Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

Մայիս 22,2019 19:35

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարը քննարկելու համար:

Փոխվարչապետը ներկայացրել է հյուրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման ամփոփման ընթացքը և անդրադարձել է իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրած բարեփոխումներին՝ համարելով դրանք առաջնային երկրի զարգացման տեսանկյունից:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով: Ավելացված ռեսուրսները աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին:

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու և դրան մասնակից լինելու համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031