Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, որ դատարանները շրջափակելու կոչը ՀՀ միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված էր եւ դրա համար միջազգային որոշ կազմակերպություններ բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին, ասել էր՝ «Ես շատ կուզեմ, որ Նաիրա Զոհրաբյանը շեշտի, թե ի՞նչ տեղեկատվության մասին է նա ասում: Հետեւելով բոլոր պաշտոնական հայտարարություններին, որ տեղի են ունեցել, ՀՀ վարկանիշի հետ որեւէ խնդիր չի եղել: Կոչ եմ անում տիկին Նաիրա Զոհրաբյանին ավելի փաստարկված խոսել»: Նա վկայակոչելով ԵԽԽՎ երեկվա հայտարարությունը, նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ասաց «Մենք տեսնում ենք արձագանքը, երկու կողմից էլ ողջունվում է»:
Այսօր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում Սոնա Ղազարյանին փոխանցեց. «Ես նշյալ պատգամավորին սիրով ամենայն մանրամասնությամբ իմ շատ սուղ ժամանակից ժամանակ կհատկացնեի, կբացատրեի իր կարդացած տեքստերի բովանդակությունը ե՛ւ ԵԽԽՎ համազեկուցողների, ե՛ւ Եվրոպական խորհրդարանի «Հայաստան – ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» համանախագահ Սաջադ Քարիմի հայտարարությունը, հատուկ լիկբեզ կանցկացնեի իր համար, որպեսզի հասկանա կարդացածը, որպեսզի դատապարտող հայտարարությունը սատարող հայտարարությունից կարողանա տարբերել: Բայց քանի որ ես հասկացա, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք լուրջ ընկալունակության պրոբլեմի հետ, ուստի ցանկացած լիկբեզ եւ ցանկացած բացատրական աշխատանք առնվազն այս դեպքում անիմաստ է: Այնպես որ ավելի լավ է ես իմ սուղ ժամանակը ծախսեմ շատ ավելի կարեւոր խնդիրների վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ