Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենայն հայոց երգի վեհափառից ու բանաստեղծից մինչեւ ամենայն հայոց բարերար

Մայիս 23,2019 14:00

Հարցազրույց մշակութային գործիչ Սամվել Հարոյանի հետ

-Սամվել Հարոյան մշակութային գործչի անունը շուրջ տասը տարի զուգահեռվում է հայ երգի հետ, հանձին ձեր հեղինակած «Գրպանի երգարան» յոթհատորյակ CD-ով ժողովածուի (2012թ.), 21 հատորով «Ազգային երգարան» նոտային հավելվածով ժողովածուի (2015թ.), 365 երգ ընդգրկող դարձյալ «Ազգային երգարան-ամեն օր հայ երգի հետ» գրքի (2018թ.):

«Առավոտի» հետ զրույցներում ճանաչված արվեստագետներ՝ կոմպոզիտոր Արամ Սաթյանն ու երգիչ Թովմաս Պողոսյանն այդ աշխատանքների մասին խոսելիս, նշել են, որ դրանց իրականացման համար թեեւ երկար ժամանակահատված է պահանջվել, բայց դրանք ուղղակի արտատպումներ չեն առանձին երգարաններից: Փաստել են նաեւ, որ երգարանները ընդգրկում են ոլորտի բոլոր շերտերն անխտիր: Հիմա էլ …

-Թեեւ 2013-ին հրատարակվել է «Կոմիտաս վարդապետ» մատենագիտական ժողովածուս, բայց մեր մեծերի՝ Կոմիտասի ու Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով, «Ամենայն հայոց երգի վեհափառը» եւ «Ամենայն հայոց բանաստեղծը» աշխատություններիս շնորհանդես-համերգը նախատեսված է հունիսի 3-ին, Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մասնակցությամբ մեր ակադեմիական կապելլայի (ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), «Հայ մյուզիք բենդի» (ղեկավար՝ Վահե Հայրապետյան), «Բերդ» պարային անսամբլի (ղեկավար՝ Կարեն Գեւորգյան): Հրավիրված են ճանաչված անուններ Ռաիսա Մկրտչյանը, Սիլվա Յուզբաշյանը, Վահան Արծրունին, Գեւորգ Դաբաղյանը, Համլետ Գեւորգյանը, 10-ամյա հրաշամանուկ-երգիչ Նարեկ Ոսկանյանը… Պատրաստել ենք 1-2 անակնկալ եւս: Ասեմ նաեւ, որ գրքերիս հրատարակման առիթով համագործակցել եմ լեզվաբան, հայերենագետ, լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի եւ թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ:

-Թեեւ կազմակերպել եք բազմաթիվ փառատոներ, այդուհանդերձ, ձեր գործունեությունը հիմնականում կապված է գրահրատարակման հետ: Իսկ մշակութային գործչի կարիերան սկսել եք Մոսկվայից…

-Այո՛: Մոսկվայում «Հայորդիք» պարային անսամբլի տնօրենն էի, 2015թ. հիմնել եմ «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը», Մոսկվայում, Հայաստանում ու Արցախում անցկացրել «Կարոտ» փառատոնը: Գուցե խճճվեմ տարեթվերի մեջ, բայց հաճելի արձագանքներ եմ ստացել 2012-16թթ. անցկացրած «Իմ Հայաստան» փառատոնից…

-Հետաքրքիր էր նախորդ տարի Հանքավանում ձեր կազմակերպած միջոցառումը, ավելին՝ միջոցառումների շարքը…

-Առաջին անգամ անցկացվեց «Նաիրի» համահայկական փառատոնը, որի շրջանակներում Հանքավանում հիմնեցինք հայ երաժշտության ժանրերը խորհրդանշող 10 արձաններով «Նաիրի» երաժշտական այգին: Այդտեղ կազմակերպվեց ծառատունկ մեր անվանի արվեստագետների եւ պետական կոլեկտիվների՝ Չեքիջյանի, Մանսուրյանի, Նավասարդյանի, Գյանջումյանի, Մավիսակալյանի, Վարդազարյանի, Երզնկյանի… ֆիլհարմոնիկ նվագախմբի, օպերային թատրոնի, Սայաթ-Նովա աշուղական, գուսանական, երգի-պարի անսամբլների… անվանական տնկիներով:

-Հիշյալ փառատոնի մրցանակաբաշխությանը հրավիրված էր նաեւ հատուկ հյուր մեր հայրենակիցը՝ աշխարհահռչակ Միշել Լեգրանը… Բայց անդրադառնանք կայանալիք շնորհանդես-համերգին: Կոմիտասի ու Թումանյանի հետ կապված ի՞նչ նորություններ կգտնենք ձեր գրքերում:

-Այս ժողովածուների գլխավոր նպատակը արվեստի մեծերին ներկայացնելն է ոչ միայն որպես ստեղծագործող, այլ հայի իսկական տեսակ…

17-րդ դ. վերջերին, երբ մենք պետականություն չունեինք, ողբերգական վիճակում էինք. հալածված այլադավան պետությունների կողմից ու մեր ինքնությունը պահանջելու, մշակույթը տարածելու համար դարձյալ ոչինչ չունեինք: Դպրոցներն էլ կորուսյալ վիճակում էին, գրքեր քիչ էին հրատարակվում, լույս տեսնող թերթերն էլ էին քիչ… Մեր ժողովուրդն այնպիսի սոցիալական վիճակում էր, որ առաջնահերթը հանապազօրյա հացի խնդիրն էր… Եվ այդ պայմաններում ծնվեցին հայ խոսքի ու երաժշտության երկու տիտանները… Իհարկե, Կոմիտասի եւ Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործնեությունը ներկայացնող բազմաթիվ գրքեր կան՝ շուրջ 100-ից ավելի: Այս աշխատություններում կան այնպիսի նյութեր, որոնք հանրությանը դեռեւս քիչ են ծանոթ կամ գուցե անծանոթ: Դրանք արխիվային ուսումնասիրությունների արդյունք են: Կարծում եմ, առաջին անգամ են ներկայացվում Կոմիտասի ու Թումանյանի անունով աշխարհում գոյություն ունեցող դպրոցները, երգչախմբերը, գրական միությունները, հրապարակները, արվեստի դպրոցները, զբոսայգիները, փողոցները…

-Չե՞ք կարծում, որ ամենայն հայոց երգչից ու բանաստեղծից բացի, ունենք նաեւ այլ ոլորտներում ամենայն հայոցներ եւս: Գուցե այս երկու գիրքը հետագայում դառնա մատենաշա՞ր…

-Անհամեստություն չընկալվի, բայց, ըստ էության, սկսել եմ այդ շարքը: Առաջիկա տարիների ընթացքում հավանաբար ներկայացնեմ նաեւ Սարյանին, Խաչատրյանին, Գոհար Գասպարյանին, Քոչարին… Կամ գուցե հետաքրքրություններիս շրջանակը ինձ գցի նաեւ այլ ոլորտներ. իսկ ինչու չներկայացնել ամենայն հայոց բարերարին՝ Մանթաշյանին…

-Ասացիք Մանթաշյան… Ձեր աշխատությունները երբեւէ հովանավորնե՞ր գտել են՝ հանձին մեր մեծահարուստների:

-Ո՛չ, կամ առայժմ դեռ ոչ: Միայն յոթհատորյա «Գրպանի երգարան» ժողովածուս հովանավորեց երջանկահիշատակ Վահագն Հովնանյանը:

-Իսկ մշակույթի նախարարությունը երբեւէ ձեռք չի՞ մեկնել: Ձեր աշխատություններից, ոչ մեկը չի կարող հերքել, երգարանները Սփյուռքի համար գտածո են: Մեր մեծահարուստներից որեւէ մեկի մտքով չանցա՞վ հովանավորել, չէ՞ որ հենց թեկուզ Սփյուռքում կազմակերպված վաճառքից հետ կգար ներդրածը…

-Նախարարությունը երբեք չի հովանավորել: Ընդամենը մեկ անգամ ԱՄՆ-ում կազմակերպվեց «Ազգային երգարանի» 21 հատորյակի շնորհանդեսն ու հենց տեղում պատվիրեցին շուրջ 100 օրինակ եւս… Բայց ես առաջին հերթին ակնկալում եմ պետական մոտեցում: Չէ՞ որ հայ երգի տարածման հիմնական միջոցներից մեկը երգարանն է: Ընդ որում՝ հայերս ձեռագիր ու տպագրված երգարաններ ստեղծել ենք միշտ: Առաջինը Բարսեղ Ճոնի երգարանն է: Երգարանների հրատարակման գործին լայն թափ տրվեց 19-րդ դ. կեսերից («Քնար Հայաստանի», «Երգարան հայոց» եւ այլն), իսկ եվրոպական նոտագրությամբ երգարանները երեւացին 20-րդ դ. սկզբից…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

22.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031