Չի բացառվում, որ աուդիտի եզրակացությունից հետո իրավապահ մարմինները գործով զբաղվեն. կան խոշոր ծավալի չարաշահումներ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղարը քաղաքապետարանի ավտոմեքենաների վառելիքի ծախսերի կրճատման մասին ցուցանիշներ է հրապարակել:
Ըստ այդ տվյալների, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին սպասարկող ավտոմեքենան 2018 թվականի միայն հունվար-ապրիլ ամիսներին ծախսել է 5200 լիտր բենզին: Իսկ այս տարվա հունվար-ապրիլին քաղաքապետ Հայկ Մարությանին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 700 լիտր բենզին՝ 7.5 անգամ պակաս:
Ընդհանուր առմամբ, ըստ Կարապետյանի, Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52 050 լիտր բենզին, իսկ քաղաքային նախկին իշխանության օրոք՝ 2018-ի հունվար-ապրիլին՝ 81 070 լիտր, կրճատումը կազմել է 35,8%:
Կարդացեք նաև
Գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել են 27500 խմ գազ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 37720 խմ, 27,1% պակաս:
Ավտոպարկի տեխսպասարկման ծախսերը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 15 մլն 563 հազար դրամ, 2019-ի հունվար ապրիլին՝ 9 մլն 532 հազար կամ 38,8%-ով պակաս:
Արդյոք քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թվի կրճատում է տեղի ունեցել քաղաքային այս իշխանության օրոք, «Առավոտ»-ի այս հարցին ի պատասխան, Կարապետյանն ասաց. «Քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող ավտոպարկի թվի վերանայման հարցով որոշում չի կայացվել, կարելի է ասել՝ դեռ չի կրճատվել: Իմ ներկայացրած թվերը՝ քաղաքապետարանի սպասարկող ծառայողական 51 մեքենաներն են, դրանք վարչություններին, տարբեր բաժիններին, քաղաքապետի տեղակալներին, քաղաքապետի խորհրդականներին եւ քաղաքապետին սպասարկող ավտոմեքենաներն են: Այսինքն՝ ո՛չ մեքենաների ծավալն է կրճատվել, ո՛չ էլ աշխատանքների ծավալն է կրճատվել»:
Արդյոք որոշակիորեն սահմանափակվել է աշխատակիցների՝ ծառայողական ավտոմեքենաներով որեւէ տեղ գնալը, մեր այս հարցին էլ ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Այնպես չէ, որ ավելի քիչ են երթեւեկել իմ նշած ժամանակահատվածում եւ այնպես չէ, որ այս ծախսերի կրճատումը մի նոր հնարք է: Ուղղակի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ն սկսել է կիրառել կառավարության դեռեւս 2005 թվականի որոշումը, որով սահմանվում է պետական եւ համայնքային կառույցների ավտոմեքենաների սպասարկման կանոնները: Դրանցով սահմանվում է, որ ըստ կատարած վազքի պետք է ստանան վառելիք, քսուկներ եւ տեխսպասարկում իրականացնեն: Հիմա, այս մի քանի ամիսներին սկսել ենք խստորեն կիրառել այդ կանոնները»:
Կարապետյանի ներկայացմամբ՝ կան պետական գերատեսչություններ, որոնք կրճատել են իրենց ավտոպարկը, իսկ քաղաքապետարանը չի կրճատել, եւ չի կրճատել աշխատակիցների ուղեւորությունների ու գործուղումների թիվը: Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի, ուղղակի տեղի է ունեցել վառելիքի եւ տեխնիկական սպասարկման ծախսերի նկատելի կրճատում. «Մի հետաքրքիր ֆենոմեն կա՝ 38% կրճատում տեխնիկական սպասարկման ծախսերը, այն դեպքում երբ մեկ տարով հին են այդ ավտոմեքենաները, իսկ դա նշանակում է՝ ավելի շատ ծախսեր են պահանջում: Ինչ վերաբերում է քաղաքապետին սպասարկող մեքենայի ծախսին, ռեկորդային թվեր ենք տեսնում՝ 4 ամսում 7.5 անգամ նվազել են այդ ծախսերը: Նախկին քաղաքապետը մեկ ամսում 1 տոննա վառելիք էր ծախսում, հիմա Մարությանը մեկ ամսում՝ 175 լիտր: Քաղաքապետը հաճախ հեծանիվով է երթեւեկում, աշխատանքի է գալիս ու գնում հեծանիվով»:
«Առավոտ»-ի հարցին՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր կան քաղաքային նախկին իշխանության այդ ծախսերի, ըստ էության պետական գնումների ոլորտում, ուսումնասիրություն անո՞ւմ են, Կարապետյանը պատասխանեց. «Այս պահին հստակ տվյալներ պատրաստ չեմ ներկայացնել: Մենք ոչ միայն ուսումնասիրել ենք, այլեւ՝ ուսումնասիրում ենք հիմա էլ: Աուդիտի արդյունքներն ու դրանց հետեւանքները իր ժամանակին կտրամադրենք հանրությանը»:
Մեր մյուս հարցին էլ՝ այդ աուդիտի եզրակացությունում կա՞ն պետական ծախսերի ուռճացված թվեր կամ չարաշահման դեպքեր հայտնաբերե՞լ եք, հնարավո՞ր է դրան իրավական գնահատական տալու կարիք լինի, Կարապետյանը պատասխանեց. «Աուդիտի տվյալները կհրապարակվեն ու համապատասխան հետեւություններ կլինեն, եւ եթե իրավապահների միջամտության կարիքը լինի, ապա այդ միջամտությունը կլինի: Նախնական տվյալներով, գործ ունենք չարաշահումների եւ ոչ համընկնումների բավական խոշոր ծավալների հետ: Իսկ ավելի կոնկրետ թվեր կհրապարակենք աուդիտի պաշտոնական եզրակացությունից հետո»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
22.05.2019