«Քո ասելով չի իմ սուս մնալը»,-«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս խոսքերով դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրանք չէին ընդունում «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ միմյանց մոտեցումները: «Նիստը վարողի գործառույթը քեզ վրա մի վերցրու»,-նկատողություն արեց Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանին:
«Չի կարելի է, էլի»,-իր հերթին նետեց Հայկ Սարգսյանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ Սիմոնյանին եւ Սարգսյանին հորդորեց չվիճել եւ պատգամավորների՝ հարցի վերաբերյալ ելույթները չընդհատել:
Երբ Հայկ Սարգսյանը վիճակագրություն էր ներկայացնում խաղադրույքների վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ընդհատեց նրա ելույթը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Մի ընդհատեք, պարոն Սիմոնյան ջան»: «Չեմ ընդհատում, հուշում եմ»,-հակադարձեց Ալեն Սիմոնյանը:
Կարդացեք նաև
«Հայկն իմ մտերիմ ընկերն է, մենք պարզապես հարցը հրապարակային քննարկում ենք, մենք որեւէ խնդիր չունենք իրար հետ»,-լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ալեն Սիմոնյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ