Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք դատարաններ, չունենք արդարադատություն

Մայիս 23,2019 15:00

Հայաստանում սահմանվեց քաղաքացու օրը։ Հետեւաբար, հետայսու ոչ միայն չպիտի խախտվեն, այլեւ վերականգնվեն քաղաքացիների խախտված իրավունքները։ Նաեւ այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական փոփոխություններ եւ վերակառուցել ՀՀ դատաիրավական համակարգը, ինչը կնպաստի ոչ միայն արդարադատության հաստատմանը, այլեւ՝ դատարանների բեռնաթափմանը։ Սույն հոդվածում ներկայացվում է բուհական եւ դատաիրավական ոլորտներում թույլ տրված անարդարություններից մի քանի դրվագ, որպեսզի ընդգծվի դատաիրավական համակարգում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը։

Մինչհեղափոխական Հայաստանում քաղաքացու իրավունքները քողարկված ձեւով ոտնահարվում էին հատկապես ՀՀ բուհերում։ Որոշ ռեկտորներ, իշխանությունների թողտվությամբ, իրենց էին ծառայեցնում բուհի թե ինքնավարությունը, թե կոլեգիալությունը՝ հաճախ խախտելով դասախոսների եւ ուսանողների իրավունքները։ Որպես փոխհատուցում նրանք համապետական ընտրությունների ժամանակ պարտավոր էին ապահովել որոշակի թվով ընտրաձայներ, պատժել այլախոհ դասախոսներին, կանխարգելել ուսանողների մասնակցությունը ցույցերին ու միտինգներին։ Այդ տեսանկյունից աչքի էր ընկնում հատկապես ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Կորյուն Աթոյանը, ով բուհի դռները փակել էր տալիս նույնիսկ լրագրողների առջեւ։ Սակայն նա ոմանց առջեւ նեղվում էր. ուներ դոկտորի գիտական աստիճանը հավաստող դիպլոմ, բայց չուներ այն հավաստող ատենախոսություն։ Եթե նրա դիպլոմն իրական լիներ եւ ինքն էլ ազնիվ աշխատեր, ապա աշխատանքից վաղաժամկետ չէր ազատվի։ Միայն «Իրատես» թերթում Ա. Հովհաննիսյանի (տես 6-10.11.2018 թ., 21-24.12.2018 թ.) եւ «Առավոտ» օրաթերթում Գ. Հակոբյանի (տես 02.02.2019թ.) հոդվածներում բերված փաստերը բավարար էին, որպեսզի Կ. Աթոյանը կասկածվեր հանցագործության մեջ։ Ի դեպ, վերջին հոդվածում առկա նյութի շարժառիթով էլ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ ՀՀ քր.օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում արդեն քրեական գործ է հարուցվել։ 2016 թ. հունիսի 16-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Որտեղ է թաղված շան գլուխը» հոդվածում գրել եմ. «եթե ՀՀ նախագահը եւ նրա պարտադրանքով ստեղծված ու ընդունված սահմանադրությունը լեգիտիմ չեն, ինչո՞ւ պիտի ՀՊՏՀ իրավագիտության եւ քաղաքագիտության, այն էլ՝ արհեստածին, ամբիոնի վարիչը լեգիտիմ ու օրինապահ լինի, ռեկտորը՝ ազնիվ ու օբյեկտիվ, իսկ Հայաստանն էլ՝ ինքնիշխան»։ 2010-2018 թթ. միշտ ահազանգել եմ, որ ՀՊՏՀ տնտեսական պատմության եւ իրավագիտության, այժմ՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լյուբա Մեհրաբյանը երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել, բայց քանի որ ՀՊՏՀ ռեկտորն էլ լեգիտիմ չէր, ուստի նրան, թեկուզ «ԺՊ»-ի կարգավիճակով, միշտ նշանակում էր ամբիոնի վարիչ։ ՀՊՏՀ-ում ոմանք գիտեին, որ Կ. Աթոյանը դոկտորի գիտական ատենախոսություն չունի, բայց լռում էին թե այդ, թե 2015 թ. ՀՊՏՀ գլխավոր հաշվապահ Ա. Մարգարյանի աշխատանքից ազատվելու խորհրդավոր դիմումի (տես «Առավոտ» օրաթերթի 27.05.2015 թ. ահազանգը) առեղծվածների մասին։ Առավել եւս, երբ ՀՊՏՀ-ից բողոքներ էին ուղարկվում ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին, դիմումատուները ստանում էին կամ ՀՊՏՀ-ի ղեկավարության ցինիկ պատասխանները, կամ էլ՝ ՀՀ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի բուհի ինքնուրույնությանը վերաբերող հատվածը՝ անտեսելով նույն հոդվածի բուհի պատասխանատվությանը վերաբերող 7-րդ կետի բովանդակությունը։ Թավշյա հեղափոխությունից հետո մամուլը սկսեց հաճախ անդրադառնալ ՀՊՏՀ ռեկտոր Կ. Աթոյանի ապօրինություններին, հատկապես՝ նրա դոկտորական ատենախոսության առեղծվածին։ Իմ պահանջագրով ՀՀ ազգային գրադարանի միջնորդությամբ փորձ է կատարվել Մոսկվայից ստանալ այդ ատենախոսությունը, բայց ապարդյուն, իսկ ՀՀ ԿԳ ԲՈԿ-ից պատասխանել են, որ Կ. Աթոյանի ատենախոսությունը ԲՈԿ-ում առկա չէ։ Պարզվում է, որ Կ. Աթոյանը դոկտորի կեղծ դիպլոմով 2011թ. եւ 2016թ. «ընտրվել» է ռեկտոր։ Նրա այդ մեքենայությունների համար իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ ՀՊՏՀ խորհրդի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր միաժամանակ խախտել են նաեւ ռեկտորի ընտրության կարգի որոշ պահանջներ։ Երբ իմ գործնական առաջարկություններով 2010-2012 թթ. փորձեցի «Տնտեսական պատմություն» առարկայի դասավանդման որակը բարձրացնել, հանդիպեցի ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանի եւ ՀՊՏՀ ղեկավարության դիմադրությանն ու ենթարկվեցի հետապնդումների։ Իսկ 2013 թ. մարտի 13-ին, երբ «Հրապարակ»-ի կայքում հրապարակված հոդվածում գրեցի, որ ՀՀ նախագահական ընտրություններում ակնհայտ է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, Կ. Աթոյանն ինձ ազատեց աշխատանքից՝ հաստիքը կրճատվելու կեղծ հիմնավորմամբ։ Այդ ապօրինությունը իրենց ապօրինի վճռով ու որոշումով 2015 թ. օրինական համարեցին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն ու ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը։ Որքան դիպուկ է արտահայտվել ՀՀ ՍԴ նախկին նախագահ Գ.Հարությունյանը թե այն ժամանակ, թե ՀՀ ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո. «Ունենք դատարաններ, չունենք արդարադատություն»։ Մամուլում իմ աշխատանքային իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, գերակա հանրային շահը պաշտպանելու եւ ՀՊՏՀ ղեկավարության ապօրինությունները քննադատելու, ինչպես նաեւ ՀՀ նախկին նախագահ Ս. Սարգսյանին լեգիտիմ չհամարելու համար, ՀՊՏՀ ղեկավարությունը՝ 4 հայցվորով, 2016թ. հուլիսին, իսկ հետո նաեւ ՀՊՏՀ-ն դիմեցին նշված դատարան՝ ներողություն խնդրելու եւ միլիոնների փոխհատուցում պահանջելու հայցով։ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ՀՊՏՀ ռեկտոր Կ. Աթոյանը, պրոռեկտորներ Պ. Քալանթարյանը, Մ. Հարությունյանը եւ ՀՊՏՀ-ն հրաժարվեցին հայցից, բայց ոչ դատական հետապնդումից։ Նրանց փոխարեն այն շարունակելու է ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը։ Չորրորդ տարին է, սակայն, դեռ չի սկսվել դատաքննությունը, իսկ փետրվարի 11-ին հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր։ Քաղաքացու համար ամենացնցող անարդարությունը «ողջամիտ ժամկետ» կեղծ ու անորոշ դատաիրավական հասկացությունն է։ Եթե դատական գործընթացը տարիներ է ձգվում, ապա այն կորցնում է իր իմաստն ու նշանակությունը։ 2013 թվականից ցայսօր գիտական հետազոտություններ կատարելու փոխարեն զբաղված եմ դատական գործերով։

Պարոնայք հանրապետականներ, պարոն Կ. Աթոյան, մի՞թե կարելի է իջնել այն աստիճանի, որ դասախոսին տարիներ շարունակ դատական հայցերով կամ պատասխաններով կտրել մասնագիտությունից, ընդհատել նրա գիտամանկավարժական գործունեությունը, ոտնահարել պատիվն ու արժանապատվությունը, քայքայել առողջությունը, թունավորել կյանքը, կեղծ գործ հարուցել նրա դեմ միայն այն բանի համար, որ նա ՀՊՏՀ-ում համարձակվել է բարձրացնել դասավանդման որակը. «Տնտեսական պատմություն» առարկայի թեստերը հստակեցնելու առաջարկ անել, առարկայի դասավանդման նոր ծրագրի նախագիծ ներկայացնել, այդ առարկայի ամբիոնի «իրավաբան»-վարիչ Լ. Մեհրաբյանին ու կեղծիքներով «ընտրված» ՀՀ նախկին նախագահ Սարգսյանին լեգիտիմ չհամարել, այսինքն՝ պաշտպանել գերակա հանրային շահը։ Նման մեթոդներով դասախոսին հալածելն արդեն իսկ հանցանք է կրթության եւ գիտության դեմ։ Փաստորեն, Կ. Աթոյանը մոտ 8 տարի խաբեությամբ ղեկավարել է ՀՊՏՀ-ն՝ պետությանն ու քաղաքացիներին պատճառելով հսկայական ֆինանսական վնաս։ Նրա՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումի թանաքը դեռ չէր չորացել, երբ 2019թ. հունվարի 18-ին կայացած ՀՊՏՀ կառավարման խորհրդի նիստում բարձրաձայնվեց բուհում կատարված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ աղաղակող փաստերից մեկը (տես «Առավոտ» օրաթերթի «Տնտեսագիտական համալսարանում փո՞ղ են լվացել» 02.02.2019 թ. հոդվածը), որի համար էլ հարուցվել է վերը նշված քրգործը։ Հուսանք, որ նշված գործի առիթով ՀՊՏՀ-ում կընթանան ընդհանուր ֆինանսական ստուգումներ՝ բացահայտելու մյուս աղաղակող փաստերը։

Օրենքի առջեւ պատասխան պիտի տա ոչ միայն Կ. Աթոյանը, այլեւ նրա բարեկամն ու ընկերները՝ ՀՊՏՀ-ում բոլոր ապօրինությունների մասնակից, նախկին պրոռեկտորներ Պ. Քալանթարյանը, Մ. Հարությունյանն ու 2010 թվականից ամբիոնի ապօրինի վարիչ Լ.Մեհրաբյանը։ Իսկ ինչ վերաբերում է դատավորներ Ա. Սուքոյանին ու Մ.Հարթենյանին, ապա արդարադատության բարոյականությունը պահանջում է, որ նրանք, ՀՀ վարչապետի մայիսի 20-ի հայտնի հայտարարությունից հետո, պիտի հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՊՏՀ նախկին դասախոս

«Առավոտ»  օրաթերթ, 

22.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031