Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձառություն՝ առաջին քայլ

Մայիս 23,2019 13:30

Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ այս ուսումնական տարում իններորդ դասարանցիները դպրոցը կավարտեն՝ մասնակցելով «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից կենտրոնացված միասնական պետական քննություններին։ Այդ քննությունները նախատեսված են սույն թվականի մայիսի 26-ին։ Նկատի ունենալով, որ աշակերտներն այդ համակարգով երբեւէ քննություն չեն հանձնել եւ փորձառության կարիք ունեն, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի մանկավարժական խորհուրդը որոշում կայացրեց անցկացնել նմանատիպ քննություն։ Դրա նպատակն էր փորձարկել ԳԹԿ մեթոդաբանությամբ մշակված ձեւանմուշների տարբերակները եւ ստեղծել պայմաններ՝ առավելագույնս նմանակված կենտրոնացված քննության պահանջներին, որպեսզի աշակերտները հարմարվեն այդ պայմաններին, փորձառություն ձեռք բերեն նոր համակարգով քննությանը մասնակցելու համար։ Իններորդ դասարանցուն նման փորձառությունը խիստ անհրաժեշտ է, եւ մեր կարծիքով այն կունենա դրական արդյունքներ։

Ապրիլի 26-ին իններորդ դասարանցիների համար անցկացվեց հայոց լեզվի փորձնական ավարտական քննություն՝ թեստային եղանակով, ընդ որում, թեստը բաղկացած էր տեքստից եւ դրա հիման վրա կազմած երեսունվեց առաջադրանքներից։ Գեղարվեստական բովանդակություն ունեցող տեքստն ընդգրկում էր 300-400 բառ։ 20 առաջադրանք ենթադրում էր ընտրովի պատասխաններ, 15 առաջադրանք՝ հարցի պատասխանի ինքնուրույն դուրսբերում, իսկ մեկը՝ շարադրանք։ Թեստերը, ինչպես տեսնում ենք, կազմվել էին առավելագույն չափով ԳԹԿ պահանջներին մեթոդաբանությանը համապատասխան։

Եվրասիա վարժարանում անցկացված քննության արդյունքում ունենք հետեւյալ պատկերը։ Քննությանը մասնակցել է 402 իններորդ դասարանցի: Մասնակիցների 14%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը, 9%-ը հազիվ հաղթահարել է նվազագույն շեմը, 18, 19, 20 միավոր որեւէ աշակերտ չի ստացել, ընդամենը 4%-ը հավաքել է 15,16,17 միավոր։ Սակայն ամենագլխավոր հետեւությունն այն է, որ մասնակիցների 73 %-ը վաստակել է միջին՝ 10-14 միավոր։

Անշուշտ, մեկ քննության (այն էլ առաջին անգամ կազմակերպվող) արդյունքներով չի կարելի հեռուն գնացող հետեւություններ անել, բայց փաստ է, որ մայրենի լեզվից իններորդ դասարանցիների ընդհանուր առաջադիմությունը ցածր է։ Մեծ տեսակարար կշիռ ունեն միջին առաջադիմությամբ աշակերտները։

Կարծում եմ՝ առաջիկա քննության թեստերը կազմելիս ԳԹԿ-ն պետք է նկատի ունենա, որ ստացվելու են նմանատիպ արդյունքներ, եւ եթե այս արդյունքները համարվեն օրինաչափ, ուրեմն թեստերը համապատասխանում են ծրագրային պահանջներին, իսկ եթե ոչ՝ կպահանջվի վերանայել դրանք՝ դարձնելով ավելի մատչելի։

Կարծում ենք, մեր կողմից անցկացված քննության արդյունքները կարող են օգտակար լինել ԳԹԿ-ի համար՝ առաջիկայում նման քննություն կազմակերպելիս, հատկապես նկատի ունենալ բացահայտված թերությունները, եթե թեկուզ պահանջվի վերանայել թեստերի բովանդակությունը, կառուցվածքը, պահանջները եւ այլն։ Ամենագլխավոր խնդիրն այն է, որ իններորդ դասարանցին լուրջ դժվարություններ է կրում ստեղծագործական շարադրություն գրելիս։ Այո՛, նրա համար խնդիր է ինչպես ստեղծագործել, ինչպես վերլուծել, ինչպես շարադրել եւ ինչպես ներկայացնել սեփական կարծիքը ու կատարել ամփոփում։ Վատ չէր լինի, եթե 1-ին անգամ անցկացվող այս քննության թեստերից հանվեր այդ պահանջը, կամ էլ հնարավորինս մեղմ ու թեթեւ պահանջ առաջադրվեր։

ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ

ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 

23.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031