2013թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ես առաջին անգամ հանդիպեցի ուսանողական ուղղորդված ամբոխի՝ արնակալած աչքերով, հայհոյող, լրագրողներին հրմշտող, ագրեսիվ:
Նրանք այդպիսի հանձնարարություն էին ստացել: Այդ օրը Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրն էր: Այդ օրվանից «Սաքուլիկը» դարձավ եզրույթ ու խուլիգանի հավաքական կերպարի խորհրդանիշ եւ մինչ այսօր կիրառվում է, երբ խոսք է գնում «առանձնահատուկ» ուսանողների մասին:
6 տարի անց՝ 2019թ. մայիսի 22-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ես դեժավյու ապրեցի՝ նորօրյա Սաքուլիկների տեսնելով: Ճղճղան ձայնով, հրմշտոցով, իրենց պրոֆեսորների վրա բղավելով, արնակալած աչքերով նրանք ցանկանում էին խափանել ռեկտորի ընտրությունները: Ասում էին՝ ինստիտուտը մերն է, ինչ ուզենք կանենք, մեզ կառավարման խորհուրդ ու օրենք չի հետաքրքրում: Նախորդ օրն էլ նրանցից մեկն առանց հասկանալու բողոքում էր, թե ինչու են բուհի կառավարման խորհրդի ¼-ը ուսանողները ներկայացնում, պետք է ողջ խորհուրդը ուսանողներից բաղկացած լինի: Նրանք խոսում էին դեմոկրատիայից, սակայն մոռանում էին, որ դեմոկրատիան ու բռնությունը անհամատեղելի են:
Նրանից մեկը՝ Պապ անունով, ընտրված ռեկտորից «մուննաթով» պահանջում էր ինքնաբացարկ հայտնել, ասում էր «նոր ընտրություններ կանցկացնենք», այդպես ենք ուզում: Ու ապշած ռեկտորը արդարանում էր, թե ինքն ընտրվել է օրենքի տառին համապատասխան, եւ ԿԳ նախարարի «մարդը» չէ: Ագրեսիվ ջահելների խումբը հասցրեց վիրավորել թատերարվեստի երախտավոր Հենրիկ Հովհաննիսյանին, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանին, խորհրդի անդամներին: Ընթացքում տեղի տվեցին մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի նյարդերը, երբ երիտասարդների ագրեսիվ խումբը ձայները բարձրացրեց Հենրիկ Հովհաննիսյանի վրա, զայրացավ ԿԳ նախարարի խորհրդական, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը, ասաց, որ նրանք պոպուլիզմով են զբաղված:
Կարդացեք նաև
Նողկալի մթնոլորտ էր թատերականում, որն արվեստի բուհ է, եւ այնտեղից պետք է անհատականություններ դուրս գան, վառ դեմքեր, ոչ թե ամբոխ: Բայց պատկերն այլ էր: Ագրեսիվ խումբը պատանդառել էր ինստիտուտում գտնվող բոլոր մարդկանց, գոռգոռում էր նաեւ լրագրողների վրա, այն դեպքում, երբ մեր աշխատանքը խոչընդոտելը կոնկրետ քրեական հոդվածով է պատժվում:
Ինստիտուտի երրորդ հարկում հավաքված «ոչ Սաքուլիկ» ուսանողները նեղսրտել էին, աղջիկները լաց էին լինում,ամաչում էին կատարվածի համար: Ես մեծ ցավ ապրեցի ոչ բուհական մթնոլորտի, ագրեսիայի, պատկառելի կենսագրություն ու վաստակ ունեցող դասախոսներին վիրավորելու, ռեկտորին ինչ-ինչ բաներ պարտադրելու համար:
Այլ երկրներում ուսանողները հակապատերազմական ցույցեր են անում, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում պատերազմում են ինստիտուտի դեմ: Վաղուց ժամանակն է դեմոկրատիան ու անարխիան միմյանցից տարբերելու, ուսանողները միշտ եղել են առաջադիմության ջահակիրներ, ոչ թե «քուչի բազառ» սարքողներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպես դաստիարակել են ուսանողներին, այդպես էլ արդյունք են ստանում:
Երբ, որ այդ նույն ինստիտուտում պաշտոնական դիրքի չարաշահմամբ խմբակային հարձակվում են թատերական գործչի վրա և նախկին ու ներկայիս ընտրված ռեկտորներն էլ հանցակազմ պարունակող այդ գործողության հեղինակին ատամներով պահեցին և շարունակում է պահել, բա ուսանողները դա տեսնելով ինչ պիտի սովորեին??