ապե՛ր, ես չգիտեմ թե դու ինչ տարիքի ես, բայց տպավորությունս այն է, որ դու պատերազմի տարիներից ընդհանրապես տեղյակ չէս։ Էդ քո ասած 10-15 հազար միայն զոհված հերոսներին են։ Դա պատերազմին մասնակցածների ընդհանուր թվի հինգից տաս տոկոսն է։ Հասարակ օրինակ բերեմ։ Իմ վաշտը 94թ հունվարի սկզբին բարձրացավ մարտական դիրքեր։ Կազմում մոտ 130 զինվոր ու սպա։ Հրադադարի ժամանակ վաշտում առկա էր մոտ 50-60 զինվոր։ Մի այդքան էլ՝ մոտ 50 զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներով պարկած էին Գորիսի, Ղափանի հիվանդանոցներում, Մուրացանի ռազմական հոսպիտալում և այլն։ Ընդհանուր կազմից ունեինք մոտ 15 զոհ։ Պա՞րզ է։ Սա կարող ես բազմապատկել գումարտակների, գնդերի ու բրիգադների և ստանալ գրեթե ճիշտ թիվը։ Այսինքն 88-94թթ պատերազմին մասնակցել 200-250 հազար մարդ, եթե ոչ ավելի։ Դա չի նշանակում, որ ինչ որ ժամանակ այնտեղ 250 հազար մարդ է եղել միաժամանակ, այլ վեց տարվա ընթացքում եղած զոհեր, վիրավորներ, նրանց փոխարեն շարք մտած կամավորականներ, երիտասարդներ զորակոչիկներ, երեքամսյա հավաքների մասնակիցներ և այլն։ Ամեն երկիր կարող է կռիվ ուղարկել իր ունեցած ռեսուրսների մաքսիմում 15 տոկոսը։ Որովհետև մոտ 50 տոկոսը կանայք են, մոտ քսանհինգ տոկոսը երեխաներ և ծերեր, դե մի տաս տոկոսն էլ բոսյակ։ Դե հաշվի 3 միլիոնանոց ազգի 15 տոկոսը և կհասկանաս թե ազգի տղամարդկանց քանի տոկոսն է կռվել։
    Ինչ վերաբերվում է չկռված օլիգարխներին ու կռված օլիգարխներին ու թաքուն միլիոնատերերին, կհասկանաս նաև թե ով ում ընկերն ու բարեկամն է։ Թող Պավլիկից, Սեֆիլյան Ժիրայրից, Սասունից ավելի հերոս չլինեն քո ասած “հերոսները” բայց թվարկածս տղերքը չհարստացան։ 94թվին Լիսկան ընդամենը Գորիսի տրակտորակայանում տեղադրված չաստի հրամանատարն էր։ Ուներ ընդամենը 18-22 զինվոր, ովքեր ազդեցիկ Գորիսեցիքի երեխեքն էին։ Միշտ քնած, ուռած, հարբած։ այսպես ասած “կայֆերի” մեջ։ Բոլորս իրենց երանի էինք տալիս։
    Ո՞նց Լիսկան դարձավ միլիոնատեր։ Քեզ դա երբեք չի՞ հետաքրքրել։
    Դուրս է գալիս, որ ով իշխանության հետ տարաձայնություններ ուներ, որովհետև իշխանությունների սխալները բարձրաձայնում էին, այդպես էլ մնացին հասարակ մահկանացու, իսկ նրանք, ովքեր Լևոնի, Ռոբերտի ու Սերժի թրի տակով անցան, կամ ժամանակին իրենց դիրքորոշումը փոխեցին, դարձան միլիոնատերեր ու օլիգարխներ։
    Բա՛ ապեր, տե՛նց բաներ։ Իմացի՛ր թե ում համար ես կուրծք ծեծում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031