Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենրիկ Հովհաննիսյան. «Երրորդ դասարանի մակարդակով մագիստրատուրայում նստած են»

Մայիս 22,2019 19:01

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի ընտրությունների ժամանակ, երբ կառավարման խորհրդում ներկայացված ուսանողները պատեհ-անպատեհ ընդհատում էին մյուսներին, ու անընդհատ շեշտում էին, որ ինստիտուտն իրենցն է, իսկ մեկ այլ ագրեսիվ խումբ դրսում աղմկում էր,  խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին: Նա  ասաց, որ ինքը տարիքով բոլորից մեծ է, կոչումներով էլ, վաստակն էլ  քիչ չէ եւ այս ինստիտուտը նաեւ իրենն է:

«Ես այս ինստիտուտն ավարտել եմ 1958թ. եւ այդ ինստիտուտում սովորել եմ կարգապահություն: Ես այս ինստիտուտում սովորել եմ կեցվածք ու պահվածք, այս ինստիտուտն ինձ տվել է արտիստիզմ, մինչդեռ ես այստեղ չեմ տեսնում դա…

Շատ հեշտ է ասել ուսանողություն, ուսանողություն, ուսանողություն…Բայց մենք գիտենք ձեր դիպլոմայինների մակարդակը…Գիտենք մագիստրատուրայի մակարդակը, շատ լավ գիտենք… Երրորդ դասարանի մակարդակով մագիստրատուրայում նստած են: Գիտենք ուսանողական պարտականություն ասվածը…Մարդիկ դասի չեն գալիս օրերով»,-ասաց պարոն Հովհաննիսյանը

Անդրադառնալով ուսանողներից ոմանց այն դիտարկմանը, թե ինչու է Լիլիթ Արզումանյանը ինստիտուտում փոփոխությունները սկսել վերանորոգումից, Հենրիկ Հովհաննիսյանը հավելեց. «Ամեն ինչ սկսվում է աշխատանքի միջավայրը մաքրելուց…Լիլիթը սկսել է նորոգումից, միջավայրը պետք է մաքուր լինի, չի կարելի աղբանոցում աշխատել: Միջավայրը պետք է տրամադրի մարդուն, թե ինչպես պահի իրեն..

Իմ ղեկավարած 14 դիսերտացիաներից մեկը  վերնագրված էր «Զգեստի իմաստային եւ խաղարկային ֆունկցիաները թատրոնում»…Այո, զգեստն ունի իմաստային ֆունկցիա, որովհետեւ զգեստն ուղղված է դիմացինին: Եթե մոդա է պատռված ջինսը, դա նշանակում է արհամարհանք միջավայրի հանդեպ, թքել եմ ձեր վրա… Մինչեւ կարգի չկա մարդու տեսքը, մինչեւ մարդն իրեն պահել չիմանա…Այ հիմա ձայներ եմ լսում միջանցքից…Այս ինստիտուտում տոնի կուլտուրա մշակվե՞լ է, բեմական խոսք առարկան կատարե՞լ է իր ֆունկցիան…Բոլոր թատերական ինստիտուտներում մարդուն նախ սովորեցնում են խոսել…»,-ասաց Հենրի Հովհաննիսյանը:

Արվեստի երախտավորը նշեց, որ Լիլիթ Արզումանյանին ճանաչում է մի քանի տասնյակ տարի, գիտի, որ նա ազնիվ է եւ սկզբունքային, ունի կառավարչական հմտություններով, եւ ինքը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում կմնա, եթե Լիլիթ Արզումանյանը շարունակի պաշտոնավարել

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031