Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանն ահազանգում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալի՝ Զորիկ Մեսինյանի առողջական վիճակն օր օրի վատանում է, սակայն ո՛չ համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում, ո՛չ էլ դատարանը բավարարում է խափանման միջոցը փոխելու մասին իր ներկայացրած միջնորդությունը։ Կալանավորը՝ որպես բողոքի նշան, մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։ Նշենք, որ Զորիկ Մեսինյանը 2 տարուց ավելի կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով, այն է՝ «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը»։
Aravot.am-ի զրույցում փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց․ «Նա մի շարք՝ 7-8 տեսակի հիվանդություններ ունի՝ տարբեր բնույթի։ Դրանցից մի քանիսը ձեռք է բերել նախքան կալանքը, մյուսները ձեռք է բերել կալանավորման ընթացքում։ Օր օրի հիվանդությունները շատանում են, այս պահին ունի Հեպատիտ C, վերջույթների փտացում, աղիքների հետ կապված խնդիրներ կան։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկը որևէ նորմալ բուժում չի տրամադրում, երբ դատարանին միջնորդեցինք փոխել խափանման միջոցը, դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ որոշելով հարցում կատարել քրեակատարողական հիմնարկ, հասկանալ՝ կարո՞ղ են տեղում պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Քրեակատարողական հիմնարկից պատասխան եկավ, որ իրենք ունեն թե՛ համապատասխան սարքավորումները, թե՛ համապատասխան բուժաշխատող մասնագետները և կարող են պատշաճ բժշկական օգնություն ցույց տալ։ Բայց բուժքրոջից բացի, որը կարող է ճնշում չափել, ցավազրկող տալ, ոչինչ էլ չունեն, ո՛չ սարքավորում, ո՛չ մասնագետ։ Մինչդեռ դատարանը քրեակատարողականի տված գրության հիման վրա մերժեց մեր միջնորդությունը։
Մինչև օրս ոչինչ էլ չեն արել, նույնիսկ դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխել, թեև տեղափոխեն էլ, օգուտ չկա, որովհետև այնտեղ էլ չեն կարող այդ հիվանդությունները բուժել, դրանք քաղաքացիական հիվանդանոցներում պիտի բուժել։
Կարդացեք նաև
Այսօր փաստացի մարդը գտնվում է վատ վիճակում՝ անազատության մեջ, հացադուլ էր հայտարարել, որն էլ ավելի վատթարացրեց վիճակը, գործի քննությունն էլ երկու տարուց ավելի գնում է։ Ասեմ, որ իմ պաշտպանյալը ընդունում է, որ ինքը որոշակի քանակությամբ թմրամիջոց օգտագործել է, բայց իր մեղադրանքը դրել են, որ իրացրել է, որպես այդպիսին՝ գոնե մեկ հոգի ձևի համար ասեր, որ Զորիկը ինձ թմրամիջոց է հյուրասիրել կամ թեկուզ տվել է մոտս պահելու, քրեական գործում նման անձ գոյություն չունի»,-ասաց փաստաբանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնի