«Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ 20/05/2019 որոշման մեջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ընթացակարգային խախտումներ չի տեսնում:
«Բացարձակ ընթացակարգային խախտումներ չկան: Կա քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդված, որն ասում է՝ այս փուլում գործը իր վարույթ ընդունած դատավորը կամ պետք է գործը նշանակի դատաքննության կամ կասեցնի կամ կարճի կամ ինքնաբացարկ հայտնի կամ… այս որոշումներից յուրաքանչյուրը դատավորը կայացնում է իր առանձնասենյակում միանձնյա առանց որեւէ քննարկման, բայց ոչ ոք զրկված չէ իրավունքից, մինչեւ որ դատավորը որոշումը կկայացնի, դատարան մուտքագրի իր սեփական տեսակետը միջնորդության, դիմումի, հայտարարության ձեւով, թե որոշումներից որ մեկը պետք է կայացվի: Մենք մեր տեսակետն այդպես գրասենյակ էինք մուտքագրել: Թող իրենք էլ իրենց տեսակետը ուղարկեին, իրենք ոչ գրավոր, ոչ բանավոր չէին ներկայացրել:
Ավելին ասեմ՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկելու ժամանակ մենք մի քանի անգամ փորձ արեցինք այնպես անել, որ այդ դատավարության շրջանակում նաեւ մեր այդ միջնորդություններն էլ քննարկվեն՝ կասեցնելու, ՍԴ դիմելու միջնորդությունները: Մենք ուզում էինք, որ դա հրապարակային քննարկվեր: Որի դեմ դատախազությունն իր ողջ կարողությամբ առարկում էր: Դատախազությունը շատ լավ գիտեր, որ այդ միջնորդություններն արել ենք, որովհետեւ անընդհատ ասում էինք՝ մեր միջնորդությունները դատարանը քննարկի: Տուժողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էլ էր այնտեղ նստած, ինքն էլ գիտեր ու նաեւ հեռարձակվում էր, այսինքն՝ ցանկացած մեկը, որ հետաքրքրված էր այդ գործընթացներով, ինքը գիտեր՝ մենք այդպիսի միջնորդություն ենք արել ու ուզում ենք հրապարակային քննել, դատախազությունը դրան դեմ է, մյուս կողմն էլ ասել է՝ չէ եկեք չքննարկենք, որովհետեւ սա այսպես չի լուծվում, դատավորն էլ իրենց կողմը գրավելով՝ ասել է՝ չէ, չենք քննարկում, հիմա քանի որ տեսել են, որ դատավորն այն որոշումն է կայացրել, որը մենք պնդում էինք, որ կայացնի, գնացքը գնացել է, հետեւից ինչ-որ հայտարարություններով են հանդես գալիս:
Հարգելի գործընկերներ, այդ թվում նաեւ դատախազներ, ամեն ինչ իր ժամանակը, տեղն ու ձեւն ունի, ի՞նչ եք ավելորդ ստվեր գցում այդ որոշման վրա: Եթե այդ որոշման բովանդակության վերաբերյալ բան ունեք ասելու, ասեք, հակառակ դեպքում այդ գործընթացները մենք էինք ուզում ուրիշ ձեւով լիներ, հենց դուք էիք առարկում մեր ուզածի դեմ, դատավորն էլ ձեր ուզածով որոշեց: Թե պոպուլիստական, հիմա էլ ժողովրդին լարում եք, թե ինչ-որ դաղալություն է եղել, եթե դաղալություն եղել է, միայն հօգուտ ձեզ է եղել, հակառակ դեպքում հենց հիմա պետք է այդ գործը կարճվեր, որովհետեւ եթե հիմք ընդունենք գլխավոր դատախազության ստանդարտները, որոնք իրենք կիրառել էին այն յոթ հոգու գործով, պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր այդ կասեցման որոշման փոխարեն»,- Aravot.am-ին ասաց Հայկ Ալումյանը: Նրա համար անհասկանալի է նաեւ այս գործով տուժողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի տեսակետը, թե Դավիթ Գրիգորյանի որոշմամբ գործը սրընթաց ՍԴ հասցվեց, ինչը թերեւս, աննախադեպ եւ ոչ պատահական շտապողականություն է:
Կարդացեք նաև
«Կա Քրեական դատավարության օրենսգրքի 291 հոդված, որում ասվում է, թե քանի օրում պետք է դատավորը գործն ընդունի իր վարույթ, կա 292 հոդված, որն ասում է, թե դատավորը, որ գործն իր վարույթ է ընդունել, 15 օրյա ժամկետում կայացնում է այս որոշումներից որեւէ մեկը ու թվարկում է այդ որոշումները, հիմա 15 օրյա ժամկետում դատավորն այդ որոշումներից մեկը կայացրել է, շտապողականություն ասելով՝ ինչ նկատի ունի Վահե Գրիգորյանը»:
Մեր հարցին, այսինքն` Դավիթ Գրիգորյանի որոշումից դուք Վահե Գրիգորյանի պես սատկած առնետի հոտ չե՞ք առնում, ի պատասխան ասաց. «Վահե Գրիգորյանի փոխարեն մի ուրիշն ասեր, մի հատ միտք անցավ, կասեի, բայց Վահե Գրիգորյանի անձով կաշկանդված չեմ պատասխանում այդ հարցին»:
Կան տեղեկություններ, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 200.000 դոլար է ստացել պաշտպանությունն իրականացնելու համար: Այս տեղեկությանը փաստաբան Հայկ Ալումյանն այսպես արձագանքեց. «Ամենայն անկեղծությամբ, չգիտեմ՝ մնացած փաստաբաններն ինչքան են վարձատրվում այս գործով: Այնպես չէ, որ բոլորիս մի գումար է վճարվում: Կարող եմ իմ մասով ասել, որ վարձատրությունը բավականին բարձր է, բայց այն թվերը չեն, որի մասին խոսվում է: Չեմ ուզում թիվը բարձրաձայնել, բայց բավականին բարձր վարձատրություն է, բայց դե մյուս կողմից էլ ես նոր գործեր արդեն մի տեւական ժամանակ այլեւս չեմ վերցնում, հին գործերն էլ ավարտվում են: Մի խոսքով, դժգոհ չեմ վարձատրությունից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ